ԻՆՉՈՒ ԵՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄՈՒԼՏՖԻԼՄԵՐՈՒՄ ՊԱԿԱՍԵԼ ՄԱՐԴԱՆՄԱՆ ՈՒ ԲԱՐԻ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ
Արխիվ 12-16ՊԱԿԱՍԵԼ ՄԱՐԴԱՆՄԱՆ ՈՒ ԲԱՐԻ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ
Տարիներ առաջ մանուկների համար հայկական ու ռուսական մուլտֆիլմերի գեղեցիկ, բարի եւ մարդանման կերպարները կրում էին ուսուցողական բնույթ: Դրանք երեխաներին սովորեցնում էին սիրել բարին եւ գեղեցիկը, ինչը չենք կարող ասել ժամանակակից մուլտֆիլմերի հերոսների մասին: Հին ու բարի մուլտֆիլմերը սիրված էին նաեւ մեծահասակների կողմից: Այսօր բարի կերպարներով մուլտֆիլմերը դուրս են եկել հեռուստաեթերից, ավելին` դրանց փոխարինելու են եկել այնպիսի անճոռնի կերպարներով մուլտֆիլմեր, որոնք դիտելուց հետո մի քանի ժամ է պահանջվում, որպեսզի երեխային դուրս բերես սթրեսից: Հետեւելով ՙմանուկները մեր ապագան են՚ արտահայտությանը` թվում էր, թե ոչինչ չպետք է խնայվեր հանուն այդ ապագայի: Սակայն Ժամանակները փոխվեցին, չկա այն գիտակցությունը, որ այդ փոփոխությունները ոչ մի կերպ չպետք է բացասաբար անդրադառնան մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության վրա: Բայց արի ու տես, որ ամենեւին էլ այդպես չէ: Սա մտահոգող խնդիր է, որը հուզում է նաեւ այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ երեխաների համար արարել են հետաքրքիր մուլտֆիլմեր ու ցուցադրել:
ՆՈՆԱ ԶՈՏՈՎԱ (Նոնա մորաքույր) ՙՀեքիաթն է կանչում՚ ծրագրի հաղորդավարուհի, դերասանուհի
- Երեւի ինչ-որ բան մարդկանց մտածելակերպում փոխվել է, երեխաներին այդքան էլ ուշադրություն չեն դարձնում, հատկապես խոսքը վերաբերում է հեռուստատեսությանը: Սովետական մուլտֆիլմերը բավականին հետաքրքիր էին եւ մեծ ասելիք ունեին փոքրիկներին, ինչու ոչ` նաեւ մեծահասակներին: Այժմյան մուլֆիլմերը երեխաների մեջ չարություն են սերմանում: Երեխան գնալով ավելի է չարանում` մտածելով, որ ինքն ուժեղ է, ուրեմն պետք է անպայման իրենից թույլերին հարվածի: Սա գալիս է նրանից, որ մեծերը երեխաներին չեն վերաբերվում այնպես, ինչպես օրինակ` 80-ական թվականներին: Երեխան ոչ թե մանկիկ է, այլ աճող օրգանիզմ, որի հետ հարկավոր է խոսել, ոչ թե երեխայական ինչ-որ կիսատ-պռատ, այլ հստակ բառերով եւ բացատրություններով: Ժամանակին կար ՙՉի կարելիի աշխարհում՚ գիրքը, իսկ այսօ±ր… Կարծում եմ, որ այս ամենը պետության հոգածությամբ պետք է շտկվի, պետությունը ուշադրություն չի դարձնում այդ ամենին, պարզ է, որ այսպիսի իրավիճակ պետք է տիրի: Պետությունը երբ գիտակցի, որ վաղվա օրը կախված է այս երեխաներից, թե ինչպես նրանք կզարգանան եւ կմեծանան, այդ ժամանակ էլ ամեն ինչ իր տեղում կլինի: Ինչպես մենք մեր սահմաններն ենք պաշտպանում, հենց այդպես էլ պետք է պաշտպանենք մեր երեխաների գիտելիքները, որպեսզի նրանք լիաթոք մեծանան, նրանց աշխարհայացքը մեծ լինի, որ չպարփակվեն բակում խաղալու եւ վազվզելու մեջ: Այս ամենը վերաբերում է ազգային անվտանգությանը, թող ոմանք ասեն` անցել է երեխաների համար ՙԲարի գիշեր՚ ու նմանատիպ հաղորդումների ժամանակները, որոնց ընթացքում երեխաներին էին ներկայացվում շատ գեղեցիկ մուլտֆիլմեր, հստակ կասեմ, որ ոչնչի ժամանակ էլ չի անցել:
Մուլտիպլիկատոր ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑ
- Մեզ մոտ մուլտֆիլմերի արտադրության այն քանակությունը, որով կարելի է ապահովել շուկա կոչվածը` չկա: Եթե մեզանում այդ ֆիլմերի արտադրությունը շատ ավելի ծավալուն լիներ, ապա երեխաները մեծ հաճույքով կդիտեին հայկական մուլտֆիլմերը, այլ ոչ թե արտասահմանյանը: Բարդ է հասկանալ, թե ինչու չի ստեղծվում բարի կերպարներով ֆիլմեր: Մենք շուտով հանրությանը կներկայացնենք ֆիլմ, եթե ֆիլմում ստեղծված կերպարները ընդունվեն երեխաների կողմից, գուցե դա լինի այդ ուղղությամբ տարվող աշխատանքերի առաջին քայլը: Մուլտֆիլմում աշխատել ենք այնպես անել, որ կերպարները լինեն հայկական, բարի եւ համահունչ այսօրվա ժամանակներին: Խոսքս ՙԱնահիտ՚ մուլտֆիլմի մասին է, ֆիլմի վերաբերյալ արձագանքներից հետո կարող եմ հստակ ասել, թե մեզ արդյո±ք հաջողվել է ստեղծել բարի կերպարներ, թե ոչ: Չեմ կարող ժխտել, որ այսօր բարի կերպարների պակասը եւ պահանջը երեխաներն իրոք զգում են՚:
Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

