ՈՒՐԻՇԻ ՍՐԲԻՉՈՎ ՄԻ՛ ՍՐԲՎԵՔ, ՈՒՐԻՇԻ ՀՈՂԱԹԱՓԵՐ ՄԻ՛ ԿՐԵՔ
Արխիվ 12-16ՈՒՐԻՇԻ ՍՐԲԻՉՈՎ ՄԻ՛ ՍՐԲՎԵՔ, ՈՒՐԻՇԻ ՀՈՂԱԹԱՓԵՐ ՄԻ՛ ԿՐԵՔ
- Վարորդ եմ. ունեմ քոր, կարմրություն աճուկային մասում: Պարզվում է` սնկային ախտահարում է: Գերքրտնարտադրությունը կարո՞ղ է սնկային ախտահարման պատճառ հանդիսանալ: Ինչպե՞ս են ախտորոշում սնկային ախտահարումները: Վարակի՞չ է:
Հարցին պատասխանել է թիվ 2 բուժմիավորման մաշկաբան ԱՐՏԱԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ.
- Աշխարհում գնալով շատանում է սնկային հիվանդություններով վարակվածությունը, իսկ դա պայմանավորված է նրանով, որ մարդիկ ավելի շատ են գնում սպորտդահլիճներ, լողավազաններ, մատնահարդարների են շատ այցելում: Այս հիվանդությունների աճը ավելի շատ նկատվում է քաղաքաբնակների մոտ: Այն երկրները, որտեղ կյանքի որակն ավելի բարձր է, այնտեղ սնկային հիվանդությունների տարածվածությունն ավելի բարձր է...
Նպաստող պայմանները մի քանիսն են: Շոգ եղանակին` գերքրտնարտադրությունն է, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծում սնկերի բազմացման համար, թեպետ գոյություն ունեն սնկերի տեսակներ, որոնց համար եղանակային պայմանները նշանակություն չունեն: Այսինքն` խոսելով, որ ամռան ամիսներին շատանում են սնկային ախտահարումները, պետք է վերագրել աճուկային մասում զարգացող սնկերին, մեծ կոնքերի շրջանի սնկերին, կանդիդոզին, ոտնաթաթի սնկերին, որոնց առաջացման պատճառներից հիմնականը բարձր ջերմաստիճանն ու խոնավ պայմաններն են:
Սնկային ախտահարում ձեռքբերելու երեք հիմնական տեսակ են տարբերում. անտրոպոնոզ, զոոանտրոպոնոզ եւ գեոֆիլ:
Անտրոպոնոզը փոխանցվում է մարդուց մարդուն, այսինքն` հիվանդ մարդու հետ սերտ շփումից: Զոոանտրոպոնոզի ժամանակ մարդը վարակվում է կենդանիներից` շուն, կատու, խոշոր եւ մանր եղջերավոր անասուններ: Գեոֆիլ տեսակի սունկ մարդը կարող է ձեռք բերել հողից: Սովորաբար, այս տեսակի սնկային ախտահարումով մաշկայինին դիմում են այգեգործները կամ հողի հետ սերտ շփվող մարդիկ:
Սնկային ախտահարումներն իրենց կլինիկական ընթացքով շատ տարբեր են լինում. գոյություն ունեն սնկերի տեսակներ, որոնք ախտահարում են մաշկի եղջերային շերտը: Մաշկի վրա ի հայտ են գալիս շագանակագույն բծեր: Աճուկային, ոտնաթաթի սնկերի ժամանակ մարդու մաշկը կարմրում է, առաջանում է քորի, այրոցի զգացողություն, կարող է ընթանալ թեփոտումով (սպիտակավուն մանր թեփուկներ են առաջանում):
Տարբերում ենք եղանակ սնկային ախտահարումների դեմ պայքարելու` երկու հիմնական. անհատական եւ հասարակական: Առաջինի դեպքում յուրաքանչյուրը պետք է ունենա իր անձնական օգտագործման պարագաները` սանր, գլխարկ, գլխաշոր, սրբիչ, լաթիկներ, կոշիկներ:
Հասարակականի դեպքում ռիսկային գոտիներում, որտեղ սնկով վարակվելու հավանականությունը մեծ է, պետք է պարբերաբար կատարվեն ստուգումներ: Օրինակ` լողավազան, սպորտդահլիճ հաճախող բոլոր մարդիկ պետք է պարտադիր ենթարկվեն բժշկական հետազոտության:
Լողավազաններում պետք է լինի ջրային գորգեր հասկացողությունը: Այսինքն` լողավազան մտնելուց առաջ յուրաքանչյուրը պետք է իր ոտքերը թաթախի հականեխիչ լուծույթի մեջ:
Սնկային թեփուկներով աղտոտված յուրաքանչյուր սպիտակեղեն, հագուստ, ոտնաման վարակի պոտենցիալ աղբյուր է. ուրիշի սրբիչով մի՛ սրբվեք, ուրիշի հողաթափեր, գուլպաներ մի՛ կրեք:
Սնկային թեփուկները իրենց կենսունակությունը կորցնում են միմիայն բարձր ջերմաստիճանում:
Ցանկացած քորի, մազերի թեփոտման, մազաթափության, եղունգների գույնի փոփոխության դեպքում հարկ է դիմել մասնագետի:
Սնկային ախտահարումներն ախտորոշելու համար երբեմն բավական է լինում արտաքին զննումը, ինչպես նաեւ լաբորատոր քննությունը. ախտահարված հատվածից վերցվում է քերուկ:
Սնկերի բուժումը երկարատեւ է: Բուժման համար գոյություն ունեն տարբեր եղանակներ` դեղահաբեր, ներերակային ներարկումներ, քսուքներ եւ այլն:
ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

