ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ Բ/Կ -ՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ՍՅՈՒԶԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՊՏՂԱՋՐԱՅԻՆ ԷՄԲՈԼԻԱՆ Է
Արխիվ 12-16ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ Բ/Կ -ՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ՍՅՈՒԶԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՊՏՂԱՋՐԱՅԻՆ ԷՄԲՈԼԻԱՆ Է
Ինչպես հայտնի է, օգոստոսի երկուսին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել էր 28-ամյա Սյուզաննա Իսրայելյանը չորրորդ երեխան ծննդաբերելիս:
«Իրավունքի» հետ զրույցում Սյուզաննա Իսրայելյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանն ասաց, որ իր թոռանը հիվանդանոցից դեռ դուրս չեն գրել, քանի որ նորածնի վիճակը դեռ նորմալ չէ: «Շնչառության հետ կապված խնդիրներ կան, նաև արյան տոկոսն է ցածր: Մինչև երեխան լիարժեք չբուժվի, հիվանդանոցից դուրս չեն գրելու, ինձ այդպես են ասել» - ասաց տիկին Հասմիկը:
Սյուզաննայի մայրը նաև տեղեկացրեց, որ սեպտեմբերի 5-ին հրապարակվելու են Սյուզաննա Իսրայելյանի գործով դատաբժշկական փորձաքննության արդյունքները, որոնց հետ, սակայն, տիկին Հասմիկը մեծ հույսեր չի կապում. «Դատաբժշկական փորձաքննության արդյունքների հրապարակումից հետո կորոշենք՝ ինչ քայլեր ենք ձեռնարկելու»:
Հասմիկ Հովհաննիսյանի խոսքով՝ բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանն իր հետ զրույցում ասել է, որ պետք է սպասել դատաբժշկական փորձաքննության արդյունքներին. «Տնօրենի հետ խոսել եմ՝ նա ասում է, որ իրենք ամեն ինչ արել են փրկելու Սյուզաննայի կյանքը: Նա չի ընդունում իմ այն տեսակետը, որ աղջկաս մահվան պատճառը իր բժշկի անփութության հետևանքով է եղել: Դե բնական է, նա իր աշխատողին հո չի՞ գցի, ինձ պաշտպանի»:
Հիշեցնենք, որ մեր նախորդ հրապարակման մեջ Հասմիկ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ իր աղջկա մահվան պատճառը սույն բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժնի վարիչ Արեն Գյոզալյանն է, ով դեռ արձակուրդում է:
«Իրավունքը» կապ հաստատեց նաև «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի կանանց կոնսուլտացիայի բաժանմունքի վարիչ Հասմիկ Սարիբեկյանի հետ, ով կատեգորիկ հերքեց, որ Սյուզաննա Իսրայելյանի մահվան պատճառը բժշկական անփութությունն է: «Ախտորոշմանը բազմաթիվ բժիշկներ են ներկա եղել: Սյուզաննա Իսրայելյանը մահացել է պտղաջրային էմբոլիայից (ջուրը մտնում է անոթի մեջ ու առաջացնում խցանում, նաև արյան մակարդելիության խանգարում ու այլ խնդիրներ): Այդ հիվանդությունը կապ չունի ո՛չ սարքավորման, ո՛չ բժշկի պատրաստվածության, ո՛չ անփութության հետ: Բժիշկներն ամեն ինչ արել են կնոջ կյանքը փրկելու համար: Այդ խցանումը կայծակնային կերպով է առաջանում: Անգամ առողջ մարդու մոտ դա կարող է լինել: Քիչ դեպքեր են լինում, երբ պտղաջրային էմբոլիայից կինը ողջ է մնում: Ոչ մի երկրում, ոչ մի սարքավորում դա չի ախտորոշում»,- ասաց Հասմիկ Սարիբեկյանը:
Իսկ թե ինչու Սյուզաննա Իսրայելյանի երեխան մինչև հիմա դուրս չի գրվել, տիկին Սարիբեկյանն ասաց, որ նույն թթվածնաքաղցն ունենում է երեխան արգանդի մեջ. «Դեռ պարզ չէ՝որքան ժամանակ երեխան կմնա հիվանդանոցում, երեխայի վիճակը դեռ ծանր է»:
«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի կանանց կոնսուլտացիայի բաժանմունքի վարիչից նաև հետաքրքրվեցինք՝ Հայաստանում ծննդաբերության ժամանակ մահացության դեպքեր լինում են, սակայն ոչ մի բժիշկ գրեթե պատասխանատվություն չի կրում, քանի որ մեղքը բարդում են հիվանդի վրա: Այս անպատժելիությունն արդյոք իրենց գործին ոչ լավ տիրապետող բժիշկներին հնարավորություն չի տալիս ցանկացած նման դեպքում խուսափելու պատասխանատվությունից և խաղալ մարդկանց կյանքի հետ: «Ոչ, ոչ մի բժիշկ հատկապես մանկաբարձ բժիշկ, չի ցանկանա, որ իր պատճառով մարդ մահանա, առավելևւս երիտասարդ հղի կին, որի համար ինքն ինն ամիս չարչարվել է»,- պատասխանեց մասնագետը:
«Իսկ միգուցե մահը վրա հասնի ոչ թե դիտավորության հետևանքով, այլ պատահաբար» հարցին ի պատասխան մեր զրուցակիցն ասաց. «Պատահականություն ծննդատներում չի լինում»:
Սոնա Դավթյան

