ԹԹՎԱԾ ՅՈԳՈԻՐՏ «ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ»- ԻՑ, ԹԵ՞ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏԻ ԱՆՓՈՒԹՈՒԹՅՈՒՆ
Արխիվ 12-16ԹԹՎԱԾ ՅՈԳՈԻՐՏ «ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ»- ԻՑ, ԹԵ՞ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏԻ ԱՆՓՈՒԹՈՒԹՅՈՒՆ
Տողերիս հեղինակն այսօր «Պավիլիոն» սուպերմարկետից հերթական գնումներ էր կատարում՝ չիմանալով, որ րոպեներ անց կանգնելու է փաստի առաջ: Բանն է, որ տողերիս հեղինակի կողմից գնված «Աշտարակ-կաթ» ընկերության ըմպելի յոգուրտը ելակի համով «յոգուրտ» ասվածից շատ հեռու էր. մի քանի կում խմելուց հետո անմիջապես հասկացա՝ գնել եմ չափանիշներին չհամապատասխող՝ կծվահամ, նույնիսկ մի փոքր գազավորված արտադրանք: Որպես «Իրավունք» թերթի լրագրող, որոշեցինք խնդրին ընթացք տալ: «Աշտարակ-կաթ» ընկերության արտադրության ղեկավար Լևոն Թոփչյանը մեզ հետ զրույցում շատ հանգիստ ձայնով (տպավորությունն այնպիսինն էր, կարծես թե Լևոն Թոփչյանը նման բողոքներ ամեն օր է լսում- հեղինակ) ասաց, որ իրենց ընկերությունը շուկա է մատակարարում չափանիշներին համապատասխան արտադրանք և մինչև ժամկետի ավարտը պատասխանատու է արտադրանքի որակական ցուցանիշների համար, եթե այն պահվում է համապատասխան պայմաններում: «Ես չգիտեմ՝ «Պավիլիոն» սուպերմարկետում յոգուրտն ինչ պայմաններում է պահվել»,- մանրամասնեց պրն Թոփչյանը:
Տեղեկացնենք, որ արտադրանքը ժամկետանց չէ .պիտանելիության ժամկետը 20.08.2014-29.08.2104 է:



«Յոգուրտը դրված էր կաթնամթերքի բաժնում՝սառը պայմաններում»,- հակադարձեցինք Լևոն Թոփչյանին, ով, հանկարծ բուն հարցից շեղվելով, հարցրեց. «Ես մի բան եմ ուզում հարցնեմ՝ իմ հեռախոսահամարը ձեզ որտեղի՞ց»:
Այ քեզ բան, փաստորեն «Աշտարակ- կաթ» ընկերության արտադրության տեղակալի համար կարևոր է իր հեռախոսահամարը, ոչ թե սպառողի ինքնազգացողությունը և ընկերության համբավը:
Բայց ինչպես և սպասելի էր, ընկերության նախնական ենթադրության համաձայն մեղավոր է սուպերմարկետը. մարկետինգային բաժնի ղեկավար Արամ Մինասյանի խոսքով՝ իրենց մասնագետը կայցելի այդ սուպերմարկետ՝ ստուգելու մնացած խմբաքանակն ինչ պայմաններում է պահվում. «Յոգուրտները+2-ից 6 ջերմաստիճանում և 14 օր պիտանելիության ժամկետ ունեն: Էդ ժամկետի ընթացքում իրենք իրենց որակական հատկանիշները չեն փոխում: Ամենայն հավանականությամբ, ջերմային ռեժիմի խախտում է տեղի ունեցել խանութում: Երևի տաք տեղ են պահել, դրա համար էլ կծվահամ եք առնում: Մասսայական բնույթ այս ամենը չի կարող ունենալ, քանի որ մնացած խանութներից էլ մենք բողոք կունենայինք»:
Այն դիտարկմանը, որ յուգորտը դրված է եղել կաթնամթերքի բաժնում՝ սառը պայմաններում, մարկետինգային բաժնի ղեկավարը պատասխանում է. «Խանութն ունի պահեստ, որտեղից մինչև բարձրացնում են բաժին, մինչև շարում են դարակների վրա, հնարավոր է՝ յոգուրտը երկար ժամանակ մնում է սայլակներում ու տաքանում է: Հետո էլ պահեստում յոգուրտը միգուցե սառնարանից դուրս լինի:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամլո խոսնակ Արմինե Սուքիասյանն էլ ասաց, որ իրենց տեսուչները կայցելեն համապատասխան վաճառակետ, ուսումնասիրություններ կանեն և ահազանգին ընթացք կտան:
Սոնա Դավթյան

