Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱԼՈՒ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՄ. ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅՏԱՐ
Արխիվ 12-16Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱԼՈՒ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՄ. ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ
ԱՐՁԱԳԱՆՔԸ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում հայտարարել էր, որ ամենևին չէր խանգարի դադարեցնել աշխատանքային շաբաթվա կազմալուծումը բազմաթիվ մեռելոցներով և վերադառնալ նախկին ժամային գոտի: «Իրավունքը» հոգևորականներից պարզեց՝ ինչպե՞ս են արձագանքում երկրորդ նախագահի այս հայտարարությանը
Արցախի թեմի առաջնորդ Պարգեվ սրբազանը մեզ հետ զրույցում հիշեցրեց՝ տարվա կտրվածքով հինգ մեռելոցի օր ունենք: Այդ օրերին մարդուն ժամանակ ենք տալիս ներկա լինել պատարագին, այցելել գերեզմանոց և տաղավար տոնի լուրը փոխանցել: «Ինչ տարբերություն մենք շաբաթ օրն աշխատենք, թե երկուշաբթի: Աշխատանքային ռեժիմն այստեղ չի խափանվում, բայց հոգևոր առումով ազգը շահում է որպես առաջին քրիստոնյա ազգ: Եթե մենք առաջնորդվենք այդ մտածելակերպով, դե կներեք, եկեք ապրիլի 24-ն էլ կրճատենք, չգնանք Ծիծեռնակաբերդ»,-ասաց սրբազանը:
Մտահոգիչ չէ՞, որ մեռելոցների թիվը աշխատանքայի օրերի վերածելու առաջարկությամբ հանդես է գալիս նախկին նախագահը: Դա ընդամենը իր կարծիքն է, ամեն մարդ իրավունք ունի ազատ արտահայտել իր կարծիքը:
Հայորդաց տների տեսուչ-տնօրեն Կոմիտաս վարդապետ Հովնանյանի կարծիքով էլ մեռելոցներով մենք հարգում ենք մեր նախնյաց հիշատակը: «Կցանկանայի այդքան չվարկաբեկեին իրենց ազգային դիմագիծը, որովհետև այն անձը, որը քննադատում է իր ազգային արժեքները, առաջին հերթին քննադատում է ինքն իրեն և ցույց տալիս, որ ազգային առումով ինչ-որ բան իր մոտ տկար է»,- պատասխանեց վարդապետը:
Նախկին նախագահի մակարդակով հնչեցված այս հայտարարությունը մեր զրուցակիցը մեսիջ հանրությանը չի համարում: «Դա խոսում է այն մասին, որ 70 տարվա անաստվածությունը իր հետքը թողնում է այս օրերի վրա: Մեր անկախությունը վերականգնելով՝ պետք է վերականգնեիք մեր ազգային ոգին, ազգային սովորույթներն ու ավանդույթները, որոնցից հրաժարվելով՝ մենք հրաժարվում ենք մեզանից»,-պարզաբանում է Կոմիտաս վարդապետը:
Հետաքրքիր է՝ի՞նչ խորհուրդ կտա հոգևորականը Ռոբերտ Քոչարյանին: «Ես Ռոբերտ Քոչարյանին ոչ մի խորհուրդ տալու տրամադրություն չունեմ, քանի որ ամեն մեկը հայտնում է իր տեսակետը: Ես հայտնեցի իմ տեսակետը»,- եզրափակեց Հայորդաց տների տեսուչ-տնօրենը:
Սոնա Դավթյան

