ԻՆՉՈ՞Ւ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԻՐ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՉՄՈՌԱՑԱՎ ԻՐ ԵՎ ԻՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ
Արխիվ 12-16ԻՆՉՈ՞Ւ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԻՐ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՉՄՈՌԱՑԱՎ ԻՐ ԵՎ ԻՐ ԸՆՏԱՆԻՔԻ
ԱՆՁՆԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, այսօր «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, ասաց, որ ներկայիս իրավիճակի մասին հնչեցված քննադատությանը ինքը համաձայն է:
Սակայն Քոչարյանը, ըստ քաղաքական գործչի, չպետք է մոռանալ նաև իր ղեկավարած տարիներին արձանագրված բացթողումները, որոնք հանգեցրին ներկայիս վատ վիճակին: Քոչարյանի ժամանակ տեղի չունեցավ կառավարման համակարգի ինստիտուցիոնալացում, ավելի շատ նա հիմնվեց անձերի վրա, մոնոպոլացվեց ամեն ինչ:
Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ Քոչարյանը փորձում է իր ղեկավարման ժամանակաշրջանն ամեն կերպ դրական ներկայացնել, որն իրականությանը չի համապատասխանում: «Իր ժամանակ մեծ թափով ընթացավ սեփականաշնորհման գործընթացը, որի շնորհիվ հարստացան չինովնիկներն ու իշխանության ներկայացուցիչները՝ իրենից սկսած: Այդ ժամանակ քաղաքացիների գրպանը մտնելու կարիք չկար»,- ասաց Մարտիրոսյանը:
Ինչ վեչաբերում է հարցազրույցում հնչեցված այն նախադասությունը, թե որոշ ժամանակով պետք է մոռանալ անձնական շահերը, կուսակցության փոխնախագահի խոսքով՝ առաջին հերթին Քոչարյանը պետք է այդ նախադասությանը հետևեր, բայց եղավ հակառակը. նա չկարողացավ իր անձը մոռանալ:
Հասարակությունը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահի խոսքով, թեև դժգոհ է իշխանություններից, բայց չի ցանկանում ետ նայել, քանի որ Քոչարյանի ղեկավարման տարիներին բացասականն ավելի շատ էր, քան դրականը: «Մարտի մեկն այնպիսի խոր հետք է թողել, որ չեմ կարծում՝ Քոչարյանը քաղաքական ակտիվ գործընթացներին մասնակցելու հնարավորություն ունի: Ցանկացած նախագահ իր դրական ու բացասական կողմերով հանդերձ, պետք է իր ղեկավարումից հետո մնա ավագ խորհրդատուի դերում»:
«Քառյակ»-Քոչարյան համագործակցության մասին խոսելիս կուսակցության փոխնախագահն հավաստիացնում է՝ «Քառյակի» օրակարգում Քոչարյանի խնդիր չկա:
Սոնա Դավթյան

