ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍ ՍԵԶՈՆԻՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԳՈՒՄԱՐ ՎԱՍՏԱԿԵԼ, ՀԱԿԱՌԱԿ ԴԵՊՔՈՒՄ ԿՍՆԱՆԿԱՆԱՆ
Արխիվ 12-16ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍ ՍԵԶՈՆԻՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԳՈՒՄԱՐ ՎԱՍՏԱԿԵԼ, ՀԱԿԱՌԱԿ
ԴԵՊՔՈՒՄ ԿՍՆԱՆԿԱՆԱՆ
Վերջին օրերին «Իրավունքի» խմբագրություն էին զանգահարել մի խումբ քաղաքացիներ, որոնք դժգոհում էին Հայաստան-Ռուսաստան ինքնաթիռի տոմսերի գների բարձրացումից: Քաղաքացիներից մեկի տեղեկացմամբ 70.000 դրամ արժողությամբ տոմսը մի քանի օր առաջ ինքը ստիպված է եղել գնել 180.000 դրամով: Ինչո՞վ է պայմանավորված տոմսերի այսպիսի գնաճը, արդյոք Վերին Լարսի անցակետի փակ լինելը հնարավորություն է ընձեռել որոշ ավիաընկերությունների՝ տոմսերի գինը կրկնակի բարձրացնելու:
Քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Ռուբեն Գրձելյանն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ քաղավիացիայի վարչությունը չի զբաղվում և չի վերահսկում ավիատոմսերի գնագոյացման հարցերով: «Մենք միայն տրամադրում ենք լիցենզիաներն ու թույլտվությունները: Իսկ ավիատոմսերի գները որոշում է շուկան»,- ասաց մամլո քարտուղարը:
Մամլո քարտուղարի խոսքով՝ գնագոյացման հարցը բարց գործընթաց է .«Ցանկացած ավիաընկերություն սկզբում վաճառում է էժան տոմսերը: Երբ թռիչքին մնացել է երեք- չորս օր, արդեն մնում են տվյալ չվերթի թանկ տոմսերը»:
Փորձեցինք կապ հաստատել նաև մի քանի ավիաընկերությունների հետ՝պարզելու՝արդյոք վերջին մի քանի օրերին իրենց ընկերությունը բարձրացրել է տոմսերի գինը: Լսելով, որ իրենց զանգահարել է լրատվամիջոցի ներկայացուցիչ, ընկերությունների ներկայացուցիչները խուսափողոկան պատասխան տվեցին՝ասելով, որ տնօրենն այս պահին ժողովի է: Որքան էլ զարմանալի թվա, պատասխան չստացանք նաև «Աէրոֆլոտ» ռուսական ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսեյ Ռուդիխից, ով խորհուրդ տվեց զանգահարել Մոսկվայում գտնվող իրենց ընկերության մամլո ծառայություն: Պարզաբանում ստացանք միայն «Էյր Արմենիա» ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Սիմոն Ավագյանից: Վերջինիս խոսքով՝ տոմսերի կտրուկ գնաճը հարաբերական հասկացություն է. «Կա պահանջարկ և առաջարկ, կա մեծ մրցակցություն շուկայում: ՀՀ կառավարությունը հայտարարել է բաց երկնքի քաղաքականություն, որը հնարավորություն է տալիս ազատականացնել գնագոյացման գործընթացը: Հիմա ավիատոմսերի մեծ պահանջարկ կա շուկայում: Ավիաընկերությունները փորձում են գումար վաստակել այս սեզոնին, որպեսզի կարողանան գոյատևել , հակառակ դեպքում կսնանկանան: Սկզբում ուղեւորները գնում են ցածր արժեք ունեցող տոմսերը, հետո մնում են թանկ տոմսերը: Օրինակ, երկու օր առաջ հոկտեմբեր ամսվա Երևան- Մոսկվա ավիատոմսը մեկ անձի համար վաճառվել է 150.000 դրամով, որը ներառում է մեկնումն ու վերադարձը»:
Սիմոն Ավագյանի խոսքով՝ բնական է, որ այս սեզոնին ավիատոմսերի գնաճ է արձանագրվում, քանի որ կա պահանջարկ, բայց ավիատոմսերի բարձր գներն այդքան էլ կապ չունի Վերին Լարսի անցակետի հետ, որը բացվել է միայն երկու օր առաջ:
Սոնա Դավթյան

