ՙՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ ՊԵՏՔ Է ՄԻՇՏ ՔՆՆԱԴԱՏԻ, ԲԱՅՑ ԼԱՎ ԲԱՆՆ ԷԼ Է ՊԵՏՔ ՏԵՍՆԵԼ՚
Արխիվ 12-16Բոլոր ժամանակներում էլ հայ մտավորականությունն անտարբեր չի եղել երկրում կատարվող իրադարձությունների նկատմամբ: Ավելին` ընբոստ ու քննադատող հայտարարություններով եւ կարծիքներով փորձել է կայունացնել երկրի վիճակը: Վերջին շրջանում կարծես ամեն ինչ հակառակն է` մտավորականները լռում ու աչք են փակում յուրաքանչյուր երեւույթի վրա: ՀՀ ժողովրդական արտիստ, կինեմատոգրաֆիստների միության նախագահ ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՑՆ ՙԻրավունքի՚ հետ զրույցում չհամաձայնելով` հավելեց, որ հայ մտավորական էլիտան ոչ թե լռում, այլ արտահայտվում է քննադատությամբ.
ՙԲոլորն արտահայտվում են քննադատությամբ: Պետք է մտավորականը միշտ քննադատի, բայց լավ բանն էլ է պետք տեսնել, ախր չի կարելի այդպես: Գիտեք մեր ցավն ինչումն է, որ ՀՀ քաղաքացին ու մտավորականը դժբախտաբար ՙազգային պատիվ՚ հասկացողությունը չունեն: Մարդը պետք է սիրի իր հայրենիքը, հասկանում եմ` անգործ նստած են մարդիկ ու աշխատանք են փնտրում, բայց պետք չէ վատաբանել քո երկիրը, որտեղ ապրում ես: Անընդհատ խոսել ու փնովել չի կարելի, որովհետեւ դա քո մայրն է: Հիմա քո մայրը հիվանդ է, վատ է, ոտքը լավ չէ, չի կարողանում քայլել, ձեռքը կոտրել է, ուրեմն` դու պիտի վատ բանե±ր ասես նրա հասցեին: Ախր այդպես չի լինում: Իմիջիայլոց, քննադատելն ամենահեշտ ձեւն է, բայց ինքդ ինչ ես արել այս երկրի համար: Օրինակ` ընկերոջս հետ Կասկադում նստում ենք սրճարանում, արգելված է, որ մեքենա մտնի այդ տարածք, բայց գալիս են մեքենաներով: Ինքս ամեն անգամ այսպես եմ վարվում. միանգամից զանգահարում եմ ոստիկանություն, ասում` այսպիսի մեքենա է կանգնած, եկե°ք, տարե°ք: Եվ չեմ կարծում, որ դա սխալ է: Բայց կա շատ հեշտ ձեւ` այդ մուտքերն ուղղակի փակվում են: Բոլոր երկրներն ունեն, որ այս ժամից այն ժամը փակվում է, հասարակ բան է, ինչո±ւ չեն անում: Կամ գնում ենք Երեւանից Սեւան ու ոչ մի տեղ չեք տեսնի, թե ինչ արագությամբ կարող ես վարել ավտոմեքենան: Ինչ է` անփութություն, թե հատուկ է արվում՚,- անհանգստացած նշեց Ռ. Գեւորգյանցը:
ՙԲԱ ԿԱՐԵԼԻ Է ԱՂԲԻ ՄԵՋ ՆՍՏԵԼ ՈՒ ՆԱՐԴԻ ԽԱՂԱԼ՚
Ըստ նրա` այսօր մտավորականին շատ անհանգստացնող հարցեր կան, սակայն պետք չէ ձեռքերը ծալած նստել. ՙԱյնքան բաներ կան, որ ցավ է պատճառում, էլ չեմ ասում աղբահանության խնդիրը. ինչքան կարողանում են` հավաքում են, բայց մենք էլ ժողովուրդ չենք, մեկը չկա ասի` ո±ւր ես այդ աղբը նետում: Վերջերս թաղում էի գնացել Մալաթիա թաղամասում, երկար շենք էր` 7 մուտքով, շենքի դիմաց կանգնած էի, մարդիկ նարդի, շաշկի են խաղում, իսկ շուրջն ամբողջ աղբ է լցված: Թաղապետին մի քանի օր է զանգահարում եմ, չեմ կարողանում բռնացնել, բայց լավ, դուք ժողովուրդ ե±ք, բա կարելի± է աղբի մեջ նստել ու նարդի խաղալ: Որովհետեւ չկա պետական մտածողություն: Ինձ ասում էին` դա գենետիկ բան է, որովհետեւ հազար տարի պետություն չենք ունեցել, բայց ուզում եմ օրինակ բերել Ղարաբաղը` Ստեփանակերտը, որտեղ մի հատ ծխախոտ չես տեսնի գցած, որովհետեւ իրենք սիրում են իրենց քաղաքը, պահպանում են: Այ, այդպես պիտի լինի: Շատ քիչ եմ լինում Սեւանի կղզում, վերջերս գնացել էի. բոմժանոց, կեղտի ու աղբի մեջ կորած է: Կան, իհարկե, կան մի քանի ռեստորաններ, որ իրենց տարածքը մաքուր են պահում, կան, որ վերցրել են տարածքն ու այդպես մնացել է: Գնում ես, կարծես մտնես Նիգերիա. ինչ-որ տարօրինակ մարդիկ են քրջոտ հագնված, ինչ-որ բաներ են գալիս խնդրում: Զբոսաշրջիկներ էի տարել, խայտառակ եղա: Եկա Երեւան, մի քանի պատգամավորի ասացի` այդ կղզու հարցը լուծեք, ամոթ է: Այ, եթե բոլորս ցավով վերաբերվենք այդ ամենին, առանց ինֆարկտ ստանալու, շատ լավ կլիներ: Ամենից ցավալին այն է, որ դա ուղղելը մի օրվա գործ է՚:
Ռ. Գեւորգյանցն առավել անհանգստացած է մեր գյուղերի եւ քաղաքների թուրքական անվանումներից. ՙ60 քաղաքների ու գյուղերի անվանում կարող եմ նշել, որ թուրքական անվանում ունեն: Ալավերդիից սկսած վերջացրած Արզականով: Լավ, Սովետի ժամանակ դժվար էր փոխելը, բայց 20 տարվա ընթացքում դժվար է±ր այդ անվանումները փոխել՚:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

