«ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԱՅՍՕՐ` 150 ՏԱՐԻ ՈՒՇԱՑՈՒՄՈՎ, ԸՆԴՈՒՆԵՆ, ՈՐ ԻՐԵՆՑ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՁՎԱԾ Է»
Արխիվ 12-16«ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԹԵԿՈՒԶ ԱՅՍՕՐ` 150 ՏԱՐԻ ՈՒՇԱՑՈՒՄՈՎ, ԸՆԴՈՒՆԵՆ, ՈՐ ԻՐԵՆՑ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՁՎԱԾ Է»
Մատթեոս պատրիարքը 1846 թվականի հունիսի 21-ին ազդագիր արձակեց, որով բանադրում (նզովում) էր հայ տխրահռչակ բարեկարգիչներին, հեռացնում Հայ Առաքելական Եկեղեցուց եւ դադարեցնում նրանց հետ որեւէ հաղորդակցություն` դրանով նրանց վերջնականորեն զատելով Հայ Առաքելական Եկեղեցուց: Ավետարանականների աղանդը այնքան վտանգավոր էր դարձել, որ երբ ՄԱՏԹԵՈՍ ՊԱՏՐԻԱՐՔ ՉՈՒՀԱՋՅԱՆԸ /Չուխաճյան/ 1858 թվականին դարձավ Ամենայն Հայոց Կաթողիկոս, իր գլխավոր պարտականությունը համարեց պայքարել վասն ուղղափառ դավանանքի եւ ընդդեմ ավետարանա-բարենորոգչական հերձվածի: Նա 1861 թվականի ապրիլի 25-ին կաթողիկոսական բանադրական կոնդակ արձակեց բողոքականների (բարենորոգչա-ավետարանականների) դեմ, որով քահանաներին պատվիրում էր այդպիսիներին Հայ Եկեղեցի չընդունել եւ Եկեղեցական Սուրբ Խորհուրդներին չարժանացնել:
ԱՌ ԱՅՍՕՐ ԱՅԴ ԲԱՆԱԴՐԱՆՔ-ՆԶՈՎՔԸ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻՆ ՉԻ ՎԵՐԱՑՐԵԼ …
Առ այսօր այդ բանադրանք-նզովքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին չի վերացրել եւ բոլոր բարենորոգչական-ավետարանական հերձվածի
հետեւողները դրա տակ են, եւ որեւէ մեկը իրավունք չունի վերացնել այդ նզովքը, մինչեւ վերջիններս մեղայականով չհրաժարվեն իրենց հերետիկոսությունից եւ զղջմամբ ու ապաշխարությամբ վերստին չմիանան Մայր Եկեղեցուն: ՄԱՏԹԵՈՍ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍՆ իր կոնդակով Հայ Եկեղեցուց վտարվածներին վերստին Եկեղեցի ընդունելու համար նախապայման է դնում, որ նրանք զղջան (ընդունեն իրենց մոլորված լինելու հանգամանքը, զղջան եւ խոստովանեն), ընդունեն Առաքելական Եկեղեցու Ծեսերը, Սուրբ Խորհուրդները եւ Սուրբ Ավանդությունը:
Արեւելահայաստանի ավետարանականները, մորթապաշտական նկատառումներով, մի քանի անգամ փորձեցին խորամանկորեն վայելել Հայոց Եկեղեցու հովանավորությունը:
ԳԵՎՈՐԳ Գ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ օրոք (1866-1882 թթ.) նրանք հալածանքներից խուսափելու նպատակով առաջարկեցին առանց իրենց համոզմունքները փոխելու ընդգրկվել Հայ Եկեղեցու գիրկը, սակայն, բնականաբար, մերժվեցին: Այնուհետև ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿԻ կաթողիկոսութան օրոք (1892-1907 թթ.) նորից նույն առաջարկությունն արեցին` իրենց մոլար վարդապետության մեջ մնալու պայմանով: Նրանք նաեւ առաջարկեցին, որ իրենց հոգեւոր գործիչներին ձեռնադրի Մայր Աթոռը, սակայն նորից պնդելով, որ պահպանեն իրենց հերձվածը: Այդ խնդրանքը եւս իր լուծումը չգտավ: Ավետարանականները 1970 թվականին առաջադրեցին 1846 թվականի բանադրանքի վերացման եւ Առաքելական Եկեղեցու հետ իրենց մերձեցման հարցը, սակայն այն նույնպես իր լուծումը չգտավ: Եվ դա հասկանալի էր, քանի որ հնարավոր չէր վերացնել բանադրանքը, եթե նախապես վերացված չեն դրա պատճառները:
Ավետարանականները պետք է թեկուզ այսօր` 150 տարի ուշացումով, ընդունեն իրենց սխալը, ընդունեն, որ իրենց վարդապետությունը հերձված է, Մատթեոս պատրիարքի
խոսքերով ասած` ընդունեն, որ. «իրենք խաբված են սատանայի չար հրապույրներից»: Այնուհետեւ դադարեցնելով իրենց ինքնակոչ եկեղեցիների գործունեությունը` զղջմամբ եւ ապաշխա-րությամբ հրաժարվեն դիվապատիր վարդապետություններից եւ Հայ Առաքելական Սուրբ եւ Ուղղափառ դավանանքը խոստովանելով` վերադառնան Մայր Եկեղեցի: Այսինքն` այսպես կոչված ավետարանական եկեղեցիների լուծարմամբ է (գիտակցաբար օգտագործում ենք «լուծարում» բառը, որն օգտագործում են կազմակերպությունների պարագայում), որ պետք է լուծվի բանադրանքի խնդիրը: Մեկ այլ ուղի պարզապես չկա եւ չի էլ կարող լինել: Դա հասկանալով էր, որ ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ եւս չվերացրեց
բանադրանքը, քանզի հակառակ պարագայում Եկեղեցին պետք է ընդուներ, որ ինքն է սխալվում եւ մեղանչեր Ճշմարտության առաջ: Ավելին` Վազգեն վեհափառը 1972 թվականի դեկտեմբերի 30-ի նամակով վերջ տվեց այդ «մերձեցման շարժմանը»: Նա գրում է, թե պետք է ստուգել, թե հայ ավետարանականները որ չափով եւ ինչ ձեւով են պատրաստ ընդունել Հայ եկեղեցու Դավանությունը, Ծեսը, Նվիրապետությունը եւ կանոնական ու ավանդական սկզբունքները: Ավետարանականները այս նամակից խիստ նեղացած են մինչեւ այսօր: Նրանք մերձեցում ասելով` հասկանում էին եւ ակնկալում էին բոլորովին այլ բան եւ բնավ ո՛չ «անառակ որդու դարձ»:
Հատվածը մեջբերված է Արմեն Կարապետյանի «Ավետարանական» աղանդ կամ մի «բարենորոգչության» պատմություն» գրքից (հրատարակվել է 2011 թվականին):
Ներկայացրեց` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

