ՙՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԳՆԴԱԿԱՀԱՐՈՒՄ ԵՆ, ԻՍԿ ԿԱՆԱՆՑ ՈՒ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՍՏՐԿԱՇՈՒԿԱ ՀԱՆՈՒՄ՚
Արխիվ 12-16ԻՍԿ ԿԱՆԱՆՑ ՈՒ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՍՏՐԿԱՇՈՒԿԱ ՀԱՆՈՒՄ՚
Եզդիների շրջանում մեծ հեղինակություն վայելող, հայտնի մոսկվաբնակ գործարար Միրզա Սլոյանը նոր է վերադարձել Իրաքից, ուր մեկնել էր եզդիական համայնքի եւ հոգեւոր բարձրագույն իշխանության հետ քննարկելու ստեղծված վիճակը, ծանոթանալու փախստականների դրությանը, նաեւ օգնության ձեռք մեկնելու: Մեր հարցերին պատասխանում է ՄԻՐԶԱ ՍԼՈՅԱՆԸ:
-Ինչ տեսաք, ինչ քայլեր են ձեռնարկվում այդ մարդկանց օգնելու համար:
- Մենք եղանք փախստականների ճամբարներում, ուր ավելի քան 45-50 աստիճանի պայմաններում մարդիկ մի կերպ պատսպարվում են վրանների տակ ու բավարար ջուր ու սնունդ չունեն: Այսօր կարեւոր խնդիրներից է այս մարդկանց օգնության ձեռք մեկնելը, նվազագույն կենսապայմաններով ապահովելը: Հանձնախումբ ստեղծվեց, որը զբաղվում է այս հարցերով, մինչեւ Իրաքի պետությունը կարողանա իր համակարգված քայլերը կատարել, մասնավորապես` մարդկանց կացարաններով ապահովել: Աշխարհով մեկ դրամահավաք է սկսվել, որը թույլ կտա որոշ չափով մեղմել մեծ դժվարության մեջ հայտնված մարդկանց հոգսերը: Այդ մարդիկ կորցրել են ամեն ինչ` ունեցվածք, շատ ընտանիքներ նաեւ մարդկային կորուստներ ունեն: Ավելին քան վստահ եմ, որ Ռուսաստանի եւ Հայաստանի եզդիները եւս իրենց աջակցությունը կունենան իրենց հայրենակիցներին: Ամենակարեւորը. այս ամենից պետք է դասեր քաղել` ապագայի համար: Սա եզդիների բնաջնջման 74-րդ փորձն է:
- Ինչ է դա նշանակում:
- Փաստորեն, կատարվածը այլ կերպ չես անվանի, քան ցեղասպանություն: Մարդկանց սպանում, գնդակահարում, ոչնչացնում են, որովհետեւ նրանք այլ հավատ ունեն, մուսուլման, մահմեդական չեն: Տղամարդկանց ոչնչացնում, իսկ կանանց բռնաբարում, ստրկության են տանում: Նույնը եւ երեխաների նկատմամբ Է: Իրենց խալիֆայությունը եւ ազդեցությունը ընդարձակելու համար ոչնչի առջեւ կանգ չեն առնում եւ 21-րդ դարում գործում են վայրենի, անասնական գործելակերպով: Բայց չէ± որ քաղաքակիրթ աշխարհի աչքերի առջեւ է այս բիրտ ուժը ձեւավորվել ու հզորացել եւ այսօր այսպիսին դարձել, որ այլեւս զսպել հնարավոր չէ: Բազմաթիվ հարցականներ կան, որոնց պատասխանները մի կողմից դժվար է, մյուս կողմից էլ հեշտ է տալ: Մի±թե հնարավոր չէր, որ այսքան չտաքացնեին այս չարագործներին, նրանց օրը ցերեկով մարդասպաններ չդարձնեին եւ ամենուր ավեր չտարածեին: Գյուղերի տղամարդկանց հավաքում են մի տեղ, առաջարկում փոխել հավատը եւ մուսուլմանություն ընդունել, իսկ չհամաձայնելու դեպքում գնդակահարում են: Բայց դրանով էլ չեն բավարարվում, ամեն մեկի վրա կրկին մեկիկ-մեկիկ ստուգիչ գնդակ են արձակում` համոզվելու համար, որ սպանել են: Իսկ կանանց ու երեխաներին, որպես ապրանք, ստրկաշուկա են հանում:
- Այլ խոսքով, Հայոց ցեղասպանությունից հետո 100 տարվա ընթացքում ոչինչ չի փոխվել: Ասկյարը մնում է ասկյար` անկախ ազգությունից:
- Եթե ամբողջ աշխարհը մինչեւ այսօր դատապարտեր Հայոց ցեղասպանությունը, չէր կատարվի այն, ինչ տեղի է ունենում Իրաքում` եզդիների կոտորած: Տեսեք, թե ինչ է ստացվում: 100 տարի է` չի մոռացվել յաթաղանով իրենց համար հարց լուծելու գործելակերպը: Եվ անգամ մուսուլմանների առաջադեմ մասը մնացել է նրանց, այսպես կոչված, իսլամիստների թակարդի մեջ:
- Հայաստանի նախագահը, հանդիպելով վարչապետի հետ, ոչ միայն իր զորակցությունն է հայտնել եզդիներին, այլեւ կոնկրետ հանձնարարականներ տվել` օգնություն եւ աջակցություն ցուցաբերելու դժվարության մեջ գտնվող եղբայրական ժողովրդին:
- Մենք գիտենք, որ արձակուրդից վերադառնալով` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ոչ աշխատանքային օրը հանդիպելով երկրի վարչապետի հետ, նախ իր վերաբերմունքն է արտահայտել` դատապարտելով այն, ինչ կատարվում է Իրաքում եւ կոնկրետ հանձնարարականներ տվել Արտգործնախարարությանը եւ դիվանագիտական առաքելություններին` կրկնապատկելու իրենց ջանքերը` դատապարտելու եւ միջազգային ատյաններում հետամուտ լինելու իրավիճակի կարգավորման համար: Ասվել է նաեւ, որ Հայաստանը իր ուժերի չափով հետեւողականորեն սատարելու է բարեկամ ժողովրդին: Ես ուզում եմ առիթն օգտագործել եւ շնորհակալություն հայտնել երկրի նախագահին, ողջ հայ ժողովրդին` նման վերաբերմունքի համար: Այն եւս մեկ անգամ վկայում է մեր երկու ժողովուրդների բարեկամության եւ եղբայրության մասին:
Կուզենայի առանձնացնել նաեւ Արցախի արձագանքը: Մեզ բոլորիս ուրախություն պարգեւեց ԼՂ նախագահի մամուլի խոսնակի հայտարարությունը, որ Արցախի Հանրապետությունը պատրաստ է իր հնարավորության սահմաններում օգնել եզդի փախստականներին: Անկեղծ ասած, որպես եզդի ժողովրդի զավակ, հուզվեցի այն մեկնաբանությամբ, որ տրված էր ԼՂ նախագահի ներկայացուցչի կողմից. ՙԵզդի ժողովուրդը միակ ժողովուրդն է, որը դարձել է մեր ժողովրդի անբաժան մասը. թեպետ լինելով այլ ազգ, ունենալով այլ դավանանք, բայց դարձել է հայության մի մասը: Բախտակից ազգ ենք մենք եւ հարյուրամյակներ շարունակ միասին պայքարել ենք ընդհանուր թշնամիների դեմ, եւ այսպես ասած` մեր ճակատագիրն է միասնական դարձել: Դրա համար այն, ինչ կատարվում է եզդիների հետ, դա կատարվում է հայության հետ, ես այդպես եմ գնահատում...՚:
- Իսկ չեք մտածում, փախստականներին կարելի± է վերաբնակեցնել Արցախում եւ Հայաստանում:
- Ինչ վերաբերում է կոնկրետ փախստականներին ապաստան տալուն կամ վերաբնակեցմանը, ապա երբ կա բարի կամքը, դրանք կոնկրետ քննարկման խնդիրներ են: Հայաստանի նախագահի պատրաստակամությունը թույլ է տալիս մտածելու, որ չի կարելի բացառել նաեւ նման տարբերակի առկայությունը, եթե փախստականները ցանկություն ունենան հաստատվել նաեւ Հայաստանում: Ինչ խոսք, բնավեր եղած եզդիները կուզենային նախեւառաջ մնալ իրենց նախնիների երկրում, չլքել այն: Բայց քանի որ դառը փորձ ունեն, մարդիկ ստիպված իրենց համար բնակության ապահով վայրեր են փնտրում: Գաղտնիք չէ, որ Հայաստանը եզդիների բնակության ամենաապահով վայրն է, ես կասեի մեր երկրորդ հայրենիքը: Բայց մենք պետք է հաստատակամ ու սթափ լինենք, կարողանանք ճիշտ գնահատել իրավիճակը, սատար լինել դժվարության մեջ գտնվողին, նեցուկ դառնալ: Այս առումով լավագույն օրինակը հայ-եզդիական բարեկամությունն է եւ միշտ միմյանց կողքին գտնվելու հաստատակամությունը:
- Պարոն Սլոյան, ինչ է արվում ֆիզիկական եւ հոգեբանական նման ծանր վիճակի մեջ գտնվող ժողովրդին օգնելու համար:
- Անկասկած, այս ամենը առաջ է բերել լուրջ դժվարություններ` մարդկանց նվազագույնով ապահովելու հետ կապված: Այս խնդրի լուծման հետ կապված իրենց աջակցությունն են հայտնել շատ երկրներ` այդ թվում եւ Հայաստանը: Միջազգային բարեսիրական կազմակերպությունները եւս իրենց քայլերն են անում: Ամբողջ աշխարհում դրամահավաք է սկսվել` օգնության եւ աջակցության նպատակով: Հարյուրհազարավոր փախստականներ են հայտնվել, որոնց բնակության վայրերը գրավված, թալանված, ջարդված ու փշրված են իսլամիստների կողմից: Բնականաբար, խնդիր է առաջանում այդ մարդկանց տեղավորելու, ապաստան տալու: Արդեն շատ երկրեր ցանկություն են հայտնել ընդունել նրանց` որպես փախստականների: Այս առումով ազդեցիկ էր մեծ հայի` Շառլ Ազնավուրի կոչը փախստականներին տեղ տալ ֆրանսիական հողում, ինչո±ւ ոչ, որ նրանք կարողանան ոտքի կանգնեցնել, շենացնել մարող ֆրանսիական գյուղերը:
Զրույցը վարեց ԿԱՐԻՆԵ ՏԻՏԱՆՅԱՆԸ

