2015-ԻՆ ԿՈՒՆԵՆԱՆՔ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿՐԿԵՍ
Արխիվ 12-162015-ԻՆ ԿՈՒՆԵՆԱՆՔ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿՐԿԵՍ
Օրերս Ծաղկաձորում կայացած Լեոնիդ Ենգիբարյանի անվան Մնջախաղի փառատոնի ծրագրի մի մասը հագեցած էր հայկական կրկեսի դերասանների հետաքրքիր համարներով: «Իրավունքի» հետ զրույցում Երեւանի Կրկեսի գեղարվեստական ղեկավար ՍՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ հավաստիացրեց, որ իրենք միշտ հաճույքով են մասնակցում այս փառատոնին: Ավելին` տեղեկացրեց, որ շուտով կրկեսային մի փառատոն էլ իրենք են պատրաստվում հիմնել. «Կրկեսի շենքը մյուս տարվա վերջին հենց պատրաստ եղավ, արդեն հաջորդ տարի անելու ենք լուրջ միջազգային կրկեսային լիցենզավորված մրցույթ-փառատոն:
Մենք արդեն թույլտվություն ունենք եւ պատրաստվում ենք
դրան: Ուզում էինք, որ 2015 թվականին լիներ այդ փառատոնը` Լեոնիդ Ենգիբարյանի 80 ամյակին, բայց ցավոք այն մեկ տարի ուշացումով կլինի: Կարծում եմ` մենք էլ պարտավոր ենք այն անվանել Լեոնիդ Ենգիբարյանի անվամբ, որովհետեւ նա իսկական կրկեսային արտիստ էր: Եթե մնջախաղն նրա մոտ եթե 3-4 տոկոս է եղել, 97 տոկոսը նրա մոտ կրկեսն էր»,- նշեց Ս. Պետրոսյանն ու անդրադարձ կատարելով Մնջախաղի փառատոնին` ափսոսանք հայտնեց. «Միայն մի բանի համար եմ ցավում, որ Մշակույթի նախարարությունը մնջախաղի փառատոնին ընդամենը 7-8 միլիոն դրամ է տրամադրում, դրանով ինչ պետք է անեն: Պետք է լուրջ մոտենալ, ընդհանրապես փառատոներում միայն 20 հազար դոլարը մի դերասանն է ստանում: Ամեն դեպքում, կազմակերպիչներն ամեն ինչ արել են, որ լավ անցնի»:
ՄԻԱՅՆ ԵՆԳԻԲԱՐՅԱՆՆ Է ԿՐԿԵՍՈՒՄ ԱՍՏՂ ԵՂԵԼ
- Պարոն Պետրոսյան, եթե Ձեր փառատոնն էլ անվանակոչվի Ենգիբարյանի անվամբ, չի՞ խանգարի այն մնջախաղի փառատոնին:

- Ինչու պիտի խանգարի, մի տարի կլինի Ենգիբարյանի անվան, մյուս տարի` Ստեփան Իսահակյանի, հիշ՞ում եք Քաջ Նազարի ու գետաձիերի հանրահայտ համարը: Մի տարի էլ փառատոնը կանվանենք հայ կրկեսի հիմնադիր Վաղարշակ Արզումանյանի անվամբ: Միայն առաջին տարին կանվանենք Ենգիբարյանի անվամբ, քանի որ պարտավոր ենք դա անել, որովհետեւ, կրկեսում մի աստղ ենք ունեցել` Ենգիբարյանը: Չեմ սիրում աստղ բառը, 3000 աշակերտ ունեմ, որոնք աշխատում են տարբեր երկրների կրկեսում, իմ դինաստիան, բայց աստղ բառը չեմ օգտագործում, որովհետեւ միայն Ենգիբարյանն է կրկեսում աստղ եղել:
ԿՐԿԵՍԻ ՇԵՆՔԻ 2-ՐԴ ՀԱՐԿՆ ԱՐԴԵՆ ԱՎԱՐՏԻՆ ԵՆՔ ՀԱՍՑՆՈՒՄ
- Իսկ Կրկեսի շենքի կառուցման աշխատանքները ո՞ր փուլում են:
- Շենքը մեծ տեմպերով կառուցվում է, 2-րդ հարկն արդեն ավարտին ենք հասցնում: Ճարտարապետը եւ բոլոր շինարարները խոստանում են` ամեն ինչ անում են, որ մյուս տարվա վերջում շենքն արդեն պատրաստ լինի: Իմ կարծիքով` մենք պիտի հասցնենք: Եթե ուշացում էլ լինի, որը իհարկե ցանկալի չէ, գուցե 3-4 ամսվա չափով: Այնուամենայնիվ, եթե նույնիսկ մի քիչ ուշանա էլ, բայց կունենանք ժամանակից կրկես: Մենք կրկեսի շենքը «յոլա» ենք տարել: Ձմեռը` ցուրտ, ամառը` շոգ, ոչ մի հնարավորություն չկար, կենդանիների հոտը մյուս կողմից...
ԳԻՆԵՍԻ ԵՎ ԴՅՈՒՑԱԶՆԱԳՐՔԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ ՀԱՅ ԿՐԿԵՍԻ ԴԵՐԱՍԱՆԸ
Թվում է, թե Կրկեսը վերանորոգման անցնելուց հետո կրկեսային դերասաններն անգործ են մնացել: Սակայն «Իրավունքը» զրուցելով Երեւանի կրկեսի դերասան, համաշխարհային հռչակ վայելող Գինեսի ռեկորդակիր ՄՈՒՇԵՂ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ` պարզեց հակառակը: Մուշեղը նախ ներկայացրեց իր սահմանած ռեկորդն ու պատմեց շրջագայությունների ու հանդիսատեսի տարբերության մասին:
- Ունեմ Գինեսի գրքում գրանցված մեկ ռեկորդ, մեկն էլ հայ Դյուցազնագրքում: Գինեսի առաջին ռեկորդս եղել է 3 մետր 8 սանտիմետր հեծանիվով 25 մետր տարածություն հաղթահարելը, որն էլ հենց գրանցվել է Գինեսի ու Դյուցազնագրքի մեջ: Ռեկորդն արել եմ անցյալ տարվա մարտին եւ հաստատվել է այս տարվա փետրվարին: Եվ ունեմ մեկ ռեկորդ` մեկականի հեծանիվով աստիճաններ եմ բարձրացել` 30 վայրկյանում 56-ից ավելի աստիճան պիտի բարձրանայի, բայց ես 62-ը բարձրացա: Հիմա ընթացքի մեջ է, դեռ չի հաստատվել որպես ռեկորդ:
- Գրեթե 2 տարի Կրկեսը կանգնած է հիմնավերանորոգման, ինչպե՞ս եք հաղթահարում «անգործությունը»:
- Լեոնիդ Ենգիբարյանի անվան ստուդիայում եմ 1997 թվականից, կարելի է ասել ստուդիայի առաջին շրջանավարտներից եմ ու ելույթներով շատ եմ շրջագայում աշխարհում: Մեկ շաբաթ առաջ եմ եկել Հայաստան, հնարավորինս շատ եմ շրջագայում, քանի որ այլ երկրներից հրավերներ շատ եմ ունենում: Լինում է, որ ամբողջ տարվա ընթացքում բոլոր օրերը միասին մոտավորապես 2 ամիս եմ մեր տանը լինում եւ պիտի ասեմ, որ ամենաշատը կարոտում եմ մայրիկիս պատրաստած բոլոր կերակուրները: Սիրում եմ իմ հայրենիքը եւ ոչ մի ուրիշ երկրում չեմ կարող ապրել:
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՎԵՍՏԻՆ ԱՅԴՔԱՆ ԷԼ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ»
-Շատ եք շրջագայում, իսկ մեր կրկեսային արվեստը զիջո՞ւմ է միջազգային կրկեսին:
- Հայաստանում արվեստին այդքան էլ ուշադրություն չեն դարձնում, հենց մեկը` մեր կրկեսին: Մեզ անհրաժեշտ են լավ մարզիչներ, պարապելու համար հարմարություններով փորձասենյակներ, բարձրություն` օդային համարների համար, կենդանիներ` անհրաժեշտության դեպքում: Ես ուսուցիչ չեմ ունեցել, մի անգամ ինձ մեր ընկեր Գագիկն է սովորեցրել կարեւոր հնարքներից մեկը, իրեն միշտ պարտական եմ: Իսկ մնացած ամեն ինչն ինքս եմ սովորել: Օրինակ` նայում են ինձ` լավ հեծանիվ եմ քշում, փորձում են 2 անգամ, ասում են` չի ստացվում, չէ, սա իմ խելքի բանը չէ, ու գնում են: Բայց ես մի անգամ փորձեցի չստացվեց, արեցի այնքան,
մինչեւ ստացվեց: Այսպես ասած` քրտնելուց չպիտի վախենաս: Շատ պիտի պարապես, որ հասնես ինչ-որ արդյունքի:
- Իսկ շրջագայելով` ի՞նչ եզրակացության եք եկել, կա՞ հանդիսատեսի տարբերություն:
- Իմ ելույթների ժամանակ ես խոսում եմ մարդկային լեզվով` ձեռքերի կամ դիմախաղի միջոցով: Հիմնականում կարողանում եմ իմ հանդիսատեսի հետ կոնտակտի մեջ մտնել: Տարբերություն` որպես այդպիսին, չեմ նկատել, միայն կարող եմ մեր քաղաքների մեջ տարբերություն նշել: Օրինակ` Երեւանում, Իջեւանում կամ էլ որեւէ այլ քաղաքներում այնքան լուրջ չեն, որքան Գյումրիում: Եթե նրանց ստացվեց ժպիտ պարգեւել, ուրեմն` լավ է: Դրսում ավելի թեթեւ են նայում, եթե անգամ մի պահ չստացվի էլ քեզ մոտ` իրենք են ոգեւորում, թե մի հատ էլ փորձիր` կարող է եւ ստացվի: Իսկ այստեղ ասում են` հա՜, լա՜վ, չստացվեց, մի՛ արա ապեր, մեկա չի լինում:
«ԵԹԵ ՁԵԶ ԹՎԱՑԵԼ Է ԽԱԲՍ ԷՐ, ՈՒՐԵՄՆ` ԼԱՎ ԴԵՐԱՍԱՆ ԵՄ»
-Մնջախաղի փառատոնում ելույթի ժամանակ մի պահ չստացվեց խաղը, դա խա՞բս էր, թե՞ իրականում չստացվեց:
- Եթե ձեզ թվացել է խաբս էր, ուրեմն ես լավ դերասան եմ: Ոչ, ելույթիս մի մասն էր, իսկ բեմի վրա դա չկրկնեցի, որովհետեւ ինձ թվաց, թե բեմը մի քիչ շարժվում է ու հնարավոր է փլվի: Ես էլ որոշեցի փոքրիկ շատրվանի վրա իմպրովիզ անել: Ցանկացած իմ ելույթ տարբեր է ստացվում, օրինակ, ես այստեղ առավոտյան ուսումնասիրել էի տարածքը ու տեսա, որ հնարավոր է օգտագործել շատրվանը, ու արեցի դա:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

