ՙԻրավունքի՚ հավաստի աղբյուրների փոխանցմամբ` օգոստոսի 23-ի գիշերը Մաշտոցի փողոցում վիճաբանություն է եղել, որն ավարտվել է ծեծով: Ըստ նույն աղբյուրների` միմյանց հետ վիճաբանել են Արայիկ Մեխակյանը, ով առավել հայտնի է Նեմեցի Արո մականվամբ եւ ՙՄարաթուկ՚ տուրիստական ընկերության սեփականատեր Զորիկ Վարդանյանը (Մարաթուկի Զորիկ):
Ըստ որոշ տեղեկությունների` վիճաբանությունը ֆիքսել են ՙՄարաթուկ՚ ընկերության` դրսում տեղադրված տեսախցիկները: Լուրի իսկության մեջ մեկ անգամ եւս համոզվելու համար դիմեցինք ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությանը, որտեղից նշեցին, որ շաբաթ օրը գիշերը Մաշտոցի 16 հասցեից նման ահազանգ ստացվել է, սակայն տեղ հասնելուն պես որեւէ մեկին չեն հայտնաբերել: Այս պահին ստուգումներ են կատարվում: Նշենք, որ երբ փորձեցինք կապվել կողմերի հետ, պարզվեց, որ Զորիկ Վարդանյանը Հայաստանում չէ, իսկ Արայիկ Մեխակյանը, կարծես բանից բեխաբար, մի բան էլ մեզանից հարցրեց, երբ, որտեղ, ում հետ... եւ դրեց լսափողը: