ՙՍԻՐՈ ԱՆՈՒՐՋՆԵՐ՚` ԱՌԱՋԻՆ ԳԾԻՆ
Արխիվ 12-16ՙՍԻՐՈ ԱՆՈՒՐՋՆԵՐ՚` ԱՌԱՋԻՆ ԳԾԻՆ
Յուրաքանչյուր հայ տղայի համար բանակում ծառայության երկու տարիներն ինքնադրսեւորման յուրահատուկ հնարավորություն է, երբ նա ընտանիքից ու հարազատներից հեռու` բոլորովին այլ մարդկանց ու այլ միջավայրում փորձում է հասկանալ, թե ինչպես կարող է հաղթահարել դժվարությունները եւ պատվով կատարել այն պարտականությունները, որն ունի ընտանիքի եւ Հայրենիքի նկատմամբ: Երկու տարիների այդ ՙինքնաքննությունը՚ ծառայությունից հետո օգնում է նրանց կազմել ամուր ընտանիք եւ նպաստել պետության զարգացմանը եւ առաջընթացին:Սերժանտ ՀՐԱՉՅԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ծառայում է Հայոց բանակի N զորամասում, նա այն զինվորներից է, ով ծառայության է մեկնել ԵՊՀ-ում 4 տարի ուսանելուց հետո: Մասնագիտությամբ իրանագետ է, նշում է, որ բոլոր մասնագիտությունները առ ոչինչ են, եթե մարդը չի կարող իր պարտքը կատարել Հայրենիքի նկատմամբ: Ասում է` դեռ հնարավորություն կունենա ուսումը շարունակել մագիստրատուրայում, քանի որ առանց բանակում ծառայելու, հնարավոր չէ կյանքում հանձնել ոչ մի ՙքննություն՚:
-Ես ինձ լիարժեք մարդ չէի զգա, եթե բանակում այս երկու տարին չծառայեի: Երեք տարի ուշացումով եմ բանակ եկել, այս առումով իմ եւ ինձանից կրտսեր զինվորների մտածելակերպի միջեւ տարբերություն կա, ինչը սկզբնական շրջանում առաջացնում էր որոշակի դժվարություններ: Երբ նոր էի բանակ եկել, կարծում էի` շատ դժվարություններ կան, որոնք չեմ կարողանա հաղթահարել, սակայն ժամանակի ընթացքում հակացա, որ բոլոր դժվարություներն այստեղ հաղթահարվում են, քանի որ զինվորի կողքին են նրա ընկերները եւ բանիմաց սպաները: Բանակում վիճաբանության միակ պատճառը, իմ կարծիքով, ինքնահաստատվելու հետ է կապված: Դե հասկանալի է, դպրոցն ավարտած 18 տարեկան տղան գալիս է մի վայր, որտեղ տարբեր ընտանիքներից, տարբեր դաստիարակությամբ տղաներ են հավաքված ու նրանցից ամեն մեկն ուզում է ինչ-որ բանով աչքի ընկնել: Ամենուրախալին այն է, որ մեկ-երկու շաբաթ անց նրանք սկսում են հասկանալ, որ սա մի ընտանիք է, որտեղ չկա իմը կամ քոնը, այլ կա ընդհանուր շահ` Հայրենիքի շահը, որի պաշտպանության համար էլ ստեղծվել է այդ ընտանիքը:
Հրաչյայի համար ոգեւորիչ եւ առաջմղիչ ուժ է այն փաստը, երբ փողոցում հայ մարդը զինվորի նկատմամբ ցուցաբերում է յուրատեսակ հարգանք ու ուշադրություն, դրանից ինքն ավելի է իրեն պարտավորված զգում, քանի որ այդ մարդիկ իրեն համարում են իրենց ու Հայրենիքի սահմանների պաշտպաններից մեկը: Հրաչյան շատ ընկերներ ունի եւ ասում է` նրանց երբեք չի ների մի դեպքում` եթե դավաճանեն իրեն` առավել եւս Հայրենիքին, իսկ մնացած դեպքերում պատրաստ է զրուցել նրանց հետ:
- Որպես սերժանտ` շփվում եմ շատ զինվորների հետ, հաճախ ենք միմյանց հետ զրուցում ու բոլորս իրար հարցնում ենք, թե կկրակե±ք ձեր ընկերոջ վրա, եթե պատերազմի դաշտում հասկանաք, որ նա ձեզ դավաճանում է: Ես միշտ ասել եմ, որ այդ դավաճանությունը երբեք չեմ ների ու կկրակեմ, չնայած չգիտեմ` տվյալ իրադրության մեջ ինչպես ինձ կպահեմ: Ինձ համար մանկուց, որպես իդեալ եղել եւ շարունակում է մնալ Արցախյան ազատամարտի հերոս ՊԵՏՈՆ (Պետրոս Ղեւոնդյան), ամեն մի քայլ կատարելուց առաջ, ինձ համար օրինակ եմ դարձրել նրան: Իմ կարծիքով` հերոսությունն այն է, երբ մարդը գործում է հայրենանվեր գործեր` չսպասելով որեւէ խրախուսանքի եւ գնահատանքի, այլ գնում է այդ քայլին` իր ժողովրդին ու Հայրենիքը սիրելով: Քաղաքացիական կյանքում շատ էի լսել, որ հայ զինվորին բնութագրում էին որպես մարտունակ ու պատրաստված: Անկեղծ` դրան այդքան էլ չէի հավատում մինչեւ բանակում չշփվեցի հայ զինվորի հետ: Իրոք, նրանք շատ դիմացկուն են, մարտունակ ու պատրաստակամ` կատարելու իրենց առաջադրված ցանկացած առաջադրանք: Ծանոթանալով հայ զինվորի մարտունակությանը` հասկացել եմ, որ գալու է մի ժամանակ, որ հենց այդ զինվորները ազատագրելու են մեր բոլոր տարածքները, որոնք գրավել է թշնամին:
Սերժանտ Մխիթարյանը քաղաքացիական կյանքում արդեն հասցրել է հրատարակել իր հեղինակած բանաստեղծությունների առաջին` ՙՍիրո անուրջներ՚, ժողովածուն, բանակում նույնպես շարունակում է ստեղծագործել, սակայն փոխվել է նյութի թեման եւ ոգեշնչման աղբյուրը: Նախկինում գրեթե բոլոր ստեղծագործությունները սիրո մասին էին, բանակում սկսեց գրել Հայրենիքի, հայ զինվորի, մարտական դիրքում գտնվող ընկերների մասին: Ասում է, երբ տեսնում է, թե ինչպես են զինվորները ցուցաբերում մեծ խիզախություն, ինքնաբերաբար ծնվում են բառեր, որոնք միմյանց շաղկապվելով դառնում են բանաստեղծություն:
Տարիներ անց Հրաչյան դեռ շատ բանաստեղծություններ կգրի, սակայն այն տողերը, որոնք գրվել են սահմանին, զինվոր ընկերների կողքին, երբեք չեն նույնացվի գրված ոչ մի տողի հետ: Սերժանտի համար սիրային բանաստեղծություններ գրելու համար նրան ոգեշնչել է սիրելին, ում մասին շատ գաղտիքներ չբացեց. ՙՅուրաքանչյուր տղայի սրտում էլ կա այն միակ հայուհին, ով միշտ հեռվից հեռու նրա հետ է՚,- եզրափակեց Հրաչյան եւ մեկնեց ձեռքում պահած թղթի կտորը` վրան գրված երկու բանստեղծություն` սիրելիին` Շուշանիկ Ստեփանյանին եւ Հայոց բանակին նվիրված:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

