ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԸ ԽԱՌՆՈՒՄ ԵՆ ՇԱԼԱՆԴԻ ԽԱՂԱՔԱՐՏԵՐԸ
Արխիվ 12-16ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԸ ԽԱՌՆՈՒՄ ԵՆ ՇԱԼԱՆԴԻ ԽԱՂԱՔԱՐՏԵՐԸ
Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է կարեւոր ստուգատեսի, Եվրո-2016-ի ընտրական փուլը եւ դրա արդյունքները չափազանց կարեւոր են ոչ միայն թիմի, այլեւ Բեռնար Շալանդի համար` որպես մարզիչ: Քանզի դրանից է կախված շվեյցարացի մասնագետի հետագա աշխատանքը Հայաստանի ընտրանու հետ: Մինչ սեպտեմբերի 7-ին կայանալիք Դանիայի ընտրանու հետ հանդիպումը, ազգային ընտրանին ընկերական հանդիպում կանցկացնի սեպետեմբերի 3-ինª Լատվիայի հավաքականի հետ: Այս հանդիպումը ավելի հստակ ցույց կտա` որքանով են մեր ֆուտբոլիստները պատրաստ Եվրո-2016-ին: Վիճակը բարդանում է նաեւ նրանով, որ Հայաստանի հավաքականի մարզիչը ստիպված է որոշակի կադրային փոփոխությունների գնալ մի քանի առանցքային ֆուտբոլիստների բացակայության պայմաններում: Այսպիսով, օգոստոսի 25-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հրավեր է ուղարկել 9 ֆուտբոլիստների, որոնք կնախապատրաստվեն Լատվիայի հետ խաղին: Եվ ահա մարզական հավաքը վնասվածքների պատճառով բաց կթողնեն Մոսկվայի ՙՍպարտակի՚ հարձակվող Յուրա Մովսիսյանը եւ կիսապաշտպան Արաս Օզբիլիսը:
Օզբիլիսի բացակայության դեպքում թիմը զգալիորեն կորցնում է առաջին գծում անկանխատեսելի գործելու հնարավորությունները: Օզբիլիսը սեպտեմբերի 15-ին դարձյալ վիրահատության կենթարկվի Հռոմում: Ազգային ընտրանու կիսապաշտպանին, ըստ նախնական տվյալների, խաղադաշտում կտեսնենք մարտին: Յուրա Մովսիսյանի դեպքում էլ, ամեն բան հարթ չէ. հարձակվողի վնասվածքը թույլ չի տալիս նրանից սպասել գերարդյունավետ խաղ, եւ դա այն դեպքում, եթե Մովսիսյանին հաջողվի վերականգնվել մինչ Դանիայի հետ հանդիպումը:
Այսպիսովª կարծես թե, վիճակն այնքան էլ հաջող չի դասավորվում Հայաստանի ընտրանու համար. վնասվածքները չափից շատ են, ինչը խառնում է Բեռնար Շալանդի խաղաքարտերը: Մարզման ժամանակ վնասվածք է ստացել նաեւ ՙԱկտոբեի՚ կազմում հանդես եկող Մարկոս Պիզելին: Վնասվածքի լրջության մասին դեռ որեւէ տեղեկատվություն չկա, բայց հաշվի առնելով, որ այլեւս վերականգնվելու համար ժամանակ չկա, ցանկացած սայթաքում կարող է անդառնալի լինել ընտրանու արդյունքների համար: Հենրիխ Մխիթարյանի դեպքում գործերը հաջող են ընթանում, հայ կիսապաշտպանը մասնակցել է Գերմանիայի առաջնության մեկնարկային տուրի հանդիպմանը. ֆուտբոլիստը չի փայլել, բայց նաւեւ չի կարելի ասել, թե վատ հանդիպում է անցկացրել:
Միեւնույն ժամանակ, հավաքական հրավիրված ֆուտբոլիստների մեծ մասը ներկայացնում են Հայաստանի ներքին առաջնության ակումբները, ինչն այդքան էլ հուսադրող չէ` հաշվի առնելով մեր ներքին առաջնության ողբերգական վիճակը: Մինչդեռ օգոստոսի 15-ին Շալանդը հավաքական էր հրավիրել արտերկրում հանդես եկող 13 ֆուտբոլիստների: Ինչպես երեւում է, շվեյցարացի մասնագետի համար դեռ առաջնային խնդիր է մնում թիմի կազմը թարմացնելը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

