ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿՆԵՐԴՐՎԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Արխիվ 12-16ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿՆԵՐԴՐՎԻ
ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Կարեւորելով մոր եւ մանկան առողջության պահպանման խնդիրները, մարզային առողջապահության արդիականացումը` առողջապահության նախարարությունը նախատեսում է իրականացնել մի շարք այլ ծրագրեր, որոնք հաստատվել են ՀՀ նոր կառավարության ծրագրով: Ինչպես մեզ հետ զրույցում ասում է առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, այս ծրագրով ոլորտի պատասխանատուները շեշտադրումը փոխել ենª ուժեղացնելով առողջության պահպանմանն ուղղված գործառույթները եւ մեծ ուշադրություն հրավիրելով հանրային առողջության խնդիրներին:ՙՄենք ասում ենք, որ պիտի ունենանք ուժեղ հիվանդանոցային համակարգ, որը ցանկացած պահին, ցանկացած իրավիճակում կարող է բավարարել մեր քաղաքացիների կարիքներըª հիվանդանոցային օգնություն եւ բուժում ստանալու համար, բայց դրա հետ մեկտեղ տարեցտարի պիտի ուժեղացնենք պոլիկլինիկական ամբուլատոր ու հանրային առողջության պահպանման համակարգերը՚,- պարզաբանում է պարոն Խաչատրյանը:
Ըստ նրա` նոր ստեղծված հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնը, որը հիմնված է նախկին սանէպիդ ծառայության լաբորատոր ցանցի եւ փորձագիտական կենտրոնների վրա, պարունակում է շատ հզոր ու կարեւոր գործառույթներª վերահսկողություն շրջակա միջավայրի տարբեր գործոնների նկատմամբ: Եվ եթե նախկինում այդ ծառայությունը զբաղվում էր միայն վարակիչ հիվանդությունների վերահսկման հարցերով, ապա ներկայումս այս կենտրոնը նաեւ դրան համահավասար մեծ ուշադրություն է դարձնում ոչ վարակիչ հիվանդությունների, ռիսկի գործոնների տարածմանը, դրանց առկայությանը, որոնց դեմ իրականացվում են միջոցառումների ծրագրեր:
Ըստ փոխնախարարի` հանրային առողջության ուժեղացումով իրենք, անմիջապես սկսում են աշխատել թիրախային հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ.
ՙԱյսինքնª մենք սկսում ենք աշխատել ու նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի, մեր սովորույթների ազդեցության հետեւանքով հիվանդությունների առաջացումը: Բյուջեի ավելացմանը զուգահեռ այդ ծրագրերը կարող են մեծանալ եւ ավելի ընդարձակ դառնալ՚:
Ինչպես ասում է Ս. Խաչատրյանը, նախարարությունը ծրագրել է դիսպանսեր համակարգի ստեղծման գաղափարը ներդնել. ՙՊետք է որոշվեն այն թիրախային խմբերը, որոնց համար տիպիկ հիվանդություններ կարող են լինել: Այդ հիվանդությունների համար թիրախային խմբերը, պարտադիր, տարին մեկ կամ երկու անգամ կամª երկու տարին մեկ պիտի պոլիկլինիկական համակարգում հանձնեն լաբորատոր անալիզներ, հետազոտվեն, որպեսզի կանխարգելեն այս կամ այն հիվանդությունը: Օրինակª 40 տարեկանից բարձր կանայք պետք է պարտադիր մամոգրաֆիկ հետազոտություն անցնեն, որովհետեւ այդ տարիքից սկսածª կտրուկ աճում է կրծքի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը: 40-50 տարեկանից բարձ տղամարդիկ էլ պարտադիր պետք է շագանակագեղձի հետազոտություն անցնեն:
Այսինքնª բնակչության ցանկացած խմբի համար կան յուրահատուկ հիվանդություններ, որոնց դեմ պետք է սկսենք պայքարը, պայքարը նաեւ առողջ պահելու ուղղությամբ: Հանրային առողջապահությունն այնքան է զարգացել ամբողջ աշխարհում եւ այնքան արագ է զարգանում ու այնքան արագ է ապացուցել, որ այն ամենածախսարդյունավետ եւ առհասարակ արդյունավետ ճանապարհն է՚:
Փոխնախարարի խոսքերով` դիսպանսեր համակարգ ստեղծելով` ոլորտի պատասխանատուները ձգտելու են, որ այն դառնա համատարած. ՙԵրեխան ծնվելուց հետո անմիջապես, եւ մինչեւ իր կյանքի վերջն, անընդհատ, պետք է լինի ուշադրության կենտրոնում, եւ փորձենք նրա առողջությունը պահել նույն մակարդակի վրա, այսինքնª առողջ՚:
Պարոն Խաչատրյանն ասում է, որ այս աշխատանքներն իրականացնելու ընթացքում, հիվանդացության աճ ենք նկատելու, սակայն, ըստ մեր զրուցակցի, դա իրականում ոչ թե հիվանդացության աճ է լինելու, այլ հայտնաբերելիության բարձրացում.
ՙԱյսինքնª այն մարդիկ, ովքեր չէին իմանում իրենց հիվանդության մասին, նրանց հնարավորություն է ընձեռվելու բացահայտել նոր սկսվող կամ չիմացյալ հիվանդություները եւ ժամանակին բուժել: Բայց անմիջապես դրանից երեք տարի հետո մահացության կտրուկ անկում ենք ունենալու: Մահացությունն իջնելու է, հատկապես այդ թիրախային խմբերի համար՚:
Նշենք, որ ՀՀ կառավարության այս բոլոր ծրագրերը գնահատելի չափանիշներով, ցուցանիշներով ծրագրեր են, եւ մի քանի տարի հետո նախարարությունը հստակ կարող է հասկանալ, թե դրանք ինչ ընթացք են ունեցել, դրանց իրագործման ճանապարհին ինչպիսի դրական կամ բացասական միտումներ են արձանագրվել:
Ս. Խաչատրյանի ներկայացմամբ` կառավարության ծրագրով ամրագրված են նաեւ էլեկտրոնային առողջապահության հիմնադրման եւ ստեղծման աշխատանքները: Միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրմամբ կբարելավվեն մատուցվող ծառայությունների որակը, հասանելիությունը եւ արդյունավետությունը: Բացի այդ, նման համակարգերի ներդրումն ու կիրառումն ուղղված են իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաեւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:
Ներկայումս ընթացքի մեջ են կենտրոնական տվյալների բազայի ստեղծման աշխատանքները: Ըստ պարոն Խաչատրյանի` բոլոր հիվանդանոցները, պոլիկլինիկաներն ու անհատ քաղաքացիները հնարավորություն են ունենալու միանալ այս համակարգին եւ դրա միջոցով փոխանակել տեղեկատվություն: Նույնականացման քարտերի միջոցով տվյալների բազայում պահանվելու են մարդկանց հիվանդության պատմություններըª ծնված օրվանից մինչեւ կյանքի վերջը:
ՙԻնչ է դա տալու: Երբ մեկ այլ բժիշկ ուզենա նոր գանգատների կամ նոր իրավիճակների հետ կապված աշխատել այդ քաղաքացու հետ, նրա նույնականացման քարտով, նրա իսկ համաձայնությամբ, կարող է լիարժեք տեղեկատվություն ստանալ այդ անձի` նախկինում անցած հետազոտությունների, պատվաստումների, հիվանդությունների մասին: Ընդ որում քաղաքացին հնարավորություն է ստանալու առցանց, ռեալ ժամանակի մեջ, տեսնելու այդ ամենը: Այսինքնª ողջ գործընթացը փորձում ենք դարձնել թափանցիկ՚:
Ներդրվելու է նաեւ էլեկտրոնային դեղատոմս հասկացությունը, որն ըստ փոխնախարարի` բացառելու է դեղատներից այնպիսի դեղերի բացթողումը, որոնք պետք է հիվանդին հասնեն միմիայն բժշկի դեղատոմսով: Էլեկտրոնային դեղատոմսը նույնպես սկսելու է աշխատել նույնականացման քարտի միջոցով:
Ըստ մեր զրուցակցի` էլեկտրոնային դեղատոմսը նաեւ հնարավորություն է տալու տեսնել եւ հաշվառել, թե ինչ քանակներով եւ ինչպիսի դեղեր են օգտագործվում, ինչպես են այդ դեղերը փոխարինվում մեկը մյուսով եւ այլն:
Փոխնախարարի խոսքերով` այս ամենում մեծ տեղ է գրավելու ֆինանսական համակարգը. ՙԱյն ամենը, ինչ որ տեղի է ունենալու հիվանդի հետª հետազոտելը, բժշկի կոնսուլտացիաները, բժշկի կողմից նշանակված պրոցեդուրաները եւ այլն, կուտակվելու է այդ դեպքի մեջ, եւ այդ դեպքի հիման վրա շատ հեշտ հաշվարկներ իրականացնելու հնարավորություն ենք ունենալու: Այսինքնª ֆինանսական այն միջոցները, որոնք անհրաժեշտ են հիվանդին բուժելու համար, շատ հստակ երեւալու եւ հաշվարկելի են լինելու՚:
ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

