ՙԻՋԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԸՆԴՀԱՏԱԿՈՒՄ Է
Արխիվ 12-16ԻՋԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԸՆԴՀԱՏԱԿՈՒՄ Է
Հայաստանում բնապահպանական խնդիրները շարունակում են չլուծվել, ավելին` եղած խնդիրներին գումարվում են նորերը: Մաքրելու փոխարեն, օրեցօր աղտոտվում է բնությունը, մարզերում տիրող իրավիճակի մասին էլ խոսք չկա: Այն, ինչ կատարվում է ՀՀ Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքում գտնվող Աղստեւ գետի շրջակայքում` պարզապես աննկարագրելի է: Աղստեւը, որն Իջեւան քաղաքը բաժանում է երկու հատվածների, կարծես թե, ոչ թե գետ է, այլ` աղբավայր: Գետի աջ թեւին բազմաթիվ խանութներ են, այստեղից ուղիղ գետն է թափվում խանութում եղած աղբը: Կան նաեւ հարմարեցված հատվածներ, որտեղ տեղի են ունենում անասունների մորթ, եւ կրկին ամբողջ աղբը թափվում է գետը: Արդյունքումª գետի աջ ու ձախ ափերին այնքան աղբ է հավաքված ու այնքան երկար ժամանակ է այստեղ մնացել, որ շրջակայքում տարածվել է անասելի գարշահոտություն:
Իջեւանը հարուստ է իր պատմամշակութային կոթողներով, եթե չլիներ այս համատարած աղբը, գուցե քաղաք այցելեին մեծ թվով զբոսաշրջիկներ: Պարզվում է` կուտակված աղբը նկատում են բոլորը` սկսած հասարակ քաղաքացիներից մինչեւ մարզպետարանի աշխատակիցները, սակայն ոչ ոքի չի մտահոգում այս խնդիրը: Խնդրի քննարկումներն Իջեւանի քաղաքապետարանից հասնում են մարզպետարան` մարզպետարանից էլ քաղաքապետարան, արդյունքում սայլը տեղից չի շարժվում:
Գետում կուտակված աղբի հետագա ՙճակատագիրը՚ պարզելու համար ՙԻրավունքը՚ զանգահարեց Իջեւանի քաղաքապետարան, որտեղից հայտնեցին, որ քաղաքապետ Վարդան Ղալումյանը գտնվում է Արցախում: Փորձեցինք կապ հաստատել փոխքաղաքապետի հետ, սակայն զանգերն ապարդյուն էին` երկու-երեք օր այդպես էլ ոչ ոք չպատասխանեց զանգերին, իսկ պատասխանելու դեպքում չէին կողմնորոշվում, թե ով է իրավասու խոսել այդ բոլոր հարցերի մասին:
Մի խոսքովª ստիպված էինք դիմել Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկվար Սվետլաննա Դավթյանին: Սակայն մեր զրուցակցի պարզաբանումը եւս պակաս տարօրինակ չէր. ՙԵս էլ առավոտյան, երբ քայլում եմ, տեսնում եմ այդ կուտակված աղբը, այդ խնդիրը: Չէ, բավականին աշխատանք նախկինում արվել է, նոր աշխատանք արվել է, թե չէ` չգիտեմ: Ավելի լավ է քաղաքապետարան դիմեք` հնարավոր է, որ նրանք նոր ծրագրեր ունենան՚,- նշեց մեր զրուցակիցը:
Այսինքն, եթե անգամ մարզպետարանի բարձրաստիճան պաշտոնյան է ամեն առավոտ ՙվայելում՚ այդ տգեղ տեսարանն ու գարշահոտությունը եւ դրանից հետո մտքով անգամ չի անցնում` ոչ թե նույնիսկ ի պաշտոնե, այլ գոնե որպես շարքային քաղաքացի հորդորել քաղաքապետարանին, թե` ամոթ է, մաքրեք, ապա էլ ինչի մասին է խոսքը:
Բայց երբ մարզպետարանի հորդորով եւս փորձեցինք ինչ-որ պարզաբանում ստանալ քաղաքապետարանից, մեկ է, էլի պարզվեց, որ այդ ողջ կառույցն ընդհատակ է անցել: Միայն թե, դրանից բան չի փոխվում. նույն աղբն է եւ նույն գարշահոտությունը:
Չմոռանանք նաեւ հիշեցնել, որ գետին մոտ գտնվող խանութների մեծ մասում վաճառվում է սնունդ: Իսկ դա նշանակում է, որ բացի բնությունից, վտանգված է նաեւ մարդկանց առողջությունը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

