ԵՎՐՈՊԱՆ ՉՍԻՐԵ՞Ց ԷՐԴՈՂԱՆԻՆ
Արխիվ 12-16ԵՎՐՈՊԱՆ ՉՍԻՐԵ՞Ց ԷՐԴՈՂԱՆԻՆ
Երեկ Թուրքիայի նորընտիր նախագահ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Թե ի՞նչ կտա Հայաստանին նախարարի մակարդակով նման արարողակարգին մասնակցելը, երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանեց ՀՀ ԱԳ փոխնախարար ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ. «Երբ մեր հարեւան երկրում տեղի է ունենում նախագահի երդմնակալության արարողություն, մասնակցում են, եւ դա ավանդական է: Ինչ վերաբերում է Թուրքիայի ինաուգուրացիային, երբեւիցե չի եղել, որովհետեւ մինչ այդ Թուրքիայի նախագահը ընտրվել է պառլամենտի կողմից: Առաջին անգամ է, որ ընտրությունը կատարվել է ուղղակի, ու դրա համար սա առաջին նախադեպն է, երբ կա այդ արարողությունը: Չմոռանանք նաեւ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը եւս Թուրքայից ներկայացուցիչներ են եղել: Բայց ոչ թե արտգործնախարարի մակարդակով, այլ` դեսպանի»:
Ի դեպ, երեկ երեկոյան արդեն իսկ միջազգային մամուլը հեղեղվել էր տեղեկություններով, որ Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ ներկա են գտնվել ընդամենը մի քանի պետությունների ղեկավարներ: Ուշագրավ է այն, որ Արեւմուտքի երկրները ավելի ցածրաստիճան պաշտոնյաներ էին ուղարկել Անկարա: Այնպես որ, կարծես թե, Եվրոպան չսիրեց թուրքերի նոր առաջնորդին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

