ՙՎԱՐԴԵՆԻՍՑԻՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԱՐՏԱԳՆԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՆՈՐՀԻՎ ԵՆ ԳՈՅԱՏԵՎՈՒՄ՚
Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վարդենիս քաղաքի բնակչությունը, չնայած հակառակորդի վերջին դիվերսիաներից դեռ ուշքի չի գալիս, բայց ինչպես տեղի քաղաքապետ ՎՈԼՈԴՅԱ ԽԼՈՅԱՆՆ է ասում, վախ չունի.
-Ուղղակի ափսոսում ենք մեր ջահել զինվորների համար, ովքեր դառնում են խրտվիլակ թուրքերի անմեղ զոհերը: Թե չէ, մենք պատերազմից չենք վախենում, բոլորս տեղը եկած տեղը մի մարդու պես բռունցք կանենք ու դուրս կգանք թշնամու դեմ, թող իրենք իրենց ժամանակակից զինտեխնիկայով չվախեցնեն: Հայի հայրենասեր, խիզախ ոգին ցանկացած զինտեխնիկայից ուժեղ է, ադրբեջանցիները կարող է լավ զինտեխնիկա ունենան, բայց երանի կտան մեր Հայոց բանակի նման մարտունակ, հզոր բանակ ունենան: Ցավալին այն է, որ տարիները թուրքերին չփոխեցին, նրանք շարունակում են իրենց գազանի բնազդով առաջնորդվելը: Դրա վառ ապացույցն այն է, երբ ադրբեջանցի դիվերսանտները առեւանգել էին գյուղի հովվի որդուն, ապա տարել գերեզմաններում մորթել, դրանից վեր գազանություն, դաժանություն չկա: Այնպես որ, թող թուրքը լավ իմանա, որ եթե համը, հանի մենք` սովորական քաղաքացիներս, պատրաստ ենք կյանքի գնով պաշտպանելու մեր հայրենիքը: Վերջին դիվերսիաների ժամանակ էլ մենք ոչ թե վախենում էինք, այլ զգուշորեն մտածում էինք` ոնց անենք, որ թուրքի պատասխանը տանք: Անդրադառնալով սահմանամերձ քաղաքի բնակչության հիմնական զբաղմունքին` քաղաքապետն ասաց, որ վարդենիսցիները հիմնականում արտագնա աշխատանքի շնորհիվ են գոյատեւում. - Սահմանամերձ քաղաքի տասնհինգ հազար բնակչության կեսից ավելին հաշվառված է, որպես սոցիալապես անապահով: Քաղաքում աշխատատեղեր չկան, որն էլ արտագաղթի հիմնական պատճառ է հանդիսանում: Հասկացեք` էստեղ ոչ թե վախի խնդիրն է, այլ ապրելամիջոց չկա, դա է, որ մարդիկ աշխատանք չունենալու պատճառով ստիպված թողնում-գնում են: Այնպես որ զբաղվածության հարցն իրոք մեզ մոտ խայտառակություն է: Նախկինում մեծ արդյունաբերական օբյեկտներ ենք ունեցել, իսկ այսօր ոչ մի արտադրական օբյեկտ չունենք, գործարաններ չկան, բոլորը փակված են: Հիմնականում մարդիկ առեւտրով ու գյուղատնտեսությամբ են զբաղված: Միայն Սոթքի ոսկու հանքն է այս պահին գործում, այն էլ լիարժեք չի աշխատում, եւ մարդիկ այստեղ ոչ թե ապրում են, այլ պարզապես ՙյոլա՚ են գնում: Վարդենիսցիները հիմնականում արտագնա աշխատանքի շնորհիվ են գոյատեւում: Ոչ պակաս քան հազար տնտեսություն վերջին տարիներին լքել է Վարդենիսը: Մի մասն էլ ժամանակավոր գնում աշխատում ու ետ է վերադառնում: Վարդենիս քաղաքում էլ, լավ գիտեք` քարքարոտ հողեր են, մնացած համայնքների նման չեն, հողագործությամբ զբաղվողների թիվն էլ, ըստ այդմ, շատ քիչ է: Բնակչության մի փոքր մասն էլ գյուղատնտեսությամբ` վարուցանքով է ապրում: