«ԴՐՍՈՒՄ` ՔԱՀԱՆԱ, ՆԵՐՍՈՒՄ` ՍԱՏԱՆԱ» ՆԱԽԱՐԱՐԸ
Արխիվ 12-16«ԴՐՍՈՒՄ` ՔԱՀԱՆԱ, ՆԵՐՍՈՒՄ` ՍԱՏԱՆԱ» ՆԱԽԱՐԱՐԸ
Օգոստոսի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի (պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալը) հատկանիշներով հանցագործություն կատարելու կասկածանքով իր աշխատասենյակում ձերբակալվել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ Արմեն Լաբլաջյանը: Վերոնշյալին երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՀՀ բնապահպանության նախարար ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ.
-Այսօր իրավապահ մարմինները քննարկում են հարցը, առաջիկայում մեզ կներկայացնեն, մենք էլ ձեզ կտեղեկացնենք մանրամասները: Քանի որ հիմա քննչական խումբն է զբաղվում դրանով, բնականաբար, ոչինչ ասել չեմ կարող:
- Այսինքն` Ա. Լաբլաջյանի չարաշահումները նախարարությունում Ձեր օրո՞ք են եղել:
- Այնուամենայնիվ, կարծում եմ, որ դրանք հին գործեր են: Եղել է արագ արձագանքման խումբ, եւ ես նախարար նշանակվելուց հետո ազատել եմ աշխատանքից այդ մարդկանց, իմ որոշումով ցրել եմ այդ խումբը: Եվ հիմնականում խնդիրը, երեւի թե, կապված է դրա հետ, բայց չեմ ուզում ավել բան ասել, որովհետեւ ինֆորմացված չեմ, առաջիկայում հստակ ձեզ կներկայացնեն իրավապահ մարմինները:
- Իսկ ինչո՞ւ որոշեցիք փակել արագ արձագանքման խումբը:
- Ավելորդ եմ համարել դրա գոյությունը, քանի որ եթե կա տեսչություն, դրա մեջ արագ արձագանքման խումբ ունենալու իմաստը ո՞րն է:
- Պարոն նախարար, արդյո՞ք սույն քրգործը բիծ չէ նախարարության աշխատանքների վրա:
- Յուրաքանչյուր ոլորտում կան թերություններ, կան խնդիրներ: Միգուցե, դա ձեր կարծիքով բիծ է, բայց, այնուամենայնիվ, բոլորը պետք է աշխատեն արդար եւ մաքուր: Եվ ես ոչինչ չեմ կարող ասել` չեմ կարող ո՛չ մեղադրանք ներկայացնել տվյալ աշխատակցին, ո՛չ էլ արդարացնել, քանի որ այսօր, նորից եմ կրկնում, քննչական մարմինները կատարում են իրենց աշխատանքը: Այդ աշխատանքներից հետո հստակ կներկայացնենք, ով ինչ չափով է մեղավոր կամ արդար:
- Ի դեպ, տեղեկություններ կան, որ հետեւողականորեն ազատվում եք նախկին նախարարի կադրերից:
- Դա ձեր կարծիքն է, իհարկե: Ես ոչինչ չունեմ ասելու:
- Բայց քանի՞ աշխատակցի եք փոխել ձեր նշանակվելուց հետո:
- Բացարձակապես որեւիցե մեկին չեմ փոխվել, մարդիկ, ովքեր չեն կարողանում աշխատել, բնականաբար, ներկայացնում են, որ ի վիճակի չեն ու ազատվում են:
- Ինչպե՞ս է ստացվում, որ ժամանակին կարողանում էին աշխատել, բայց Ձեզ հետ` ոչ:
- Դուք դա կարող եք հարցնել իրենցից:
- Միգուցե պատճառն այն է, որ Դուք բավական կոպի՞տ եք խոսում աշխատակիցների հետ:
- Մամուլը կարող է ամեն ինչ ներկայացնել, հիմա մամուլի ներկայացուցիչները դուք եք, ես էլ Ձեր ներկայացրած կոպիտ խոսացողն եմ, որեւիցե մեկիդ հետ կոպիտ խոսեցի՞...
Չուշացավ նաեւ հավաքված լրագրողների պատասխանը. «Մեզ հետ չեք էլ կարող կոպիտ խոսել, որովհետեւ մենք ձեր ենթակաները չենք»: Ապա իր իսկ հարցին պատասխանեց նախարարը. «Որովհետեւ ես կուլտուրապես բարձր մարդ եմ, իսկ նման տգետները, որ նման բան են ներկայացնում, մի հավատացեք, դրանք հերյուրանքներ են»: Այդպիսինների մասին ժողովուրդը լավ խոսք ունի. «Դրսում` քահանա, ներսում` սատանա»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

