ՙՌՈԲԻ ՎԿԱՆԵՐԸ ԿԱՐՈՏԵԼ ԵՆ ՆՐԱ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՆՐԲԵՐՇԻԿԻ ՑԵԼԱՖՈՆԵ ՊԱՏՅԱՆԸ՚
Արխիվ 12-16ՙՌՈԲԻ ՎԿԱՆԵՐԸ ԿԱՐՈՏԵԼ ԵՆ ՆՐԱ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՆՐԲԵՐՇԻԿԻ ՑԵԼԱՖՈՆԵ ՊԱՏՅԱՆԸ՚
Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել ոչ իշխանական քառյակում: Այս օրերին, երբ ԲՀԿ-ն (դե, որտեղ ասում ենք ԲՀԿ, ՀԱԿ-ն էլ հետն է) ու ՀՅԴ-ն, երբ զբաղված են 60-ամյա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ձոնելով, ՙԺառանգությունը՚ փակել է աչքերն ու բացել բերանը` հիշեցնելով քոչարյանական իրական տարիները: Սակայն, այստեղ էլ ՙԺառանգությունն՚ է երկփեղկվել: ՙԺառանգության՚ խորհրդարանական ներկայացուցիչները, ովքեր շարունակում են քաղաքական ՙսիլի-բիլին՚ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի հետ, Ռ. Քոչարյանի մասին շատ չեն բարձրաձայնում, մինչդեռ ոչ խորհրդարանական ՙԺառանգության՚ ներկայացուցիչների ՙլեզվի տակ ոսկոր չկա՚: ՙԺառանգություն՚ կուսակցության կարկառուն ներկայացուցիչ ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ քոչարյանական հարցազրույցից ու մի քանի հեռուստատեսություններով պտտվող ՀՀ երկրորդ նախագահի մասին ֆիլմից հետո, իր պարտքն է համարում գրեթե 3 ժամը մեկ ֆեսյբուքյան գրառում թողնել այդ մասին:
ՙՆյարդերս չեն հերիքի Ռոբերտ Քոչարյանի մասին ՙթրիլլերը՚ նայեմ: Չնայած, այդ ի±նչ պետք ա ցույց տան, որ չիմանանք: Հակառակը, ինչպես հասկանում եմ նյուզֆիդից, ահագին բաներ ցույց չեն տվել, որ մենք գիտենք, օրինակ, թե ինչպես է մարտի 1-ին, հոկտեմբերի 27-ին նա ապահովել է մարդասպանության երկնիշ աճ, կամ ինչպես է իր տարիներին երկնիշ աճով բազմապատկել օլիգարխների թիվը, ովքեր ՙգլխին օթախ էլ չունեին՚ (որակումը Ռոբերտ Քոչարյանի մորն է` նրա մասին), բայց հանկարծ դարիս մեծահարուստները դարձան: Ինչպես այդ տարիներն քոչարյանականները Կարեն Դեմիրճյանի համակիրներին էին մեղադրում, որ նրանք կարոտել են սովետական երշիկը, հիմա Ռոբի վկաները կարոտել են նրա ժամանակների նրբերշիկի ցելաֆոնե պատյանը, որից մեկ-մեկ թույլ էին տալիս լպստել ՙերկնիշ տնտեսական՚ աճի մասին պրոպոգանդայի պետական ծրագրին մասնակցության շրջանակներում՚,- գրել է Ս.Սաֆարյանը: Ապա ժամեր անց նույն ոգով շարունակել. ՙՀոկտեմբերի 27-ից հետո հանրությանը անմիջապես ուղերձով չդիմելու պատճառ Ռոբերտ Քոչարյանը վկայակոչեց ՙթրաշված չեմ եղել՚ դարակազմիկ միտքը: Իսկ ընդհանրապես, դրանից հետո էլ, նա առնվազն ներողություն չխնդրեց, որ, ասենք, իր կառավարման պայմաններում նման բան հնարավոր է եղել: Նա ասաց, թե ինքը ՙզոհ՚ է, իսկ նրա քարոզիչներն էլ նրա մեղսակցությունը բացառելու համար շարունակում էին այդ թեզը: Ու սա այն դեպքում, երբ չենք խոսում այն մասին, թե նա ինչ առնչակցություն ուներ պետության ողնաշարը կոտրած այդ հանցագործության հետ: Ու հիմա ի±նչ հեքիաթ եք մոգոնում նրա համար... Ի±նչ առավելությունների մասին եք խոսում: Հայաստանն ավելի խայտառակ ղեկավար չի ունեցել, քան նա...՚:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Քոչարյանասեր քառյակի (կամ արդեն եռյակի) ականջն էլ կանչի:

