ՄՈՆԹԵՆ ՄԻՇՏ ԱՌԱՋԻՆ ԳԾՈՒՄ ԷՐ, ՈՒՇ ԹԵ ՇՈՒՏ ՊԻՏԻ ԶՈՀՎԵՐ. ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Արխիվ 12-16ՄՈՆԹԵՆ ՄԻՇՏ ԱՌԱՋԻՆ ԳԾՈՒՄ ԷՐ, ՈՒՇ ԹԵ ՇՈՒՏ ՊԻՏԻ ԶՈՀՎԵՐ. ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱԺՄ կուսակցության ղեկավար, 1992-1993-ին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Վազգեն Մանուկյանն «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով Թալին ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանի այն հայտարարությանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանի պատվերով սպանել են Մոնթե Մելքոնյանին, անհեթեթություն համարեց:
Վազգեն Մանուկյանը վստահ է՝Լեվոն Տեր-Պետրոսյանը ոչ մի կապ չունի Մոնթեի մահվան հետ. «Ես շատ լավ ճանաչում եմ Մոնթեին, քանի անգամ ասել եմ՝առաջին գիծ մի գնա: Հարձակումն արդեն սկսվել էր: Ասում էի՝ բոլորը գիտեն, որ դու համարձակ ես, մի գնա առաջին գիծ: Ինքն առաջին գծի վրա էր, իրեն խփեց հակառակորդը»:
Վազգեն Մանուկյանը հիշում է՝ Մոնթեի կնոջ հետ գնացին, դիակը բերեցին, տարան դիահերձարան: «Ոչ մի պատճառ չկար նրան սպանելու: Նա ուղղակի համարձակ մարդ էր, հարձակումների ժամանակ առաջին գծում էր և ուշ թե շուտ նրա հետ այդպիսի բան պետք է պատահեր»,- վստահ է ԱԺՄ ղեկավարը:
Ինչ վերաբերում է Մոնթեի մտերիմ ընկերոջ՝ Վահե Շահմուրադյանի՝ «Իրավունքի» թղթակցին հայտնած այն տեսակետին, թե Ավոյի սպանությունը պատվիրած կլիներ մի երրորդ ուժ՝ Ռուսաստանի ռազմական գլխավոր հետախուզական վարչությունը, Վ. Մանուկյանը դա լուրջ չի համարում. «Ես նման դավադրություններ իմ շրջապատում չեմ տեսել, հակված չեմ աշխարհն այդքան բարդ տեսնելու: Ես այլ բացատրություններ էստեղ չեմ տեսնում»:
Սոնա Դավթյան

