Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական սադրանքն են պատրաստել: Երեկ` օգոստոսի 26-ի կեսօրին, վերջիններս լուրեր էին տարածել, որ հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի քաղաքացի է գերեվարվել: Ավելին` թշնամական երկրի թերթերից մեկի տվյալներով` 53-54 տարեկան տղամարդու մասին է խոսքը: Նույն աղբյուրի փոխանցմամբ` քաղաքացին հայ-ադրբեջանական սահմանը հատել է Ղազախի շրջանի Քեմերլի գյուղի մոտ: Ադրբեջանական տեղեկատվության իսկությունը պարզելու համար ՙԻրավունքը՚ դիմեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ. -Զինված ուժերից որեւէ մեկը չի կարող լինել, ՊՆ-ն փորձում է պարզել, թե որքանով է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը, այս պահին այսքանը կարող եմ ասել:
- Եվ եւս մեկ հարց` Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոսը) երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հայկական կողմը չպետք է սպասի, որ իր վրա հարձակեն, այլ ինքը պետք է հարված հասցնի Ադրբեջանին: Ինչպես է վերաբերում այս առաջարկին Պաշտպանության նախարարությունը: - Մենք դա չենք մեկնաբանում: