ՙԱՆՃԱՇԱԿՈՒԹՅՈՒՆ, ԳՌԵՀԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱԾԵԼՈՎ` ՍԵՐՈՒՆԴ ԵՆՔ ԿՐԹՈՒՄ
Արխիվ 12-16Ծախում էի շուկայում մի ձու,
Հանդիպեցի մի գյուղացու,
Ոտքերը ծուռ,
Ձեռքերը ծուռ,
Տրորեցի ոտքը նրա,
Եվ նա ընկավ քթի վրա:
Գրված ՙհանճարեղ՚ տողերը ընթերցելուց հետո առաջին հայացքից կթվա, թե ինչ-որ մեկն անգործ է մնացել եւ որոշել է անիմաստ բառեր շաղկապել ու սպասել, թե ինչ կստացվի: Իրականում այդ անիմաստ բառերով շաղկապված նախադասությունները, ոչ ավել, ոչ պակաս, բանաստեղծություն են, այն էլ` մանուկների համար: Մարդուն ծաղրող այս բանաստեղծություններով ողողված է համացանցն ու կոչվում են մանկական գրականություն: Կարդալով բանաստեղծությունը` չգիտես մեղադրես հեղինակի±ն, թե հրատարակողին: Սա մեծ խնդիր է` օրեցօր նման գրությունները շատանում են եւ հայտնվում գրախանութներում: Ցավալին այն է, որ երխաներին գրավելու համար նման գրքերն այնպես են նկարազարդված, որ անկախ ամեն ինչից` գայթակղում են մանուկներին: Թե դեռ որքան կշարունակվի այս անճաշակության տարածումը մանուկների շրջանում, ու դեռ քանի± հոգի այսպիսի բանաստեղծություններ գրելով` իրեն կհռչակի մանկագիր, պարզ չէ, բայց մի բան հստակ է` ինչպես կանխել այն.
ՀՀ Գրողների միության նախագահ, մանկագիր ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ- Այս ժանրն ունի հոգսեր, նախ` Հայաստանում մնացել է 5-6 մանկագիր, նրանք էլ ծերացել են, իսկ երիտասարդներն էլ չեն գրում: Այսօր պատահական շատ գրքեր են հրատարակվում, որոնց դիմաց վճարում են հեղինակները: Իմ կարծիքով` այդպիսի գրքերը պետք է լավ խմբագրվեն ու աշխատեն այդ հեղինակների հետ, որպեսզի թերի եւ կարճամիտ գրքերը չհամարվեն մանկագրություն եւ ներկայացվեն երեխաներին: Գրողների միությունը միայն որակի առումով կարող է կարծիք հայտնել, եթե, իհարկե, մեզ դիմեն, իսկ եթե չդիմեն, ՙայլ՚ հետաքրքրություններով տարված գրողների նկատմամբ մենք ի±նչ որոշում պետք է կայացնենք: Գրողների միությունը ի±նչ իրավունքներ ունի, որ հրատարակիչներին ստիպի, թե այս կամ այն ձեւով գործն արեք: Կան գրքեր մեր միության կողմից հրատարակված, կան պետական աջակցությամբ հրատարակված գրքեր, եւ կան այնպիսի գրքեր, որոնց դիմաց հեղինակն է վճարում ու հրատարակում:
Երեւանի Գրողների միության նախագահ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ- Այս հարցն այսօր դարձել է շատ անհանգստացնող: Իրոք, մանկական նման գրականությունը լուրջ խնդիր է մեզ համար: Սերունդ են կրթում անճաշակություն, գռեհկություն եւ այլանդակություն տարածելով: Տարիներ առաջ գրականության ոլորտում տիրող իրավիճակի մասին մենք ահազանգեցինք, այսօր մանկական գրականության ոլորտը դարձել է մի վայր, որտեղ ամեն ոք կարող է այլանդակություն եւ անճաշակություն թելադրել: Ու այս ամենը, որոշ դեպքերում, մտնում է նաեւ դասագրքերի մեջ: Անհրաժեշտ է հատուկ վերահսկողություն սահմանել գեղարվեստական գրականության եւ հատկապես մանկական գրականության հրատարակության ոլորտում: ՀՀ մշակույթի նախարարությանը կից պետք է ստեղծվի հատուկ փորձագիտական խումբ, որը կանդրադառնա եւ պատասխան կտա այդ խնդիրների վերաբերյալ: Այժմ դաշտը անվերահսկելի է, եւ ցանկացած ոք կարող է թույլ տալ ցանկացած արարք: Մենք կխոսենք Գրողների միության նախագահի հետ եւ նրա աջակցությամբ քայլեր կձեռնարկենք: Կարծում եմ` այս հարցում Մշակույթի նախարարությունը նույնպես մեզ կաջակցի: Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում թերթին նույնպես տեղյակ կպահենք, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել այս ոլորտում:
Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

