«» «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՈՒՐԸ ՊԵՏՔ Է ԴԱՐՁՆԵԼ ՇԱՀԱՎԵՏ»
Արխիվ 12-16
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՈՒՐԸ ՊԵՏՔ Է ԴԱՐՁՆԵԼ ՇԱՀԱՎԵՏ»
Տնտեսագետ Թաթուլ Մանսերյանն անդրադառնալով Հայաստան կատարած Վրաստանի վարչապետի այցին` փաստեց, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական շահավետ կապերը շատ երկչոտ ձեւով են իրացվում: Այստեղ տնտեսագետը տեսնում է նաեւ Հայաստանի մեղքի բաժինը , քանի որ նախարարներից շատերը չեն ճանաչում վրացի իրենց պաշտոնակիցներին, ինչը պարտադիր պայման է հարաբերությունների զարգացման համար: «Մենք դատապարտված ենք Վրաստանի հետ շատ սերտ համագործակցություն ծավալելու: Երկու երկրներն էլ համարվում են Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ եւ ոչ խտրական վերաբերմունքը պարտադիր պայման է, այսինքն` այս առումով մենք պարտադրված ենք համագործակցելու համար: Ասել եմ ու կկրկնեմ` փոխլրացնող գործոնները պետք է դիտարկել երկու երկրների տարբեր տարածաշրջանային միությունների անդամակցության սկիզբը: Եթե գիտակցությունը այստեղ գերիշխի, ապա մենք վրացների հետ կարող ենք օգուտներ քաղել` թե՛ մեկ, թե՛ մյուս միություններից»,- նշեց Թաթուլ Մանսերյանը:
Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքով` տարածաշրջանի հարեւան երկրների հետ Հայաստանը հիմնականում առեւտուր է անում հենվելով ներմուծման վրա: Ադրբեջանի հետ չկա առեւտրային ոչ մի հարաբերություն, իսկ Թուրքիան եւ Իրանը հանդիսանում են խոշոր գործընկերներ, որոնք ընդգրկված են հնգյակ երկրների շարքում , որոնց հետ Հայաստանը իրականացնում է խոշոր չափերի առեւտուր: «Իմ կարծիքով Վրաստանի հետ մեր ունեցած վիճակագրությունը խաբուսիկ է , քանի որ Վրաստանով շատ ապրանքեր Թուրքիայից եկող ապրանքներն են: Այսինքն` մենք չենք կարող Վրաստանին բաժին ընկնող արտաքին առեւտուրը վերագրել զուտ վրացական եւ հայկական ապրանքերի փոխանակման»,-շեշտեց ԳԱԳԻԿ ՄԱԿԱՐՅԱՆԸ եւ ընդգծեց, որ Վրաստանի հետ առեւտուրը պետք է դարձնել ավելի փոխշահավետ:
Անդրադառնալով Վերին Լարսի հիմնախնդիրներին` Գ. Մակարյանը ավելացրեց, որ այդ հիմնախնդիրը հայերի համար դարձել է Աքիլլեսյան գարշապար, քանզի երկար տարիներ այն մտահոգել է հայաստանյան գործատուներին:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

