ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼԸ
Արխիվ 12-16ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼԸ
Այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Եվրամիության ղեկավարությունը, Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն հանդիպելու են Եվրասիական միության անդամ երկրների նախագահների հետ: Դեռ օրեր առաջ կար այն բանի փոքր հավանականությունը, որ կարող է անհրաժեշտություն առաջանար, որ այդ հանդիպմանը Եվրասիական միությունը ներկայանար ընդլայնված կազմով, այսինքնª ստորագրվեր Միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Բայց չէ, այդ անհրաժեշտությունը չառաջացավ, ինչը միգուցե մեզ համար շատ ավելի ձեռնտու է. ավելորդ գլխացավանքից հեռու:
ԴՈՆԲԱՍՆ
ԱՆՑԱՎ ՀԱԿԱՀԱՐՁԱԿՄԱՆ
Իսկ ավելորդ գլխացավանք կարող էինք ունենալ` հաշվի առնելով, որ թեեւ պաշտոնապես մինսկյան այդ հանդիպման իմաստը Ուկրաինայի եվրաասոցացման համատեքստում ԵՄ-ի եւ Եվրասիական միության հետ հարաբերությունների հստակեցումն է, սակայն ակնհայտ է, որ այդ թեման երրորդ-չորրորդ պլանում է լինելու: Առաջնային տեղում է ուկրաինական իրավիճակը, որից Հայաստանի կարգի փոքր երկրներն ինչքան հեռու մնան, այնքան իրենց համար լավ. ի վերջո Ուկրաինան դեռ շարունակում է մնալ ռուս-ամերիկյան գլոբալ հակամարտության գլխավոր թատերաբեմը, որին թույլատրելիից ավելի մոտենալու դեպքում ցանկացած երկիր պարզապես ենթարկվում է ոտնատակ գնալու վտանգին:
Մի խոսքովª Մինսկում հերթական անգամ կփորձեն ուկրաինական ճգնաժամի լուծումը գտնել, բայց էս գլխից էլ առանցքային դերակատարները, մեղմ ասած, հոռետեսական տրամադրություններ ունեն: Չնայածª այս հանդիպման շեմին Ուկրաինայում պատերազմական իրավիճակը բավականին ուշագրավ փոփոխությունների փուլ է թեւակոխել: Նախª նախօրեին Կիեւը որոշեց ռազմական շքերթի անվան տակ ուժի ցուցադրություն կազմակերպել: Իմաստը դժվար չէր կռահել. հատկապես վերջին շաբաթներին Դոնբասի ինքնապաշտպանության ղեկավարությունը ներկայացնում է պատերազմի ընթացքում Կիեւի կրած կորուստների պատկերը: Ըստ այդմª զոհերի թիվը 12-15 հազարի չափ է, մոտ 19-20 հազարի կարգի էլ վիրավորներն են եւ մոտ այդքան էլ դասալքել են ուկրաինական տարբեր ենթակայության զինված կառույցները: Այսպիսով, պատկերավոր ասած, Կիեւի զորքերի նախապատերազմյան եւ առաջին զորակոչի կազմը գործնականում այլեւս գոյություն չունի: Հիմա ճակատում են երկրորդ զորակոչից հավաքագրվածները, որոնց թվաքանակն ակնհայտորեն անբավարար է: Իսկ երրորդ զորակոչի արդյունքում հազիվ կարողացել են հավաքագրել ծրագրվածի մոտ 20 տոկոսը: Սրա հետ մեկտեղª ուկրաինական բանակը, տարբեր գնահատականներով, արդեն կորցրել է իր զրահատեխնիկայի 60-70, հրետանահրթիռային կայանքների մոտ 40-50 տոկոսը, գրեթե ողջ ավիացիան եւ այդպես շարունակ: Այսպիսովª չնայած Կիեւից դեռ շարունակում են հնչել մեծ-մեծ հայտարարություններ, բայց ակնհայտ է, որ հարձակողական պատերազմը նախկին ծավալով շարունակելու հնարավորություն պարզապես չկա:
Առավել եւս, որ դիմացը ձմեռ է, ուկրաինական տնտեսությունը մեռնում է ուղղակի աչքի առաջ, ֆինանսական ճգնաժամն օր օրի սրվում է, սոցիալական վիճակը պայթյունի շեմին է: Սրա հետ մեկտեղ նաեւ Գերագույն Ռադայի ընտրություններ պետք է անցկացվեն, եւ այս ամենը խոսում է, որ ուժի ցուցադրությունը միակ բանն է, որն այսօր մնացել է Կիեւին, այն էլ ոչ թե դեմքը փրկելու, այլ ինքն իրեն մի փոքր հուսադրելու համար:
Բայց Կիեւում անցկացվող պաշտոնական արարողությունների ժամանակ Պորոշենկոյի որդու ուշագնաց լինելը կարծես թե նմանվեց երկնային նախանշանի, որ զորահանդեսն էլ օգուտ չի տալու: Եվ այդ նախանշանն անմիջապես իր երկրային արտացոլումն ստացավ Դոնեցկում, որտեղ նույն օրը նույնպես Կիեւի զինվորականները շարքերով անցնում էին քաղաքի փողոցներով, բայց արդեն ռազմագերիների տեսքով: Սրանից զատ նույն օրն էլ Դոնբասի զինվորականությունը հայտարարեց հակահարձակման անցնելու մասին, որի արդյունքում Կիեւը, նախնական տվյալներով, կորցրեց եւս մոտ 50 միավոր զրահատեխնիկա, 1000-1200 սպանված եւ վիրավոր, մոտ մեկ տասնյակի չափ բնակավայրեր եւ, ամենակարեւորը, ճակատային երեք հատվածներում Կիեւին ենթակա մոտ 7000 զինվորականներ իրենց շտաբներով հանդերձ հայտնվել են շրջափական մեջ: Ընդ որում, երեկ շարունակվող այդ ընդհանուր հարձակումը մի շարք նյուանսներ եւս ի ցույց դրեց: Ամենակարեւորը. Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնապաշտպանության ուժերը հանդես են գալիս մեկ ընդհանուր հրամանատարությամբ եւ բանակային հստակ կառուցվածքային տեսքով: Այսինքնª պաշտպանական մարտերի ընթացքում մի կողմից մինչեւ վերջ հյուծելով Կիեւի ռազմական մեքենան, եւ դրանով իսկ նրան զրկելով մարտունակ բանակի վերածվելու հնարավորությունից, ինչ-որ ՙհրաշքով՚ Դոնբասի ինքնապաշտպանությունն ինքը կարողացավ վերածվել լավ զինված, բավարար կազմով միանգամայն մարտունակ, բարձր բարոյահոգեբանական մակարդակ ունեցող, ակնհայտորեն միանգամայն գրագետ եւ փորձառու կառավարում ունեցող իսկական բանակի, ինչը, հասկանալի է, որ հենց այնպես, օդից չի ընկնում: Ինչքանով էր այս փոխակերպումը սպասելիª էականը ոչ թե դա է. այլ այն, որ հարձակմանը հակազդելու եւ ոչ մի ռեալ միջոց Կիեւը գոնե երեկվա դրությամբ դեռ չի գտել: Եվ դժվար է ասել, թե ինչ կգտնի, հաշվի առնելով, որ ուկրաինական ստորաբաժանումները հիմնականում նախընտրում են հաճախ զենք-զինամթերքն էլ թողած` փախուստի դիմելª դրանով իսկ ավելի ամրապնդելով դոնբասյան բանակին ու թուլացնելով Կիեւի առանց այն էլ գերթուլացած մարտունակությունը: Ավելին. եթե Դոնբասի բանակին հաջողվի արագորեն լիկվիդացնել շրջափակման մեջ հայտնված ուկրաինական խմբավորումները, դա գործնականում կնշանակի պատերազմի ավարտ, հաշվի առնելով, որ դրանից հետո մինչեւ Կիեւ դոնբասյան զորքի առջեւ այլեւս գրեթե մարտունակ զորամիավորումներ չեն մնա: Եվ եթե անգամ դոնբասյան բանակը չշարժվի դեպի Կիեւ, ապա հաստատ գոնե նովոռոսիական մյուս բոլոր տարածաշրջաններըª Խարկովից մինչեւ Օդեսա, կփորձի վերցնել իր ենթակայության տակ:
