ԲՌՆՈՒՄ ԵՆ ԱՅՆ ԿՐՊԱԿԱՏԵՐԵՐԻՆ, ՈՐՈՆՔ «ԱԴԱՄՍԻՑ» ՉԵՆ ՕԳՏՎՈՒՄ .«ՌԵՔՈ ՌԵՔՈՐԴՍՆ ՈՒ «ԱԴԱՄՍԸ» ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՄԻ
Արխիվ 12-16ԲՌՆՈՒՄ ԵՆ ԱՅՆ ԿՐՊԱԿԱՏԵՐԵՐԻՆ, ՈՐՈՆՔ «ԱԴԱՄՍԻՑ» ՉԵՆ ՕԳՏՎՈՒՄ .«ՌԵՔՈ
ՌԵՔՈՐԴՍՆ ՈՒ «ԱԴԱՄՍԸ» ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ
Օրեր առաջ մի քանի տեսա և ձայնասկավառակներ վաճառող կրպակատերեր իրենց փաստաբան Տիգրան Մուրադյանի հետ հրապարակավ բարձրաձայնել էին «Ադամս» ընկերության կողմից կատարվող ապօրինությունների մասին: Նրանք պնդում են, որ ամեն կերպ այդ ընկերությունն փորձում է շուկայում մենաշնորհային դիրք զբաղեցնել:
Կրպակատերերը գրավոր բողոք են ներկայացրել դատախազություն՝ պահանջելով պարզել՝ Արաբկիրի և Մալաթիայի բաժինների աշխատակիցների կողմից «Ադամս» ընկերության աշխատակցի ցուցումով կրպակներից քանի սկավառակներ են վերցրել, որոնք չեն պատկանում «Ադամս» ընկերությանը:
«Իրավունքի» հետ զրույցում «Ադամս» ընկերության տնօրեն Արշավիր Առաքելյանը, ով կրպակատերերի շրջանում հայտնի է Նվեր անունով (ինչպես ինքն է ասում՝ծնողներն ու հարազատներն իրեն նաև Նվեր են ասել և ավելի շատ այդ անունով են իրեն ճանաչում) ասաց, որ կրպակատերերի մեղադրանքներն իրականությանը չեն համապատասխանում. «Մեր ընկերությունը պայքարում է իր հեղինակային իրավունքների, ոչ թե մենաշնորհային դիրք հաստատելու համար: Մի քանի անգամ կրպակատերերի զգուշացրել եմ, որ մի վաճառեք այն արտադրանքը, որը բացառիկ հեղինակային իրավունքով պատկանում է մեզ: Մեր ընկերությունը պայմանագիր է կնքել « Paramount Pictures», «Warner Bros», «Soni Pictures», ինչպես նաև «Կարեն» ստուդիոյի հետ, որի հայկական արտադրանքի վաճառքի բացառիկ իրավունքը թե՛ ՀՀ-ում, թե՛ ԼՂՀ-ում պատկանում է մեզ: Ավելին ասեմ՝ այդ ստուդիայի արտադրանքը ստվարաթղթով է փաթաթված, ավելի թանկ է՝արժե 1000 դրամ, իսկ կրպակատերերի ապրանքը՝ 700-1000 դրամ»:
Մեղավոր է « Ռեքո Ռեքորդսը»
Ինչ վերաբերում է Առնոլդ Շվարցենեգերի հետ կնքած պայմանագրին, «Ադամս» ընկերության տնօրենի խոսքով՝ ոչ թե Շվարցենեգերի, այլ նրա ֆիլմերն արտադրող կինոընկերության հետ է պայմանագիր կնքել: «Կոնկրետ «Տերմինատոր» ֆիլմերի վաճառքը մեզ է պատկանում»,- մանրամասնեց պրն Առաքելյանը:
Ընկերության տնօրենը վստահ է՝այս ողջ աղմուկի ետևում կանգնած է «Ռեքո Ռեքորդս» ընկերությունը՝ ի դեմս ընկերության տնօրենԴավիթ Խանոյանի. «Այդ կրպակատերերը ցանկանում են կեղծ արտադրանք վաճառել, որի իրավունքը չունեն: Իրենք դրոշմապիտակի փաստն են մեջտեղ բերում, բայց դրանք փակցվել են «պիրատ» դիսկերի վրա: Մենք առգրավվել ենք այն ձայնասկավառակները, որոնք ակնհայտ ցույց են տալիս՝ խախտվել են մեր հեղինակային իրավունքները»:
Ո՞վ է կանգնած «Ադամս» ընկերության ետևում, որի շնորհիվ այս կազմակերպությունը փորձում է ձայնա ու տեսակավառակների ոլորտում ավելի կայուն դիրք ունենալ: «Եթե ժամանակ ունենաք, եկեք տեսեք՝ես ինչ պայմաններում եմ ապրում, Դավիթ Խանոյանը՝ ինչ պայմաններում: Ում ապրանքը որ առգրավվել ենք, դա կրպակատեր Աշոտ Մարտիրոսյանը չի արտադրում, այդ ապրանքները գնվել են «Ռեքո Ռեքորդսից»»,- պատասխանեց «Ադամս» ընկերության տնօրենը՝այսպիսով հերքելով այն խոսակցությունները, թե իր ետևում ինչ-որ պաշտոնյաներ են կանգնած:
Արշավիր Առաքելյանը մտավախություն չունի, որ դատախազությանն ուղղված կրպակատերերի բողոքը այնպիսի ընթացք կստանա, որից կտուժի ինքը. ամեն ինչ կատարվել է օրենքի սահմաններում:
ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ ՀԱՐՑԸ ՉԻ ԼՈՒԾՎԻ
«Ռեքո Ռեքորդս» ընկերության հիմնադիր տնօրեն Դավիթ Խանոյանը, մեզ հետ զրույցում լսելով իր և իր ընկերության հասցեին հնչեցրած մեղադրանքները, ծիծաղեց, ապա ասաց, որ «կրպակատերերին իր համար չեն բռնում, այլ «Ադամսի»»: «Ես այդ պատմության հետ ոչ մի կապ չունեմ»,- վստահեցնում է ընկերության հիմնադիրը:
Դավիթ Խանոյանն էլ իր հերթին պնդում է, որ «Ադամս» ընկերությունը փորձում է դաշտում մենաշնորհային դիրք զբաղեցնել. «Գնում-բռնում են այն կրպակատերերին, որոնք «Ադամսից» չեն օգտվում: Որքանով ես գիտեմ, ոստիկանների հետ «Ադամսի տնօրենը գնում է ձայնա և տեսասկավառակներ վաճառողների մոտ և ասում ՝ պետք է գաք ինձնից գնեք ձայնասկավառակները 300% ավելի բարձր գնով»:
Ըստ «Ռեքո Ռեքորդս» ընկերության տնօրենի՝ ձայնա ու տեսասկավառակների շուկայում այս խնդիրները միշտ եղել են, բայց ոստիկանական մեթոդներով հարցը չի լուծվի, կյանքը դա է ցույց տվել.« Պետք է դատական կարգով այդ խնդիրները լուծել: «Իմ արտադրանքն էլ կեղծում են ու վաճառում շուկայում: Ու դա դժվար է ապացուցել»:
Որպես լուծում Դավիթ Խանոյանն առաջարկում է հետեւյալը. «Դրոշմապիտակներն արժեն 7,5 դրամ, բայց կարելի է դրանք վաճառել ավելի թանկ գնով, միանգամից փոխանցումներն արվեն հեղինակներին. պիրատության հարցն էլ կլուծվի, հեղինակների իրավունքների պաշտպանության խնդիրը եւս»:
Սոնա Դավթյան

