Սերժ Սարգսյանը ցանկանում է, որ իր թոռնիկները լավ մասնագետ դառնան
Արխիվ 12-16Սերժ Սարգսյանը ցանկանում է, որ իր թոռնիկները լավ մասնագետ դառնան
Որևէ ժողովուրդ չի կարող ապագա ունենալ, առանց ժամանակից կրթական համակարգի: Այսօր «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի հաղթողների, մեդալակիրների ու միջազգային օլիմպիադաների մեդալակիրների հետ հանդիպմանն ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով աշակերտներից մեկի այն հարցրին, թե ինչ ծրագրեր են իրականացվելու դպրոցի զարգացման հարցում: Նախագահը նշեց, որ ծրագրեր շատ կան, բայց ինքը կխոսի նպատակներից: «Ուզում ենք՝ կրթության համակարգը համապատասխանի միջազգային ստանդարտներին, որևէ ժողովուրդ չի կարող ունենալ ապագա առանց ժամանակից կրթական համակարգի: Ցանկացած ղեկավար իր առաջնահերթ խնդիրը պետք է համարի դպրոցի ու կրթական համակարգի զարգացումը: Երբ մի քանի տարի առաջ նեղ շրջանակում ինձ հարցում էին՝ «Բա ի՞նչ ենք անելու, երբ մեր կրթական համակարգը փլուզվում է, աշակերտները չեն ցանկանում սովորել, ուսուցիչները չեն ցանկանում դասավանդել»: Ես ասացի, որ կտրականապես համաձայն չեմ կարծիքի հետ, և դրա վկայությունը ձեր արդյունքներն են: Վստահ եմ, որ ներկաները չեն հրաժարվի ընտրելու նաև ուսուցչի, դասախոսի, գիտնականի մասնագիտությունը, և ձեր օգնությամբ մեր կրթական համակարգը ոչ թե պետք է կատարելագործենք, այլ պետք է հասցնենք միջազգային չափանիշներին»,- ասաց նա: Աշակերտներից մեկին էլ հետաքրքրեց, թե Սերժ Սարգսյանն ինչ մասնագիտություն կցանկանար, որ ստանային իր թոռնիկները: Նախագահը պատասխանելով հարցին ընդգծեց, որ առաջին հերթին կցանկանար, որ իր թոռնիկները իրոք մասնագետներ դառնային, իսկ բնագավառը էական չէ: «Կարևորը բնագավառը չէ, կարևորն այն է, որ մարդն իր բնագավառում լինի լավագույնների շարքում: Բացի դրանից, կարծում եմ, որ ձեզ հետ էլ է տեղի ունեցել այն, ինչ ինձ հետ. սկզբում երազում ես դառնալ մի բնագավառի մասնագետ, բայց հետո ցանկությունդ փոխվում է: Ես այս դահլիճում մի անգամ ասել եմ, ես որ վեցերորդ դասարանում շատ էի ցանկանում դառնալ պատմաբան, բայց փոխվեց ցանկությունս ու ցանկացա դառնալ բանասեր, բայց իրականության մեջ ոչ պատմաբան դարձա, ոչ էլ բանասեր, այլ դարձա պետական պաշտոնյա: Կարևորն այն է, որ ցանկացած բնագավառում լինեք լավագույնների շարքում, եթե ոչ լավագույնը»,- ասաց նա։ Մեկ այլ աշակերտ նշեց, որ բոլորը ունեն շարադրության մի սիրելի թեմա և հետաքրքրվեց, թե նախագահի համար որն է այդ սիրելի թեման: Սերժ Սարգսյանը նշեց, որ իրեն բազմաթիվ թեմաներ են հետաքրքրում, որովհետև պետական կառավարման համակարգում աշխատող պաշտոնյան պարտավոր է շատ թեմաների տիրապետել: «Ես արդեն 20 տարուց ավելի է, որ աշխատում եմ ՀՀ պետական կառավարման համակարգում, բայց ակնհայտորեն ինձ շատ է հետաքրքրում հայոց լեզուն և նրա անցած ճանապարհը... Ես շատ կցականայի, որպեսզի այստեղ նստած երիտասարդները իրենց ուսումն ավարտելուց հետո հետաքրքրվեին մեր ազատամարտի պատմությամբ, մենք ունեցել ենք հազարավոր հերոս տղաներ, բայց ի տարբերություն հակառակորդի, մենք այդ հերոսությունը պաշտոնապես չենք ամրագրել: Ադրբեջանում տասնյակ հերոսներ կան ողջ, այն դեպքում, երբ նրանք 1992-1994թթ.-ին կորցրեցին հսկայական տարածքներ, տվեցին մարդկային զոհեր և ի՞նչ է դառնում, որ հաղթողը մի ողջ հերոս չունի, իսկ պարտվողը ունի տասնյակ հերոսներ: Բոլորիս պարտքն է վեր հանել յուրաքանչյուր դրվագ, յուրաքանչյուր հերոսություն: Վստահ եմ, որ դեռևս տևական ժամանակ այս հարցի պատասխանը չի լինելու, բայց գոնե փաստարկներ պետք է բերենք, ցույց տանք, որ այս բաների շնորհիվ կարողացանք պաշտպանել մեր անկախություն»,- ասաց նա Նախագահը իմանալով, որ իրեն հարց տվող աշակերտը պատրաստվում է դառնալ բժիշկ, նշեց, որ հայ ժողովուրդը բազմաթիվ հերոս բժիշկներ է ունեցել, առանց որոնց տղաները չէին գնում ռազմի դաշտ: «Պատերազմի ժամանակ ամենակարևոր բաներն են՝ բժիշկ, սանիտարական մեքենա, կապի միջոց, այլ ոչ թե պարկուճ»,- ասաց նա:

