ՓՈՐՁԱԳԵՏ.«ԵԹԵ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱԿԱՐԴԱԿՆ ԻՋՆԻ ԿԵՍ ՄԵՏՐՈՎ,ԱՊԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ԾԱՆՐ ԿԼԻՆԵՆ»
Արխիվ 12-16ՓՈՐՁԱԳԵՏ.«ԵԹԵ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱԿԱՐԴԱԿՆ ԻՋՆԻ ԿԵՍ ՄԵՏՐՈՎ,ԱՊԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ԾԱՆՐ ԿԼԻՆԵՆ»
Ըստ բնապահպանների` Սեւանա լճից լրացուցիչ ջրի բացթողումը կհանգեցնի լճի մակարդակի կտրուկ իջեցմանը, ինչը ենթադրում է մեծ վտանգ Սեւանա լճի համար: Ջրաբան, Հասարակական էկոլոգիական դաշինքի փորձագետ, Քնարիկ Հովհաննիսյանն «Իրավունքի» հետ զրույցում փաստեց, որ լճի էկոհամակարգը պահպանելու համար` երկար ժամանակ է, ինչ բարձրաձայնում է, որ լճից ավելորդ քանակությամբ ջուր բացթողնելը վտանգավոր է: Ճիշտ է, լրացուցիչ ջուրն օգտագործվում է ոռոգման համար, սակայն գյուղացիներից շատերն այսօր չեն կարող իրնց հողերը ոռոգել, քանի որ ոռոգման ցանցը անբարեկարգ վիճակում է եւ անհայտ է , թե ուր է գնում լճից բացթողնված ջուրը: Խնդիրը լուծելու համար` փորձագետը նախ եւ առաջ առաջարկում է ոռոգման ցանցը բարեկարգել.«Ես այցելել եմ Արարատյան դաշտավայր, այնտեղ աղետալի իրավիճակ է, խողովակաշարերով անցնող ջուրը գրեթե տեղ չի հասնում`ծորում է, որն առաջացնում է ճահճացում: Փակաները նույնպես սարքին չեն: Որպեսզի կարողանանք արտեզյան ջրավազը թողնեք մի քիչ հանգստանա եւ վերագտնի իր պաշարները, հարկավոր է վերանորոգել ոռոգման համակարգը,-նշեց ՔՆԱՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ եւ ընդգծեց, որ հողերի աղակալումը նույնպես կապված է հենց արտեզյան ջրավազանի մակարդակի իջեցման հետ: Ըստ Ք. Հովհաննիսյանի` կազմակերպված միջոցառումների արդյունքում Սեւանա լճից հնարավոր է ջուր բաց թողնել սահմանված չափով, այսինքն`170 մլն.խմ: «Ոչ ճանապարհները, ոչ օլիգարխների տներն այդքան թանկ չեն մեր ժողովրդի համար , ինչքան Սեւանա լիճն, որը պետք է աչքի լույսի պես պահենք: Սեւանը մեր կերակրողն է, ցուրտ ու մութ տարիներին լիճն իր ձկնապաշարով փրկեց մեր ժողովրդին: Այսօր փոխանակ մենք պարտքը տանք, նորից անխնա վերձնում ենք Սեւանից, ինչքան կարելի է»,-շեշտեց փորձագետը: Նրա խոսքով`ամեն տարի ժողովրդի մոտ «լացում» են, թե տարին չորային է, որի պատճառով էլ պետք է օտվեն Սեւանից, սակայն Քնարիկ Հովհաննիսյանը փաստեց, որ մանավանդ այս տարի տարին առատ էր անձրեւներով: «Լավ ենթադրենք տարին չորային էր, գոնե կարգի բերեք ձեր ոռոգման համակարգը եւ Սեւանին ձեռք մի տվեք, որովհետեւ եթե Սեւանն իջավ կես մետր, ապա հետեւանքները շատ ծանր կլինեն, ոչ միայն լճի համար, այլեւ`մեր ստորգետնյա քաղցրահամ ջրային պաշարների համար: Սեւանը միայն գեղեցկության համար չէ»,-եզրափակեց տկն. Հովհաննիսյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

