ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ, ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆ ՏՎԵՔ. ՎԱՆՈՆ ՈՒԶՈՒՄ ԷՐ ՎԱՐԿԱԲԵՐԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Արխիվ 12-16ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ, ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆ ՏՎԵՔ. ՎԱՆՈՆ ՈՒԶՈՒՄ
ԷՐ ՎԱՐԿԱԲԵՐԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Մոնթե Մելքոնյանի մահվանից՝ 1993թ-ի հունիսի 12-ից անցել է 21 տարի: Պաշտոնական տեսակետի համաձայն՝ հետախուզության նպատակով Մոնթեն մարտընկերների հետ մեկնում է Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներ, որտեղ ադրբեջանական զրահամեքենայի կրակոցից զոհվում է։ Շատերի կարծիքով, սակայն, ադրբեջանական զրահամեքենայի Մարզիլի գյուղի մատույցներում հայտնվելը կազմակերպված էր: Կարծիք կա, որ ժողովրդի կողմից իր կենդանության օրոք սիրված Մոնթեի մահը ձեռնտու էր ՀՀ այն ժամանակվա իշխանություններին: Պատահական չէ, որ այսօր Թալին ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանով է սպանվել Արցախյան ազատամարտի հերոս Մոնթե Մելքոնյանը:
Արդյոք ՀՀ առաջին նախագահ կապ ունի այդ սպանության հետ, «Իրավունքը» փորձեց պարզել Մոնթեի մտերիմ ընկերոջ, արցախյան ազատամարտի մասնակից Վահե Շահմուրադյանից: Վերջինս հիշեցրեց 1992-1996 ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի հայտարարությունը. «Երբ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ վարչապետ եղած ժամանակ ճնշեց Վանո Սիրադեղյանին, վերջինս ասել էր՝ Արթուր Մկրտչյանի, Մոնթե Մելքոնյանի համար պատասխան տվեք: Վանոն ուզում էր վարկաբերել Քոչարյանին»:
Ըստ ազատամարտիկի՝ իրականությունը մի փոքր այլ է. «Մոնթեն գաղափարական կռվող էր, ում սիրեց ժողովուրդը նրա կենդանության օրոք և այն աստիճանի, որ պատրաստ էր անգամ արձան կանգնեցնելու նրա պատվին: Կռվող տղերքի սերուցքին 1990- ականներին վերացրին, բայց ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Ռ.Քոչարյանը չունեին հնարավորություն՝ սպանության պատվեր իջեցնելու, քանի որ ցածր օղակների ներկայացուցիչներ էին: Լևոն Տեր-Պետրոսյանը ևս Ղարաբաղում այդքան ուժ չուներ, որ կարողանար այդ քայլն անել: Կար մի ուժ, որն այն ժամանակ իշխում էր և՛ Արցախի, և՛ Հայաստանի և՛ Ադրբեջանի զինուժի ու գաղտնի ծառայությունների վրա: Խոսքը Ռուսաստանի գլխավոր ռազմական հետախուզության վարչության մասին է»:
ԻՆՉ-ՈՐ ՄԵԿՆ ԱՍԵԼ Է ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ, ՈՐ ՄՈՆԹԵՆ ԼԻՆԵԼՈՒ Է ՄԱԶԻԼԻԿ ԳՅՈՒՂԻ ԿՈԼՑԵՎՈՅԻ ՄՈՏ
Վահե Շահմուրադյանը պատմում է մանրամասներ Մոնթե Մելքոնյանի զոհվելուց 20 րոպե առաջ. «Մոնթեն իր մահվանից քսան րոպե առաջ խոսում է արցախյան ազատամարտի մասնակից Վիտալի Բալասանյանի հետ՝ասելով, որ իր մոտ քարտեզ կա և 15 րոպե հետո կլինի այս կետի, 20 րոպե հետո՝ այն կետի վրա: Մոնթեն գնում էր ներկայումս Նելսոն Սողոմոնյանի մոտ (ներկայումս նա ԼՂՀ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարն է-խմբ.)՝Աղդամի ազատագրման պլանը կազմելու համար: Ճանապարհն անցնում էր Աղդամի Մարզիլի գյուղով: Մի քանի անգամ Մոնթեն կապվում է Նելսոնի հետ, ով նրան ասում է՝ճանապարհը մաքուր է: Հասնելով գյուղի կոլցեվոյի մոտ՝ Մոնթեն ու նրա վարորդը՝Կոմիտասը, տեսնում են զինվորների և զրահապատ մեքենա (ԲՄՊ -1): Ավոն կանգնեցնում է մեքենան և հարցնում. «Ասոնք հոս ի՞նչ կենեն»: Կոմիտասը հարցնում է զինվորներին՝ հայեր եք, թե՞ թուրքեր: Ասում են՝ թուրքեր: Սկսվում է կռիվը: Մոնթեն, Կոմիտասը և իր երեք օգնականները վազում են դեպի պատի կողմը: ԲՄՊ-ն կրակում է. մի փամփուշտը զուր է անցնում, երկրորդն արդեն դիպչում է պատին, պատն էլ ռեկաշետ անում ու բեկորը մտնում է Մոնթեի գլուխը: Ադրբեջանցի զինվորներից երկուսին գերի են տանում: Հետագայում այդ զինվորներից մեկին Մոնթեի օգնականը, ով հիմա ԼՂՀ պաշտպանության նախարարն է՝ Մովսես Հակոբյանը, գնդակահարում է, մյուսին Ռոբերտ Քոչարյանը, չգիտես ինչու փոխանակում է Ադրբեջանում գտնվող հայ գերիներից մեկի հետ: Գերի ընկած ադրբեջանցի զինվորը մինչ գնդահակարվելն ասում է, որ վաթսուն զինվոր, երկու տանկ, մեկ ԲՄՊ նորից գալիս են դեպի գյուղի մատույցներ: Մեր շտաբի պետ Աբրիկ Հայրապետյանը հասնում է իր զինվորներով. ազերի զինվորները ճողոպրում են: Ես կարծում եմ՝ ինչ-որ մեկն ասել է հակառակորդին, որ Մոնթեն լինելու է Մազիլիկ գյուղի կոլցեվոյի մոտ»:
Ըստ ազատամարտիկի՝ այս պատմությունը բավական երկար է և շատ մանրամասներ կարելի է ներկայացնել, բայց մի բանում պրն Շահմուրադյանը վստահ է՝ ոչ միայն Մոնթեի, այլև Լեոնիդ Ազգալդյանի և արցախյան շարժման լավագույն տղաների սպանությունը կարող էր պատվիրել երրորդ մի ուժ՝ Ռուսաստանի գլխավոր ռազմական հետախուզության վարչությունը:
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԱՆՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ԿՐՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի պատասխանատվությանը Մոնթե Մելքոնյանի մահվան հարցում, ըստ Շահմուրադյանի՝ ՀՀ առաջին նախագահն այդ պատասխանատվությունը անուղղակի կրում է թե Մոնթեի, թե մնացած տղաների համար: «Մոնթեին շատ հրամանատարներ ու պաշտոնյաներ խանդում էին, չէին սիրում նրան, քանի որ նա սիրված էր ժողովրդի կողմից: Եթե Մոնթեն հիմա ողջ լիներ, կլիներ ՀՀ նախագահ»- եզրափակեց Վահե Շահմուրադյանը:
Իսկ թե որտեղ է հիմա Մոնթեի ընտանիքը եւ ինչով է զբաղված, կներկայացնենք հաջորդիվ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

