ՙԵՍ ՉԷԻ ՑԱՆԿԱՆԱ, ՈՐ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ՏՂԱՅԱԿԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵՐ՚
Արխիվ 12-16ՙԵՍ ՉԷԻ ՑԱՆԿԱՆԱ, ՈՐ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ
ՏՂԱՅԱԿԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵՐ՚
ՙԱզդակ՚ լրագրողական ակումբում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԸ նշեց, որ ամռանը ներքաղաքական կյանքը սովորաբար լինում է համեմատաբար հանգիստ, քանի որ շատերը տրամադրվում են հանգստանալ: Սակայն հենց այս ամառ տեղի ունեցան մի շարք աշխարհաքաղաքական իրողություններ, որոնք չէին կարող չազդել իրավիճակի վրա. ՙԵս նկատի ունեմ ոչ միայն հայ-ադրբեջանական, այլ նաեւ ուկրաինական իրադարձությունները եւ առհասարակ այն, ինչ տեղի է ունենում Եվրոպայի կենտրոնում, չի կարող չազդել քաղաքական իրավիճակի վրա՚: Շարունակելով միտքը` պատգամավորն ավելացրեց.-Փառք ու պատիվ եւ խոնարհում մեր հայ զինվորներին, ովքեր կարողացան այն ձեռնարկումներն ու նպատակները, որոնք թշնամիները դրել էին իրենց առջեւ, ի չիք դարձնել, իրենց ամենաթանկ բանը` կյանքը նվիրեցին հայրենիքին, իսկ թշնամին չհասավ իր նպատակին: Սա մեկ անգամ եւս ապացուցում է, որ մեր բանակը մեր մեծագույն ձեռքբերումն է, եւ եթե ցանկանում ենք խաղաղ ապրել, պետք է ավելի արդյունավետ լինի բանակը: Մնացած քաղաքական իրողությունները ավելի քիչ նշանակալից էին, քան սահմանում տիրող իրավիճակը:
- Վերջերս ներքաղաքական ակտիվություն է սկսել ցուցաբերել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը` հայտարարելով, որ անգամ հացադուլ է անելու: Կա± արդյոք դրա կարիքը:
- Մենք բոլորս ճանաչում ենք Պարույր Հայրիկյանին, որոշակի քաղաքական նկրտումներ ունեցող, անկախության մարտիկ եւ այլն: Բայց պետք է ընդունենք, որ աշխարհում ընթանում են գործընթացներ, որոնք ազդում են այս կամ այն քաղաքական գործչի կամ ուժի վրա: Կարծում եմ, որ պարոն Հայրիկյանը պարզապես ցանկանում է մեկ անգամ եւս շրջանառության մեջ դնել իր գործոնը, իր անհատականությունը: Բայց Հայրիկյանն ինչ որ արել է, արդեն արել է եւ գնահատվել է ըստ արժանվույն, իսկ այն, ինչ փորձում է հիմա անել, ինձ համար գոնե, անընդունելի է: Ես չէի ցանկանա, որ Պարույր Հայրիկյանը տղայական հանձնարարություններ կատարի: Առաջ ես նրան ավելի շատ էի հասկանում, քան` հիմա:
- Հիմա պարոն Հայրիկյանը շրջանառության մեջ է դնում ի±ր գործունը, թե± արտաքին ուժերի ազդեցության տակ է գտնվում:
- Այս պարագայում մեկը մյուսին լրացնում է: Ցավոք, աշխարհում ընթացող գործողությունները կառավարվում են ոչ միայն երկու-երեք պետությունների կողմից, այլ նաեւ տարածաշրջանում դերակատարում ունեցող պետությունները եւս կարեւոր նշանակություն ունեն: Եթե շատերին թվում է, որ միայն ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Թուրքիան են խաղացողները եւ շահ ակնկալողները, ապա սխալվում են:
- Դեռեւս գարնան ավարտին քառյակը հայտարարել էր, որ աշնանը հանրահավաք են կազմակերպելու, սակայն այս օրերին տարաձայնություններ են նկատվում ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի տեսակետներում: Ի±նչ զարգացումներ եք տեսնում, եւ արդյո±ք ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն կբաժանվեն:
- Ես չէի ցանկանա կանխատեսումներ անել, բայց մենք հստակ գիտենք, որ այդ քաղաքական ուժերն ունեն տարբեր քաղաքական մոտեցումներ` թե° քաղաքական եւ թե° ոչ քաղաքական հարցերում: Այնպես որ, բնական է, որ կգա մի պահ, երբ հարցեր կբարձրանան, որոնց մոտեցումները տարբեր ուժերի կողմից տարբեր կլինեն, չնայած կան հարցեր, որոնցում ունեն նույնանման մոտեցումներ, ինչը եւս բնական է:
- Շրջանառվում են կարծիքներ, որ հավանական է այս աշնանը ԲՀԿ-ն կոալիցիա վերադառնա: Դուք տեղյա±կ եք դրանից:
- Ոչ, ես նման բան չեմ լսել, սակայն մենք միշտ ասել ենք, որ բոլոր այն ուժերը, ովքեր կցանկանան համագործակցել մեզ հետ` երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար, ապա մենք պատրաստակամ ենք, եւ մեր դռները բաց են իրենց առջեւ:
ԱՅՍ ԱՄՌԱՆ ՄԻԱԿ ՎԱՏ ԲԱՆԸ ԿԱՐԿՈՒՏԻՑ ՍՏԱՑՎԱԾ
ՎՆԱՍՆԵՐՆ ԷԻՆ
-Պարոն Մինասյան, Դուք ամռան ներքաղաքական պասիվ վիճակը կապում եք միայն եղանակի± հետ, թե± դիվերսիոն հարձակումները ավելի առաջնահերթ դարձան մեր երկրի համար:
- Այս ամռան միակ վատ բանը կարկուտն էր, որը ոչնչացրեց մրգի որոշակի տեսականի, եւ գյուղացիները փաստի առաջ կանգնեցին, իսկ մնացած իմաստով, քաղաքական դաշտում ամեն ինչ նույնն էր եւ միակ տարբերությունը մեր սահմանում եւ Ուկրաինայում տիրող իրավիճակներն էին: Իսկ բոլոր այն ուժերը, ովքեր սրտացավ էին այս հարցերով, միահամուռ հանդես եկան հայտարարությամբ, որը վկայում է այն մասին, որ կան արժեքներ, որոնց նկատմամբ ընդդիմություն, թե իշխանություն պարտավոր են սրբորեն կատարել ու վերաբերվել: Իսկ մնացած ներքաղաքական տարաձայնությունները բնական են, եւ միայն բնական չեմ համարում այն, որ փոխանակ ընդդիմությունը ծրագրեր առաջարկի, քննադատի իրողությունները, թշնամական կեցվածք է ընդունում:
- Արդյոք դուք կանխատեսո±ւմ եք բուռն քաղաքական աշուն:
- Շատ նորմալ աշուն եմ տեսնում, շուտով Ազգային ժողովը կսկսի իր աշխատանքները, երկրի գլխավոր խոսափողը նորից լսելի կլինի մեր ժողովրդին, որքան էլ, որ Արշակ Սադոյանը խոսափողներից մեկը տարավ իրենց տուն, բայց, միեւնույնն է խոսափողները գործելու են: Քաղաքական դաշտը բնականաբար ակտիվանալու է, եւ կարծում եմ, որ շատ չի շիկանալու իրավիճակը:
- Պարոն Մինասյան, անցյալ տարի ամռանը ՙԺառանգություն՚ կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի ակտիվ էր, քան այս տարի: Ըստ ձեզ, ինչո±վ է սա պայմանավորված:
- Կարծում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, պարզապես, ավելի իրատեսական է դարձել քաղաքականություն իրականացնելու ճանապարհին:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

