«ՕՁՈՒՆԻ ԳԱՆՁԵՐ»-ՈՎ ՎԵՐԱԱՐԺԵՎՈՐՎՈՒՄ Է ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒ
Արխիվ 12-16«ՕՁՈՒՆԻ ԳԱՆՁԵՐ»-ՈՎ ՎԵՐԱԱՐԺԵՎՈՐՎՈՒՄ Է ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ Լոռու մարզի եւ հարեւան 7 գյուղերի տեղական արտադրության մթերքները եւ պատմամշակութային ժառանգությունն վերաարժեւորելու նպատակով արդեն 3-րդ տարին է, ինչ Օձունում անցկացվում է «Օձունի գանձերը» ամենամյա փառատոնը: Տարեցտարի փառատոնի շրջանակները ընդլայնվում են, բացի Օձունի հարակից համայնքներից` այս տարի փառատոնին հնարավորություն ունեցան մասնակցելու նաեւ այլ գյուղեր: Այս տարի հյուր գյուղերի թիվը հինգն էր`սահմանամերձ Չինարի եւ Բերքաբեր , ինչպես նաեւ Այրում , Լճկաձոր, Փանիկ գյուղերը: Փառատոնի շնորհիվ գյուղացիներն իրենց ստացած բերքն ու բարիքը ոչ միայն ցուցադրեցին զբոսաշրջիկներին եւ իրենց հայրենակիցներին, այլեւ`վաճառեցին:
Օձունի գյուղապետ Արսեն Տիտանյանի խոսքով`փառատոնի անցկացումն առաջին հերթին խթանում է գյուղմթերքների վաճառքին եւ նպաստում է աշխատատեղերի ստեղծմանը: «Կարեւոր է, որ փառատոնը տեղի է ունենում հենց Օձունում, քանի որ այն մեծ հնարավորություն է տալիս գյուղացուն իրացնել իր ստացած բերքը, բացի այդ ,փառատոնի հյուրերը տեղեկանում են, թե այստեղ գյուղացին ինչեր է արարում: Նախկինում գյուղմթերքի իրացման հետ կապված կային բազմաթիվ խնդիրներ, սակայն այսօր այդ խնդիրը լուծվել է, քանի որ կան մթերողներ: Չնայած դրան, գյուղը շարունակում է ունենալ խնդիրներ, առաջին տեղում բարեկարգման խնդիր է, կան նաեւ մշակութային մի շարք խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ տանում եք աշխատանքներ»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Ա. ՏԻՏԱՆՅԱՆԸ:
G2iA-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Զոհրաբ Մինասյանը փաստեց, որ նախորդ տարվա համեմատ այս տարի թե այցելուների թե մասնակիցների թիվը երկու անգամ գերազանցում է: Նա փառատոնի ամենամեծ ձեռքբերումը համարեց այն, որ փառատոնի կազմակերպչական աշխատանքերով արդեն զբաղվում են տեղաբնակները`«Կանդար» կոպերատիվի աջակցությամբ. «Այս տարի փառատոնում ավելի շատ ենք ուշադրություն դարձրել մշակութային հատվածի վրա, բացի այդ, ավելի շատ են ներկայացված գյուղատնտեսական մթերքները: Սա եւս մեկ առիթ է, որպեսզի գյուղացիները կարողանան ցուցադրել ու վաճառել իրենց մթերքը, ինչը շատ է ոգեւորում գյուղացուն: Փառատոնում միշտ էլ որոշակի բացթողումներ լինում են, որը նկատում ենք միայն փառատոնն ամփոփելուց հետ: Սակայն կարեւորն այն է, որ ամեն տարի այդ բացթողումները նվազում են»,-նշեց ԶՈՀՐԱԲ ՄԻՆԱՍՅԱՆԸ:
Փառատոնի ընթացքում օտերերկրյա զբոսաշրջիկներին ներկայացվեցին նաեւ հայկական ավանդական երգն ու պարը, նրանք հայերի օգնությամբ կարողացան սովորել նաեւ հայկական որոշ պարեր: Իսկ փառատոնի ավարտին իրենց հետ տարան «Օձունի գանձեր»-ից`խոստանալով հաջորդ տարի եւս գալ, քանի որ Հայաստան աշխարհի տված բերք ու բարիքն ուրիշ է, որին ոչ մի այլ տեղ չեն հանդիպել:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

