«ՀԱՃԱԽ ԴԱՏԱՎՈՐԻ ԺԵՍՏԸ, ՈՐԸ ԷԹԻԿԱՅԻ ԽԱԽՏՈՒՄ Է, ԿԱՐՈՂ ԱՎԵԼԻ ԽՈՍՈՒՆ ԼԻՆԵԼ, ՔԱՆ ԽՈՍՔԸ»
Արխիվ 12-16«ՀԱՃԱԽ ԴԱՏԱՎՈՐԻ ԺԵՍՏԸ, ՈՐԸ ԷԹԻԿԱՅԻ ԽԱԽՏՈՒՄ Է, ԿԱՐՈՂ ԱՎԵԼԻ ԽՈՍՈՒՆ ԼԻՆԵԼ, ՔԱՆ ԽՈՍՔԸ»
Այսօր արդարադատության նախարարությունն անցկացրեց հանրային քննարկում՝ Դատավորների թեկնածուների միջև սեռային հավասարակշռության մասին որոշման նախագծով նախատեսված գործողությունների ծրագրի և «Դատավորի վարքագծի կանոնները» սահմանելու մասին որոշման նախագծի վերաբերյալ: Բացման խոսքով հանդես եկավ արդարադատության նախարարի տեղակալ Արտյոմ Գեղամյանը, ով նշեց, որ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը մեծ կարևորություն է տալիս դատաիրավական համակարգի բարեփոխումների ծրագրին, և նման միջոցառումներ կազմակերպելն այդ բարեփոխումների մի մասն են կազմում. «Նման քննարկումների ժամանակ, ոչ միայն անդրադառնում ենք դատաիրավական համակարգի խնդիրներին, այլ ձեր մասնագիտական տեսանկյունից արված առաջարկությունները դնում ենք բարեփոխումների հիմքում»,- ասաց Գեղամյանը: Դատավորների վարքագծի վերաբերյալ խոսեց նաև Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Աննա Վարդապետյանը մասնավորապես նշելով, որ շատ հաճախ մարդիկ դատավորի ոչ պատշաճ վարքը շփոթում են օրենքի խախտման հետ: Բերելով օրինակ` Վարդապետյանն ընդգծեց, որ փաստաբաններից մեկը դիմել էր դատական դեպարտամենտ` տեղեկացնելով, որ,դատական նիստերից մեկի ընթացքում վրդովված խոսել է, իսկ դատավորը ձեռքի ժեստի միջոցով հորդորել է հանգստանալ: «Փաստաբանը պնդում էր, որ այդ քայլը խոսում է անկողմանակալության մասին, քանի որ դատավորը, փորձելով հանգստացնել իրեն, խոչընդոտել է իր ազատ խոսքը: Ուզում եմ փաստել` այստեղ մենք ոչ թե գործ ունենք օրենքի խախատման հետ, այլ այստեղ ունենք էթիկայի խախտման խնդիր»,- ասաց Վարդապետյանը: հավելելով, որ շատ հաճախ դատավորի ժեստը, որը էթիկայի խախտում է, կարող է ավելի խոսուն լինել, քան խոսքը: Նա նաև հավելեց, որ դատավորն, էթիկայի կանոնների շրջանակում, պարտավոր է կարգուկանոն պահպանել դատական նիստերի դահլիճում, դատական նիստին մասնակցող անձանցից պահանջել պատշաճ և հարգալից վերաբերմունք դրսևորել դատարանի նկատմամբ:
Անրադառնալով դատավորների թեկնածունների միջեւ սեռային հավասարակշռությանը Արդարադատության նախարարության Եվրաինտեգրման եւ զարգացման բաժնի պետ Նելլի Գասպարյանը ասաց, որ շարունակում է արդիական լինել կին իրավաբանների կողմից դատավորների թեկնածունների ցուցակում ընդգրկվելու հնարավորություններն ամրապնդելուն եւ ընդլայնելուն ուղղված շարունակական միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը: Հավելելով, որ օգոստոսի 20-ի դրությամբ ՀՀ-ում կին դատավորների թիվը կազմել է դատավորների ընդհանուր թվի 24տոկոսը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

