ՙՄԱՐԴԻԿ ԱՌԱՋՎԱ ՆՄԱՆ ՉԵՆ ՄՏԱԾՈՒՄ, ՈՐ ԳՆԱՆՔ ԱՅՍ ԿԱՄ ԱՅՆ ԱՐՏԻՍՏԻ ՀԱՄԵՐԳԻՆ՚
Վերջին շրջանում հաճախ է խոսվում, որ հայկական շոու-բիզնեսը` էստրադան անկում է ապրում: Սակայն երգիչ, երգահան, գործիքավորող ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ՙԻրավունքի՚ հետ զրույցում չհամաձայնելով հնչած կարծիքի հետ, նշեց, որ այսօր անկում ապրում են բոլոր ոլորտները. ՙԱմեն տեղ այդ խնդիրը կա:
Մեր ասպարեզն էլ անկում է ապրում, որովհետեւ շատ բաներ թույլ են տալիս, դրան պետք է վերջ տալ: Հիմա Հանրային հեռուստատեսությունը կարծես թե այդ մաքրման պրոցեսում է, որ այդ ՙշըխկլ-դըխկլը՚` էժանագին երաժշտությունը, որ պիտի միայն ռեստորանում հնչի, այդտեղ էլ մնա: Բոլոր հեռուստաընկերությունների ղեկավարները պետք է դրա մասին շատ լուրջ մտածեն, որովհետեւ դրանով սերունդ ենք կրթում: Այսօր հեռուստացույցով մի նորմալ հաղորդման չեմ հանդիպում: Ինչ-որ սերիալային դաժան դեմքեր են, այն ժարգոնը, որ դրսում է` արդեն հեռուստատեսություն է եկել, կիսագողական կերպարներ, որ չես էլ հասկանում` ինչու է այդպես խոսում... Իրական կյանքում նման մարդկանց ես չեմ հանդիպել, ինչո±ւ եք այս ազգն այդպես դարձնում: Հնարավոր է, որ այդպիսի մարդիկ լինեն, բայց այն համատարած չէ: Իսկ այսօր 12-13 տարեկան երեխաները, որ դեռ ձեւավորված չեն, այդ սերիալններն են նայում ու դրսում այդպես են խոսում...՚: Տ. Պետրոսյանն անդրադառնալով իր եւ գործընկերների կողմից մենահամերգներ չունենալուն, դա բացատրեց այսպես. ՙՄարդիկ առաջվա նման չեն մտածում, որ գնանք այս կամ այն արտիստի համերգին: Կամ` կիրակի օրը գնանք այս համերգին, իսկ ուրբաթ օրը` թատրոն... Նման բան շատ վաղուց չկա: Այսօր ավելի շատ առօրյան է գերակշռում մարդկանց կյանքում: Այդ քարոզը չկա, որ պետք է թատրոն գնալ, ներկայացումներ նայել, դա էլ է դաստիարակություն: Էլ չեմ խոսում գիրք կարդալու մասին: Նույնիսկ մտածում եմ` աուդիո գրքեր ձայնագրելու մասին, չեն կարդում` գոնե լսեն: 12-13 տարեկան երեխան գրքեր կան, որ այդ տարիքում պիտի կարդա, բայց չի կարդում: Սերը դեպի գիրքը չկա: Երբ փոքր էի, շատ հաճախ էինք թատրոն գնում, կինոթատրոն, բալետ, դա է հիմքը: Ցանկացած մարդ, կարեւոր չէ` երաժիշտ կդառնա, թե ոչ, պիտի առաջին հերթին ՄԱՐԴ դառնա ու դրա համար պիտի իմանա, թե ինչ են բալետը, ժողովրդական պարը, դասական համերգը, ջազային համերգը, թատրոնը, կինոն, գիրքը...՚: