ՎՐԱՍՏԱՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՍԿԱՑԱՎ, ՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՏՆՏԵՍԱՊԵՍ ՇԱՀԱՎԵՏ ԳՈՐԾԸՆԿԵՐ Է
Արխիվ 12-16ՎՐԱՍՏԱՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՍԿԱՑԱՎ, ՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՏՆՏԵՍԱՊԵՍ ՇԱՀԱՎԵՏ ԳՈՐԾԸՆԿԵՐ Է
Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Դամենիան` պատասխանելով Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Փիթեր Ստանոյին, ասել է, որ Վրաստանը չի միանում Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին: Օ. Դամենիան պատճառաբանել է, թե Վրաստանի կառավարությունը Եվրահանձնաժողովից այդ մասին պաշտոնական դիմում չի ստացել: Այսինքն` եթե նախկինում Վրաստանը խիստ կգայթակղվեր Ռուսաստանին պատժելու մտքից, այսօր երկմտում է: Թե ի՞նչ փոխվեց Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ հիմա, «Իրավունքը» հետաքրքրվեց Վրաստանի հարցերով փորձագետ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻՑ.
- Ուկրաինայում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո ասեմ, որ Վրաստանի նոր իշխանությունները այսպիսի հարցերում, կարծես թե կիսանեյտրալ, կիսարեւմուտքին սատարող քաղաքականություն են վարում: Մի կողմից հայտարարում են, թե ճանաչում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, Ուկրաինայի ժողովրդի հետ են եւ ասում են, որ Ռուսաստանը չպետք է խոչընդոտի այդ գործընթացին, բայց դրա հետ մեկտեղ` մեկ այլ իրողությունն այն է, որ իրենք տնտեսապես շարունակում են համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ: Նույնիսկ հայտարարեցին, որ պատրաստակամ են գյուղմթերքի քանակի արտահանումը դեպի Ռուսաստանի Դաշնություն ավելացնել:
- Այսինքն` կարո՞ղ ենք փաստել, որ այսօր Վրաստանը վերանայում է Ռուսաստանի հետ իր հարաբերությունները:
- Միայն մեկ բան կարելի է փաստել, որ իրենք իրենց պետության շահերից ելնելով են անում դա: Ժամանակին Վրաստանում գյուղատնտեսությունը գերակա ճյուղերից մեկն է եղել, իսկ այս պահի դրությամբ շատ վատ վիճակում է գտնվում: Ուստի` վրացական իշխանությունները փորձում են իրենց ապրանքների վաճառքի արտոնություններ ստանալ Ռուսաստանից, քանի որ ավելի լավ է ինչ-որ մի քանակությամբ ապրանք արտահանվի, քան թե ընդհանրապես ոչ մի տնտեսական հարաբերություն չունենա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