ՊՈՐՈՇԵՆԿՈՆ ՓԱԿՈՒՂՈՒՄ
Թե ինչու դոնբասյան հարձակումը սկսվեց հենց այս օրերին, կարելի է կռահել. մինսկյան հանդիպումը այս իրողությունների ֆոնին բոլորովին այլ ընթացք կստանա: Դրա հետ մեկտեղ Կիեւ այց կատարած կանցլեր Մերկելը եւս ո°չ քաղաքական տեսանկյունից եւ ո°չ էլ անգամ ֆինանսական առումով առանձնակի հույսեր Պորոշենկոյին չներշնչեց: Այս օրերին մոտավորապես նույն ազդակներն են ստացվում նաեւ եվրոպական մյուս առաջատարիցª Ֆրանսիայից: Ճիշտ է, Կիեւին հույսեր եւ հանձնարարականներ տվողը ոչ թե եվրոպական լիդերներն են, այլ Վաշինգտոնը: Սակայն ժամանակակից կյանքը լավ ՙջոկող՚ միլիարդատեր Պորոշենկոն հազիվ թե չտեսնի այն երկրների ճակատագիրը, որտեղ Ուկրաինայի օրինակով ԱՄՆ-ը դեմոկրատիա է տարածել: Ընդ որում, բոլոր այդ երկրներում էլ դեմոկրատացումից հետո իշխանության ղեկը վերցրել են Վաշինգտոնին հնազանդորեն ծառայողները եւ, գրեթե առանց բացառության, ինչպես այդ երկրներին, այդպես էլ դրանց ամերիկամետ առաջնորդներին, շատ չանցած, բավականին դառը ճակատագիր է վիճակվել: Այս օրերի Իրաքը, Լիբիան, բնականաբար, ասվածի վառ ապացույցն են, մինչդեռ իր իշխանության օրերին Պորոշենկոն շատ ավելի լուրջ հանցանքներ է գործել, քան ՙդեմոկրատացած՚ մյուս բոլոր երկրների ղեկավարները միասին վերցրած: Դե ուրեմն թե ինչ կլինի անձամբ Պորոշենկոյի հետ, երբ Վաշինգտոնն այս երկրի ՙդեմոկրատացումից՚ եւս հոգնի, դժվար չէ կռահել: Իսկ դա, կարծես թե, իր հերթին է արդեն սկսել ուրվագծվել, հաշվի առնելով, որ Վաշինգտոնն արդեն իսկ մի տեսակ ակամա Իրաքում սկսել է խրվել պատերազմի մեջ, որի արձագանքներն ամեն պահի կարող են զգացվել նաեւ բուն ամերիկյան ու բրիտանական փողոցներում:
Եվ ահա հենց հիշատակված բեռով եւ Վաշինգտոնից էլ ակնհայտորեն հույսը կտրած` Պորոշենկոն պատրաստվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մինսկի հանդիպմանը, եւ, կարելի է ենթադրել, որ կփորձի գոնե ստվերային ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերել, հաշվի առնելով, որ ռազմաճակատային իրավիճակի այս փոփոխություններից հետո դժվար է ասել, թե ինչ պատասխան կստանա: Համենայնդեպսª Մոսկվայի օրինակով Դոնեցկի փողոցներով ռազմագերիների երթի անցկացումն ավելի շատ նման է ակնարկի, որ Պորոշենկոյին, ըստ ամենայնի, միայն անվերապահ կապիտուլյացիայի պահանջ կներկայացվի:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

