Այն, որ Պարույր Հայրիկյանը պատրաստվում է...
Արխիվ 12-16
Այն, որ Պարույր Հայրիկյանը պատրաստվում է ՀՀ նախագահի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարել, շատերի մոտ ժպիտ է առաջացրել: Բայց արի ու տես, որ կինոռեժիսոր ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԸ երկարաշունչ բաց նամակով է դիմել Հայրիկյանին, եւ այդ նամակում առկա է մի ապշեցուցիչ հատված. ՙՍիրելի Պարույր, դու անչափ թանկ ես վճարել Հայաստանի ազատության ու անկախության համար, կյանքիդ 17 տարին անցկացնելով սովետական բանտերում: Դու բոլորիցս լավ գիտես, որ բանտի ադմինիստրացիայի փոփոխությունից, անգամ դրանց ՙեվրո՚- վերանորոգման ենթարկելուց հետո` բանտը մնում է բանտ: Բաստիլիան վերանորոգման ենթակա չէ` ահա ինչու ֆրանսիական հեղափոխությունը սկսվեց հենց Բաստիլիան քանդելուց: Հայաստանն այսօր բանտ է:
Իհարկե, մի փոքր յուրահատուկ բանտ է, որտեղից պահակները մեծ պատրաստակամությամբ դուրս են ուղարկում բանտարկյալներին` որպեսզի նրանք ներսում չըմբոստանան ու հեղափոխություն չանեն, ինչպես անկեղծորեն խոստովանեց բանտապետերից մեկը: Սակայն այս բանտը մեր եւ քո երազած Հայրենիքն է ու մենք, այստեղ մնացողներս, պարտավոր ենք, իմ համոզմամբ, ոչ թե բանտապետերին փոխել, այլ բանտը վերացնել: Դրա համար հացադուլը չի օգնի՚: Պատկերացնո±ւմ եք` իր մոլեռանդ մայդանաբաղձության մոլուցքով տարված Տիգրան Խզմալյանը զարմանալիորեն այնքան անկեղծացավ, որ հրապարակեց իր թաքուն երազանքը` քանդել, վերացնել Հայաստանը: Դե ինչ ասես, նույնանման երազանք ունեն նաեւ թուրքերն ու ադրբեջանցիները, ուստի ավելացնելու ոչինչ չունեմ...Անշուշտ, մոլի արեւմտապաշտների համեմատությամբ` ոչ իշխանական խորհրդարանական ՙքառյակը՚ արդեն գրեթե հրեշտակների հավաքածու է թվում: Օրինակ, ԲՀԿ խմբակցության անդամ ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ անդրադառնալով ՙքառյակի՚ խոստացած հանրահավաքին, հայտարարեց. ՙԵնթադրում եմ, որ այս հանրահավաքը տեղի կունենա: Համենայնդեպս, չեմ տեսնում որեւէ պատճառ, որի համար ՙքառյակը՚ պետք է հրաժարվի իր առաջ քաշած ծրագրերից` բնականաբար, ժողովրդի հետ ամփոփելով 12 կետերի կատարման ընթացքը՚: Դե, սպանիք թողիք ձեր 12 կետերով, դարձրիք փչացած ձայնապնակ: Ու թեեւ արեւմտամոլները ոտ ու գլխով սխալ մարդիկ են, բայց այդ 12 կետերի մասին զարմանալիորեն ճիշտ են ասել, որ դրանք ՙժեկի պետի մակարդակի հարցեր են՚: Զարմանալի է, մի±թե ՙքառյակի՚ մտքով չի անցնում, որ հանուն այդ 12 կետերի ժողովուրդը հավես չի ունենա փողոց դուրս գալու:
Ամառային արձակուրդները մոտենում են ավարտին, սակայն արձակուրդային վտանգները գոյություն ունեն ոչ միայն բուն արձակուրդներին: Դե, տեղյակ մարդիկ շատ են խոսել, որ ՙՖեյսբուքում՚ չարժե ավելորդ անձնական տվյալներ զետեղել, որ այդ սոցցանցը ամերիկյան լրտեսության բուն է, եւ այլն: Բանը հասավ նրան, որ Վիեննա քաղաքի դատարան շուրջ 25 հազար եվրոպացիներ հայց են ներկայացրել ՙՖեյսբուքի՚ դեմ` իրենց անձնական տվյալները հատուկ ծառայություններին տրամադրելու համար: Բայց, օրինակ, տեղեկատվական անվտանգության փորձագետ ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆԸ ներկայացրել է ֆեյսբուքյան մի այնպիսի վտանգ, որը կապ չունի քաղաքականության, հատուկ ծառայությունների, շպիոնների եւ այլնի հետ. ՙՕրինակ, շատ մարդիկ երբեմն սոցցանցում հրապարակում են, որ ամբողջ ընտանիքով մի քանի օրով մեկնել են քաղաքից եւ տանը չեն: Դա հոյակապ տեղեկատվություն է բնակարանային գողերի համար՚:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

