ՊԱՐՈՒՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ. ««ՏԱԿԱՆՔՆԵՐԸ» ՓՈԽԵՑԻՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՄԵՐ ՆԿԱՏՄԱՄԱԲ»
Արխիվ 12-16ՊԱՐՈՒՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ. ««ՏԱԿԱՆՔՆԵՐԸ» ՓՈԽԵՑԻՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՄԵՐ ՆԿԱՏՄԱՄԱԲ»
Երեւանի տարածաշրջանային N 1 պետական քոլեջն ամեն տարի բեմադրում է ներկայացումներ` դասականներից մինչեւ ժամանակակից դրամատուրգների գործեր: Սակայն, այս տարին, կարծես, նրանց համար ներկայացումների առատությամբ բուռն ստացվեց, որից հետո միտք հղացավ հիմնել «Քոլեջ թատերախումբը»: Քոլեջի տնօրեն ՊԱՐՈՒՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում ափսոսանք հայտնեց. «Այսօր ընդհանրապես ներկայացումների նշաձողը շատ է իջել, որովհետեւ ինչ-որ մարդիկ բեմադրում են ժամանցային ներկայացումներ, իսկ մենք այդ նպատակը չունենք»:
Պ. Սանթրոսյանն շտապեց տեղեկացնել, որ պատրաստվում են նոր ներկայցում բեմադրել` նվիրված Սերգեյ Եսենինի ծննդյան տարեդարձին. «Ներկայացումը կհանձնենք հոկտեմբերին: Այն լավ առիթ կլինի, որ խաղանք նաեւ ռուսերենով»:
Հարցին, թե ժամանակին խոսակցություններ կար` քոլեջը փակելու մասին, Պ.Սանթրոսյանն ասաց. «Ժամանակին մոտեցումը միջին մասնագիտական կրթությանը կամ քոլեջներին այլ էր, դրա համար էլ, գուցե,
զարմանալի էր, որ կարող է քոլեջում լինել այսպիսի մասնագիտություն: Սրանով էր պայմանավորված որոշ մարդկանց վերաբերմունքը: Այսօր համատարած սերիալներ են, ազգովի բոլորս, կարծես, դերասաններ ենք, մի քիչ տարօրինակ է թվում: Բայց ժամանակը, աշխատանքն ու նաեւ մարդկանց վերաբերմունքը փոխվեց մեր կատարած աշխատանքի նկատմամբ` «Տականքները» ներկայացումից հետո: Այն խաղացինք Պատանի հանդիսատեսի թատրոնի դահլիճում` որպես դիպլոմային աշխատանք: Ներկայացմանը ներկա էին Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի դասախոսներ, թատերաշխարհի ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը: Եվ, քանի որ, թեման արդիական էր` աշակերտ-դասախոս-ուսուցիչ հարաբերություններն էին, պարոն Ղազանչյանի առաջարկով այն ընդգրկվեց Պատանի հանդիսատեսի թատրոնի խաղացանկում: Իհարկե, որոշ փոփոխություններ, ռեժիսորական մոտեցումներ կլինեն: Փորձերն արդեն ընթանում են թատրոնում` արդեն մի քիչ նորացված կազմով»,- ասաց Պ. Սանթրոսյանն ու շտապեց հպարտությամբ նշել. «Մեր քոլեջն ավարտած այս տարվա շրջանավարտներից մեկն էլ Պատանի հանդիսատեսի թատրոնում մեկ այլ ներկայացման մեջ դեր ստացավ եւ, կարելի է ասել, հանդիսանում է որպես այդ թատրոնի երիտասարդ դերասանուհի»:
Թատերախումբը հաճախ է մասնակցում մանկապատանեկան փառատոներին, հատկապես «Նռան հատիկին», բայց տնօրենի համոզմամբ. «Ի վերջո, մեր նպատակը մրցույթները չեն, այլ այն, որ գտնենք շնորհալի երեխաներ, տանք այն նվազագույնը, որը հնարավորություն կտա նրան, ի վերջո, պիտանի մարդ լինել հասարակության եւ արվեստի համար: Ինքս դերասանների գերդաստանից եմ, մեծացել եմ ՊՀԹ-ի թատրոնում եւ, ցավոք, շատ քիչ առիթ եմ ունենում հաճույքով որեւէ նոր ներկայացման գնալ»,- անհանգստացած ասաց Պ. Սանթրոսյան ու շարունակելով թեման, խոսեց թատերական ոլորտի խնդիրներից. «Եթե խոսեմ թատերարվեստից եւ թատրոնից, գուցե, գտնվեն թատերագետներ, որոնք կասեն` գնա, զբաղվիր քո գործով... Բայց ես դաստիարակություն եմ ստացել այդ միջավայրում, հիմա էլ անմիջապես շփվում եմ: Կարող եմ ասել, մենք
արվեստի առումով բարդ ժամանակներ ենք ապրում, որովհետեւ արժեհամակարգը փոխվել է: Իհարկե, բնավ նպատակ չունեմ Սովետական կարգերը գովաբանելու, բայց ամեն դեպքում, այս համատարած մակարդակի իջեցումն ազդել է, բնականաբար, նաեւ արվեստի վրա: Դրա համար, եթե տարիներ առաջ անընդհատ նոր պրեմիերաներ ու նոր «բում» էր լինում թատերական աշխարհում` հիմա, ցավոք, շատ հազվադեպ է լինում: Իսկ խնդիրը մեկն է` մասնավոր սեկտորի, բիզնեսի մարդկանց պասիվությունը: Արվեստը հովանավորներ է պահանջում... Իսկ մեզ մոտ, ցավոք, բիզնես մտածողությունը շատ դեպքերում դեռ «Գագիկի մոտ» կամ «Հովոյի մոտ» «վետերոկի» մակարդակի է: Երկորդը` որոշակի կարծրացած բաներ կան նաեւ թատերարվեստում. թատրոնի անփոփոխ գեղարվեստական ղեկավարներ, իհարկե, դա բոլորին չի վերաբերվում, բայց կան խաղացանկի հետ կապված հարցեր, որ կարծում եմ, նաեւ բերում են դրան: Այլապես ստացվում է, որ հանդիսատեսը միայն սիրում է ժամանցային ներկայացումներ: Ժամանակին կար «Տաքսի-տաքսի» ներկայացում, որն ամեն օր ցուցադրվում էր, բայց կողքին կային այլ ներկայացումներ: Եվ երորրդը` ասել, թե պետությունը ոչինչ չի անում ես այդքան էլ համաձայն չեմ, որովհետեւ Հայաստանում շատ են պետական թատրոնները, որոնք քիչ, բայց ֆինանսավորվում են: Թատրոնների տնօրինության մենեջմենտի հարցը կա այստեղ: Այն թատրոնները, որտեղ մենեջմենթ կա` ամեն օր ներկայացումներ են ունենում, իրենց եւ դերասանների ֆինանսական հարցերն են լուծում: Իսկ այն թատրոնները, որտեղ այն մոտեցումն է, թե պիտի տոմսարկղում տոմսը միայն վաճառվի ու հանդիսատեսը գա` ունենում են որոշակի խնդիրներ: Մենք ունենք շնրոհալի եւ վաստակաշատ դերասաններ, որ գնում են դրսում փառատոների ու անպայման լավ արձագանքներով են վերադանում, բայց մենք այդ մասին շատ քիչ ենք իմանում: Կարեւոր է նաեւ այսօրվա սերնդին թատրոն տանելը: Ինչո՞ւ մեր երեխաները դուրս մնացին թատրոնից, դա շատ կարեւոր հարց է: Երբ երեխային տանում ես թատրոն եւ նա հուզված դուրս է գալիս ու ասում, որ ինքը երբեք այնպես չի անի, ինչպես արեց ներկայացման հերոսն իր ծնողների հետ, ուրեմն, արդեն դա իր ազդեցությունը թողնելու է այդ երեխայի դաստիարակության վրա»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

