ՙՙԵԹԵ ՆՈՒՅՆԻՍԿ ԹԵԺ ԱՇՈՒՆ, ԱՊԱ ՀԱՍՏԱՏ` ՈՉ ՔԱՌՅԱԿԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ՚
Արխիվ 12-16ՈՉ ՔԱՌՅԱԿԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ՚
Ըստ վերջին օրերին քառյակի ներսում առաջացած տարաձայնությունների` քառյակի խոստացած թեժ աշունը, ըստ ամենայնի, չի լինի: Որոշ աղբյուրների փոխանցմամբ` քառյակը չի պատրաստվում ոչ կառավարության եւ ոչ էլ նախագահի հրաժարականը պահանջել: ԱԺ արտահերթ ընտրությունների պահանջ ներկայացնելը քառյակի կողմից նույնպես բացառվում է: Քառյակի գործողությունները հիմնականում ընթանալու են իշխանություններին ներկայացված 12 կետերի շուրջ: Այս խոսակցությունները ակտիվացան հատկապես այն բանից հետո, երբ լրատվամիջոցներում տեղ գտան խոսակցություններն այն մասին, որ ՀՅԴ-ն այս պահին` դեռեւս ընդհատակում, ջանք ու եռանդ չի խնայում, որ միանա իշխանությանը:
Ըստ այդմ, թե որքանով է հնարավոր քառյակի խոստացած թեժ աշունը, փորձեցինք պարզել նախ քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԻՑ, ով մասնավորապես ասաց. ՙԹեժ աշուն կարող է լինել միայն ինչ-որ գլոբալ, արտաքին ֆորսմաժորների դեպքում: Այսինքն, եթե նույնիսկ թեժ աշուն լինի, դա հաստատ` քառյակի ներքաղաքական գործողության արդյունքում չի լինելու: Ամեն դեպքում, չեմ կարծում, որ Հայաստանում քաղաքական առումով թեժ աշուն է սպասվում՚:
Ի տարբերություն քաղաքագետի` ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՏԻԳՐԱՆ ՈւՐԻԽԱՆՅԱՆԸ կարծում է, որ թեժ աշուն ամեն դեպքում կլինի: Իսկ ինչ վերաբերում է քառյակի ներսում ստեղծված տարաձայնություններին, պատգամավորի խոսքով. ՙՔառյակը ներկայացված է տարբեր քաղաքական ուժերից, հետեւաբար կարող են տարբեր հարցերի առնչությամբ` ի դեպ դրա մասին միշտ ասվել է, լինեն տարբեր մոտեցումներ: Այնուամենայնիվ, ինչպես տեսնում եք` տարբեր քաղաքական ուժերի ցանկությունները, նկատառումները, մարտավարությունները, երբեմն համադրվում են, իսկ ռազմավարությունը միշտ մնում է նույնը` փոխել ՀՀ քաղաքացու կյանքի որակը, փոխել հայի դժգոհությունն ու վրդովմունքը առաջնացնող իրավիճակները: Ինչ վերաբերում է թեժ աշնանը, ապա ասեմ, որ միշտ լինելու է թեժ այնքան ժամանակ, մինչեւ քառասուն տոկոսանոց աղքատությունը չվերանա, միշտ լինելու է թեժ` ճիշտ այնքան, որքան ընդունվում են համերկրացիների շահերին հակասող օրենքներ եւ այլն՚:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ կարծում է, որ թեժ աշուն, որպես էդպիսին, չի լինի, բայց որոշակի քաղաքական ակտիվություն ամեն դեպքում կնկատվի: Իսկ քառյակի ներսում տիրող դժգոհությունները այս երկու օրերին շատ արտահայտված եւ պարզ զգացվում է. ՙԻրոք, քառյակի ներսում որոշ հարցերի շուրջ կա անհամաձայնություն, ոչ միասնական վերաբերմունք, որն առավել արտահայտված երեւում է վերջին երկու օրերին: Ինչ վերաբերում է թեժ աշնանը, ապա, որպես կանոն, աշնանը քաղաքական ուժերը փորձում են ավելի ակտիվանալ` առավել եւս նստաշրջանի բացումից հետո` օգտագործելով քաղաքական ամբիոնը՚:
Արտախորհրդարանական ՙՔրիստոնեա-ժողովրդական վերածնունդ՚ կուսակցության նախագահ ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆԻ համար, սակայն, վաղուց սպասելի է, որ Դաշնակցությունը մի օր իշխանության մաս կկազմի, քանի որ. ՙՄիշտ էլ կասկածելի էր, որ դաշնակներն իրենց ընդդիմադիր էին հռչակում, իրենք ինձ համար` Քոչարյանի իշխանության գալու օրվանից մինչեւ օրս էլ, իշխանություն են: Կարծում եմ, քառյակում էլ պետք է գիտակցեին, որ նման տարբերակ հնարավոր է: Ինչ վերաբերում է թեժ աշնանը, ապա դա կապված չէ քաղաքական ուժերի ցանկությունից, դա ուղղակիորեն կախված է ժողովրդի վիճակից: Իսկ այսօր ժողովրդի վիճակը օր օրի ծանրանում է, այնպես որ, ցանկացած պահի էլ հնարավոր է, որ պոռթկում լինի՚:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

