ՄՆՋԱԽԱՂԻ ՓԱՌԱՏՈՆԸ ՓՐԿԵՑ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻՆ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ՏԱՊԻՑ

Արխիվ 12-16

ՄՆՋԱԽԱՂԻ ՓԱՌԱՏՈՆԸ ՓՐԿԵՑ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻՆ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ՏԱՊԻՑ


Երեւանյան տապից շատերին փրկեց Ծաղկաձորում տեղի ունեցած Լեոնիդ Ենգիբարյանի անվան Մնջախաղի միջազգային 4-րդ փառատոնը, որը տեւեց 5 օր` օգոստոսյան ամենաշոգ օրերին: Ինչ խոսք, փառատոնին կային հետաքրքիր ու հայ հանդիսատեսի համար խորթ բեմադրություններ: Օրինակ, հարեւան Իրանից ժամանած «Փառադա» թատրոնի ներկայացուցիչները, ովքեր մի հատված բեմադրեցին «Չալիպա» ներկայացումից, բացի այն, որ գզգզված մազերով կենդանական ձայներ հանող «ձյաձյան» զվարճացրեց փոքրիկներին, առանձնապես այլ տպավորություն չթողեց:
Նույնքան անբովանդակ թվաց նաեւ գերմանական ՄՄՌ թատրոնի ելույթը, որտեղ երկու հասուն տղամարդ բարձրացան բեմ ու ո՛չ ժպիտ, ո՛չ թախիծ պարգեւեցին հանդիսատեսին, այլ միայն ոմանց նյարդերը սղոցեցին: Բայց արի ու տես, որ հայ հանդիսատեսին խիստ հարազատ էր թաիլանդական «Մյութ» դուետը, որն ընդունվեց բուռն ծափերով ու բրավոներով:

Էլ չասենք ճապոնացի մնջախաղաց Մակոտո Ինոեի մասին, ում` անկախ իր ներկայացրած բեմադրությունից, սիրում ու սպասում են ծաղկաձորցիները եւ Երեւանից ժամանած հանդիսատեսը: Ի դեպ, Երեւանի մնջախաղի պետական թատրոնն ու Կրկեսն էլ փառատոնին բավական հաջող ներկայացան: Սակայն այս ամենի մեջ կրկին փայլեց Մնջախաղի պետական թատրոնի տնօրեն 67-ամյա ՅՈՒՐԻ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ, ով ցույց տվեց հյուրերին ու հանդիսատեսին, թե ինչպես պետք է մնջախաղացը շարժվի եւ մինչեւ որ տարիքը կարող է շարժվել բեմում:

ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ ԴԱՐՁԱԾ
ՄԱԿՈՏՈՅԻՆ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆ ՀԱՐԱԶԱՏԻ ՊԵՍ


Ճապոնացի մնջախաղաց, պլաստիկայի վարպետ ՄԱԿՈՏՈ ԻՆՈԵՆ արդեն երկրորդ անգամ մասնակցեց Լեոնիդ Ենգիբարյանի անվան Մնջախաղի միջազգային փառատոնին: Ուշագրավ էր այն, որ Ծաղկաձորում, որտեղ էլ կայացավ փառատոնը, Մակոտոյին ընդունում էին հարազատի պես, նա էլ իրեն զգում էր ինչպես տանը: Ճապոնացի երիտասարդը, ով այսքան սիրեց ու սիրվեց հայ հանդիսատեսի կողմից, այս անգամ ոչ միայն բավարարվեց հայերեն ասելով «բարեւ» եւ «շնորհակալություն», այլ շեքսպիրյան «Ռիչարդ Երկրորդ» գործից մի ամբողջ հատված հայերեն սովորեց: Թե որքան էր այն հայեցի, սա հարցի մյուս կողմն է, բայց վերջինիս հայերեն սովորելու ձգտումը, այն էլ մի քանի ժամում, իսկապես գովելի է: Էլ չենք ասում, թե ինչ մեծ հեղինակություն էր դարձել իր անմիջականությամբ Մ. Ինոեն ծաղկաձորյան փոքրիկների շրջապատում, որոնք ոչ միայն իրար հերթ չէին տալիս նրա հետ լուսանկարվելու համար, այլեւ սովորում էին նրանից մի քանի պլաստիկ շարժումներ, ինչը համբերատար ճապոնացի բարեկամը ցույց էր տալիս նրանց:
«Ամենակարեւորը` շատ լավ հանդիսատես էր հավաքված, ինչպես առաջին տարին, այնպես էլ հիմա: Արդեն երրորդ անգամ եմ Հայաստանում ու հայ հանդիսատեսին շատ եմ սիրում: Ինչ վերաբերում է փառատոնին, անձնակազմում բոլորն իմ ընկերներն են, եւ այս փառատոնն իմ կյանքի ամենակարեւոր իրադարձություններից մեկն է»,- «Իրավունքի» հետ զրույցում անկեղծացավ, ինչպես փառատոնի նախագահ Ժիրայր Դադասյանն է բնորոշում, Ճապոնիայում Հայաստանի խորհրդանիշ Մակոտո Ինոեն:

ԹԱԻԼԱՆԴԻՑ ԺԱՄԱՆԱԾ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ ՀԱՎԱՆԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՈՐՇՉՆ ՈՒ ՍԻՐԵՑԻՆ ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ

Փառատոնի շրջանակներում գերմանական սառը ու ճապոնական ջերմ ներկայացումների, հայկական գունեղ կրկեսային շոուների ու ֆրանսիական փուչիկների մեջ առանձնացավ հատկապես թաիլանդական «Մյութ» թատրոնը, որը ներկայացնում էին ԼԻԶԱՆ ու ԱՆՈՊԸ: Բացի այն, որ խիստ դրական էմոցիաներ պարգեւեց նրանց երկու սիրաշատ ներկայացումները, նրանք նաեւ բոլորի կողմից սիրվեցին իրենց համեստությամբ, անմիջականությամբ ու հետաքրքիր խաղով:  Հայաստանից ստացած թաիլանդական տպավորությունները բացահայտելով` «Իրավունքը» զրուցեց նաեւ «Մյութ» թատրոնի դերասանուհի ԼԻԶԱ ՍՐԻՊԱՏԱՆԱՍԱԿՈՒԼԻ հետ. «Երբեք չեմ իմացել ու երբեք էլ Հայաստանի ու հայերի մասին չէի լսել, բայց երբ եկա այստեղ, իմ պատկերացումներից վեր էր ամեն ինչ: Իսկապես, շատ հիացած եմ հանդիսատեսով: Ուշագրավ էր այն, որ հայ հանդիսատեսը կենտրոնացած է դիտում մեր ներկայացումները ու շատ ուշադիր է»:

«ՓԱՌԱՏՈՆԸ ՊԻՏԻ ԽՆԴԻՐ ԿԱՏԱՐԻ»


Երեւանի Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, փառատոնի նախագահ ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԸ նույնպես փաստեց` Հայաստան ժամանած մասնակիցները սիրեցին ե՛ւ Հայաստանը, ե՛ւ փառատոնը.
- Դա սկսվեց արդեն երկրորդ տարին փառատոնին մասնակցող ճապոնիայի մեր մասնակցից` Մակոտոյից: Հիմա Ֆրանսիայի ներկայացուցիչն է շատ սիրահարված Հայաստանին: Այդ օրերին իր ֆեյսբուքյան էջում գրել էր տպավորությունների մասին: Գերմանացիները ցնցված էին ընդհանրապես փառատոնի մթնոլորտով: Այսինքն` սա մի բան է, որը շատ գնահատելի է եւ կարեւոր: Պլանավորել էինք, որ գոնե այս տարի հնարավորություն լիներ այլ մարզերում ու քաղաքներում էլ միաժամանակյա ցուցադրություններ կազմակերպել, բայց, ցավոք, այս տարի էլ դա չհաջողվեց: Խնդիրն իհարկե կրկին միջոցների բացակայությունն էր:
- Այս տարի քիչ էին երեւանյան թատերախմբերը...
- Մեզ մոտ նախատեսված էր 7 երկրից մասնակցություն, բայց վերջին պահին Վրաստանի եւ Իսպանիայի մասնակիցները չկարողացան ժամանել եւ մնացին 5-ը: Նրանց էլ պիտի հնարավորություն տրվեր լիարժեք ներկայանալու եւ այդպես էլ եղավ: Իսկ հայկական կողմի մասնակցության հանգամանքը մի քիչ այլ է, ուզում էինք, որ կրկեսային` իլյուզյոնիստական համարներ շատ լինեին: Կարեւորում ենք դա նույնպես, քանի որ բացօթյա փառատոն է, հենց այդ պատճառով էլ ընդգրկել էինք ավազանկարչություն, իլյուզյոնիստական, պարային պլաստիկայի համարներ: Իսկ զուտ մնջախաղային բեմադրություններ նախորդ փառատոներին միշտ ընդգրկել ենք:
- Փորձը ցույց է տալիս, որ որոշակի ժանրերի համար փառատոնը խթան է հանդիսանում` այն հետո դառնում է ակտուալ ու լայն տարածում գտնում: Նախորդ փառատոնի ժամանակ իտալական արձանային կերպարներին այսօր կարելի է հանդիպել խնջուքների ու հանդիսությունների ժամանակ:
- Այդ քանդակները 2008 թվականին փառատոնին մասնակցած իտալական «Silence theatro»-ի արդյուքն էր, որից հետո ձեւավորվեց այդ մոտեցումն ու տեղայնացվեց: Փառատոնը պիտի խնդիր կատարի, դեմ եմ, որ ուղղակի լինի ու մոռացվի, գնա: Ուզում եմ, որ փառատոնը կոնկրետ կոնստրուկտիվ արդյունք բերի եւ հետք թողնի: Միայն այդ դեպքում արդարացված կլինեն իր գոյությունն ու ծախսված միջոցները, ջանքերը:
- Իսկ ժամանակը չէ՞, որ փառատոնը 2 տարին մեկ անցկացնելու փոխարեն անցնի ամենամյա ռեժիմի:
- Մենք պատրաստ ենք, ուղղակի ֆինանսական հնարավորություններն են սուղ: Մեր բյուջեն կազմում է 8 մլն դրամ, իսկ ամեն տարի անցկացնելու դեպքում այն կդառնա 4 մլն: Չենք կարող 4 մլն դրամով ամեն տարի փառատոն անցկացնել: Առաջարկում եմ` համեմատության համար հետաքրքրվեք մյուս փառատոների բյուջեներով, արդեն ամեն ինչ պարզ կլինի: Չեմ համեմատում, բայց, այդուհանդերձ, կարծում եմ` պիտի մարզերում թերեւս ուշադրությունը լիներ մի քանի անգամ ավելի շատ: Եթե հավատանք մեզ, որ ասում ենք, թե իբրեւ մարզերում մշակութային կյանքը զարգացնելը շատ կարեւոր է եւ առանցքային` քաղաքականության նշանակության մեջ, ապա դա չի արվում, հենց մեր օրինակով կարող ենք ասել: Այն կարծիքին եմ, որ Երեւանը գերհագեցել է տարբեր փառատոներով, նույնիսկ` իրենց կրկնող փառատոներով, բայց հսկայական բյուջեներով: Ուղղակիորեն շատ եմ ափսոսում, մեր փառատոնը սովորական մարդկանց համար արվող փառատոն է, ոչ թե` մասնագետների: Երեւանյան շատ փառատոների նկատել եմ, որ հիմնականում մասնագետներ են գնում եւ հետաքրքվող ուսանողներ, ինչ-որ մի խավ վազելով այս դահլիճից մյուս դահլիճ, կամ համերգասրահ է գնում, եւ եթե հաշվենք այդ հանդիստեսի քանակը 500-ից չի անցնի: Բայց այստեղ հազարներով մարդիկ են գալիս, կոնցեպտն է այդպիսին` այդպես է մտածված:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում