ԵԿԵԼ Է ԶՈՒՍՊ ԽՈՍԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Արխիվ 12-16ԵԿԵԼ Է ԶՈՒՍՊ ԽՈՍԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Ողջունելի է, որ պատասխանելով ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանի խիստ կարեւոր եւ ճիշտ պահին գրված նամակ-ահազանգին` (ամբողջովին հրապարակված է մեր կայքում` http://iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=18724:l-r&catid=41:lurer&Itemid=57 -խմբ.) ԵԱՀԿ ԽՎ նախագահ Իլկկա Կաներվան շեշտում է, որ իր համար ընկալելի են Ա. Գեղամյանի ներկայացված փաստարկները:
Կարեւոր է նաեւ, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն ՙաջակցում է հարցի խաղաղ եւ դիվանագիտական լուծմանը՚ եւ ՙերկու կողմերին հորդորում է ամեն ինչ անել` այդօրինակ լուծմանը նպաստելու համար՚: Թեեւ կրկին տարբերություն չի դրվում, թե կողմերից որն է սադրում լարվածությունը, կամ որն է, որ չի ցանկանում դուրս բերել դիպուկահարներին, այնուամենայնիվ, մեզ համար պետք է ընդունելի լինի ԵԱՀԿ-ի զուսպ եւ ինչ-որ տեղ զգուշավոր մոտեցումը:
Հավանաբար եկել է ժամանակը, երբ թե° գերտերությունները, թե° միջազգային կազմակերպությունները, թե° տարբեր հակամարտություններում ներգրավված կողմերը պետք է որդեգրեն հենց այսպիսի զուսպ մոտեցումներ: Անցել է միաբեւեռ աշխարհակարգի ժամանակը: Ուկրաինայում ողբերգությունը ցույց տվեց, որ նարնջագույն հեղաշրջումներով այլեւս չի կարելի ժողովուրդներին ծնկի բերել: Նովոռոսիայի պայքարը իր ազատության համար, դա զուտ ռուսամետ ուկրաինացիների ու արեւմտամետ բանդերականների կռիվը չէ, դա քաղաքակրթությունների, արժեքային համակարգերի, ինչ-որ տեղ համաշխարհային կրոնական պատերազմի կիզակետն է, ուր ուղղափառ քրիստոնեությունը ծառս է կանգնել` ընդդեմ հակաքրիստոնեական գլոբալիստական ուժերի ծավալապաշտության:
Չարիքի խրախուսումը հանգեցնում է խրախուսողների ոչնչացմանը` այդ նույն չարիքի միջոցով: Իսլամիստ ծայրահեղականները երեկ Սիրիայում պատանդ են վերցրել ՄԱԿ-ի 43 խաղաղապահների, որոնց ազատության համար կռվում են Սիրիայի նախագահ Ասադի զինվորները: Սակայն ամիսներ առաջ ԱՄՆ-ն, Եվրոպան նույն ՄԱԿ-ի միջոցով փորձում էին գահընկեց անել Ասադին եւ ամեն կերպ աջակցում էին իսլամիստ ծայրահեղականներին: Միայն Ռուսաստանի դիմադրությունն էր, որ թույլ չտվեց Սիրիան վերածել Լիբիայի կամ Իրաքի, այսինքն` համատարած քաոսի:
Այո, հետզհետե մեր երկրի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը ավելի ու ավելի առանցքային դերակատարում է ստանձնում աշխարհի նոր կարգերի ձեւավորման մեջ, հետեւաբար անցել են ժամանակները երբ Վաշինգտոնից, Բրյուսելից կամ Ստրասբուրգից կարելի է մեր վրա մատ թափ տալով խոսել: Եկել է զուսպ խոսելու ժամանակը, եւ դա պետք է գիտակցեն Անկարայում ու Բաքվում:
Հայկ Բաբուխանյան
ՍԻՄ կուսակցության նախագահ
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում
հայկական պատվիրակության ղեկավար
պրն Արտաշես Գեղամյանին
Հարգելի պրն Գեղամյան, հարգելի Արտաշես,
շնորհակալություն եմ հայտնում Ձեր նամակի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող զարգացումները գնահատելու համար: Ես հասկանում եմ Ձեր տեսակետներն այդ զգայուն թեմայի վերաբերյալ: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը շարունակում է մոտիկից հետեւել Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ տիրող իրավիճակին: Մենք շարունակում ենք մտահոգված մնալ մշտական բռնություններով եւ երկու կողմից տեղի ունեցող մահվան դեպքերով: Խորհրդարանական վեհաժողովն աջակցում է հարցի խաղաղ եւ դիվանագիտական լուծմանը եւ երկու կողմերին հորդորում է ամեն ինչ անել` այդօրինակ լուծմանը նպաստելու համար:
Օգտվելով այս առիթից` վերահաստատում եմ խորին հարգանքներիս հավաստիքը եւ ակնկալում Ժնեւում, հոկտեմբեր ամսին տեղի ունենալիք մեր աշնանային նստաշրջանի ժամանակ տեսնել հայկական պատվիրակությանը:
Անկեղծորեն Ձեր` Իլկկա Կաներվա
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ

