«ՊԱՐԱՆԸ ՎԶՆԵՐԻՍ ԳՑԱԾ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ԷԼԻ»
Արխիվ 12-16«ՊԱՐԱՆԸ ՎԶՆԵՐԻՍ ԳՑԱԾ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ԷԼԻ»
Ադրբեջանն այդպես էլ տարիների ընթացքում շարունակեց մնալ որպես նույն կացնային մտածելակերպով առաջնորդվող վայրի ցեղը ու երբեք էլ չդարձավ գոնե վատ հարեւան Հայաստանին: Ի՞նչ հարեւան, եթե միայն թշնամուն է հատուկ խաղաղ բնակչության վրա կրակահերթ արձակել ու այդպիսով նոր աստղ վաստակել ուսադրին, անկախ նրանից, դիմացինը զինվոր էր, թե` մշակ…
Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ ՎԱՉԻԿ ՄԵԼՔՈՒՄՅԱՆՆ էլ վերը ասվածի վառ ապացույցն է: Հենց իր հետ կատարվածի, սահմանամերձ գյուղի առօրյայի ու Ադրբեջանի հետ չեղած հարեւանության մասին էլ «Իրավունքը» խոսեց նրա հետ:
-Ե՞րբ եւ ինչպե՞ս եք վիրավորվել հակառակորդի գնդակից:
-2012 թվականի հուլիսի 1-ն էր, առավոտ շուտ գնացել էի այգին սրսկելու: Բայց, երբ մի մարգը սրսկեցի, արդեն լուսադեմ էր եւ այդտեղ էլ խփեցին ադրբեջանական դիպուկահարները: Զանգահարեցի, որ օգնության հասնեին, բայց հեռախոսն անհասանելի էր ու մոտ մի 100 մետր, ոտքերս բռնելով, ինձ քաշել եմ ու հեռացել վտանգավոր տարածքից: Նոր հետո զանգահարեցի, արդեն դիրքերի մեր տղերքին իմաց տվեցի, եկան օգնության: Ինձ էլ տարան հոսպիտալ...
- Փաստորեն, դեպքից հետո այլեւս հողն էլ մնաց անմշակ…
- Հիմա էլ արդեն այդ հողը վայրիացել է ու մշակման էլ ենթակա չէ:
- Վերջին շրջանում Ներքին Կարմիրաղբյուրի ուղղությամբ հակառակորդի կրակոցներն ի՞նչ հաճախականությամբ են լինում:
- Հիմնականում գիշեր է լինում է, հիմա էլ ավտոմատով չեն կրակում, մեծ զենք են սկսել կիրառել:
- Բացի կրակոցները, ի՞նչ խնդիր ունի գյուղը:
- Լրիվ քանդված են տները, բայց ավելի մեծ խնդիր է, որ աշխատանք չկա ու մարդիկ չեն կարողանում աշխատել: Արդեն ստիպված գյուղից դուրս են գալիս, բայց որ խաղաղություն լինի, մարդիկ կաշխատեն ու իրենց ընտանիքն էլ մի բանով կպահեն: Օրինակ, ես 30 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում, մի 80 էլ տղաս է ստանում, 100 հազարով կարո՞ղ ես ընտանիք պահել: Այն էլ 6 շունչ` ես` հաշմանդամ, կինս` վատառողջ, փոքրիկ ունենք, հասուն աղջիկ ունենք, հարս ունենք:
- Իսկ Ձեր երեխաները կշարունակե՞ն Ձեզ պես հերոսաբար ապրել այս գյուղում:
- Հիմա տղաս ասում է, որ ուղղակի մեր խաթր է մնում այստեղ, ի՞նչ կա այստեղ, որ ապրի: Այս վիճակը տեսնողն այստեղ կապրի՞: Եթե մարդ գիշերն իր տանը հանգիստ չպառկի ու քնի, դա ի՞նչ կյանք է, ի՞նչ ապրուստ է: Ուզում է էդ տունը լի ու բոլ լինի, ոչ մեկին պետք չի: Էդ կրակոցները հերիք է, որ մարդու նյարդերը խախտվի, անընդհատ խոսակցության պատճառ դառնա: Երիտասարդներն ասում են` դուք չեք ուզուոմ գնալ էստեղից, մենք էլ ձեր պատճառով մնում ենք կրակի տակ: Ու սա մենակ իմ խնդիրը չէ, լրիվ գյուղն է այդպես:
- Որպես սահմանամերձ գյուղի բնակիչ` ըստ Ձեզ, այս հակամարտության հարցի լուծումը ինչպե՞ս եք տեսնում:
- Ես կարո՞ղ եմ հարցի լուծումն ասել, ես չեմ կարող: Իրենց բնակչությունն էլ երեւի չի ուզում, որ այսպես լինի: Մենք ուզում ենք խաղաղ պայմաններում աշխատել ու ապրել, մնացածն արդեն ղեկավարության գործն է:
-Ինչպես հասցրեցի նկատել, խանութի ապրանքների գինն էլ է այստեղ թանկ:
- Բա ինչ է, Երեւանից են բերում այստեղ վաճառում: Իհարկե, պետք է թանկ լինի: Ուղղակի, ինչպես ասում են, պարանը վզներիս գցած ապրում ենք էլի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

