Եկել է զուսպ խոսելու ժամանակը
Արխիվ 12-16Եկել է զուսպ խոսելու ժամանակը
Ողջունելի է, որ պատասխանելով ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանի խիստ կարեւոր եւ ճիշտ պահին գրված նամակ-ահազանգին ԵԱՀԿ ԽՎ նախագահ Իլկկա Կաներվան շեշտում է, որ իր համար ընկալելի են Ա. Գեղամյանի ներկայացված փաստարկները: Կարեւոր է նաեւ, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն «աջակցում է հարցի խաղաղ և դիվանագիտական լուծմանը» եւ «երկու կողմերին հորդորում է ամեն ինչ անել՝ այդօրինակ լուծմանը նպաստելու համար»: Թեեւ կրկին տարբերություն չի դրվում թե կողմերից որն է որ սադրում է լարվածությունը, կամ որն է որ չի ցանկանում դուրս բերել դիպուկահարներին, այնուամենայնիվ մեզ համար պետք է ընդունելի լինի ԵԱՀԿ-ի զուսպ եւ ինչ-որ տեղ զգուշավոր մոտեցումը:
Հավանաբար եկել է ժամանակը, երբ թե գերտերությունները, թե միջազգային կազմակերպությունները, թե տարբեր հակամարտություններում ներգրավված կողմերը պետք է որդեգրեն հենց այսպիսի զուսպ մոտեցումներ: Անցել է միաբեւեռ աշհարհակարգի ժամանակը: Ուկրաինայում ողբերգությունը ցույց տվեց, որ նարնջագույն հեղաշջումներով այլեվս չի կարելի ժողովրդներին ծնկի բերել: Նովոռոսիայի պայքարը իր ազատության համար, դա զուտ ռուսամետ ուկրաինացիների ու արեւմտամետ բենդեռականների կռիվը չէ, դա քաղաքակրթությունների, արժեքային համակարգերի, ինչ-որ տեղ համաշխարհային կրոնական պատերազմի կիզակետն է, ուր ուղղափառ քրիստոնեությունը ծառս է կանգնել ընդդեմ հակաքրիստոնեական գլոբալիստական ուժերի ծավալապաշտության:
Չարիքի խրախուսումը հանգեցնում է խրախոսողների ոչնչացմանը այդ նույն չարիքի միջոցով: Իսլամիստ ծայրահեղականները երեկ Սիրիայում պատանդ են վերցրել ՄԱԿ-ի 43 խաղապահների, որոնց ազատության համար կռվում են Սիրիայի նախագահ Ասադի զինվորները: Սակայն ամիսներ առաջ ԱՄՆ-ն, Եվրոպան նույն ՄԱԿ-ի միջոցով փորձում էին գահնկեց անել Ասադին եւ ամեն կերպ աջակցում էին իսլամիստ ծայրահեղականներին: Միայն Ռուսաստանի դիմադրությունն էր, որ թույլ չտվեց Սիրիան վերածել Լիբիայի կամ Իրաքի, այսինքն համատարած քաոսի:
Այո, հետսհետե մեր երկրի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը ավելի ու ավելի առանցքային դերակատարում է ստանձնում աշխարհի նոր կարգերի ձեւավորման մեջ, հետեւաբար անցել են ժամանակները երբ Վաշինգտոնից, Բրուսելից կամ Ստրասբուրգից կարելի է մեր վրա մատ թափ տալով խոսել: Եկել է զուսպ խոսելու ժամանակը, եւ դա պետք է գիտակցեն Անկարայում ու Բաքվում:
Հայկ Բաբուխանյան
ՍԻՄ կուսակցության նախագահ

