ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ` ԱՐՏԵՐԿՐԻՑ ՀԱՓՇՏԱԿՎԱԾ ՔԱՐՏԱՅԻՆ ՀԱՇՎՈՎ
Արխիվ 12-16ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ` ԱՐՏԵՐԿՐԻՑ ՀԱՓՇՏԱԿՎԱԾ ՔԱՐՏԱՅԻՆ ՀԱՇՎՈՎ
Համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ եւ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված, այլ կերպ ասած, կիբեռհանցագործությունները վերջին շրջանում լայն տարածում են ստացել ամբողջ աշխարհում: Թե ինչպիսի իրավիճակ է այդ առումով Հայաստանում, փորձեցինք պարզել Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետի տեղակալ ՎԱՀԱԳՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ.-Պետք է ասեմ, որ կիբեռհանցագործության առումով Հայաստանում իրավիճակը բավականին լավ վերահսկվում է: 2012 թվականից իրավիճակը կիբեռհանացագործության առումով կտրուկ փոխվեց, քանի որ քաղաքացիների նկատմամբ հաճախակի դարձան կիբեռհանցագործության դեպքերը: Եվ տրամաբանական է, որ նրանք սկսեցին դիմել ՀՀ ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանում ու տարածքային մարմիններ, հայտնելով կիբեռհանցավորության տարբեր տեսակների մասին, որոնց զոհը դարձել են իրենք, միաժամանակ նաեւ որպեսզի իրենց պաշտպանված զգան տեղեկատվական անվտանգության առումով: Հանրային իրազեկման լավագույն ճանապարհ ընտրվեցին հեռուստատեսությունները, ԶԼՄ-ները եւ սոցցանցերը: Արդյունքում` 2012 եւ 2013 թվականներին ունեցանք բավականին մեծ աճ` գրանցված կիբեռհանցագործությունների առումով: 2012 թվականի Հայաստանում գրանցվել է 38 կիբեռհանցագործության դեպք, 2013-ին` 82 դեպք: Պետք է փաստեմ նաեւ, որ այդ հանցագործությունների մի մասը մնում է չբացահայտված: Պատճառն այն է, որ նմանատիպ հանցագործությունների բացահայտման ճանապարհին մի քանի բարդացնող հանգամանքներ գոյություն ունեն: Դրանցից առաջինն այն է, որ հանցագործը կարող է գտնվել մեկ երկրում, տուժողը` մեկ այլ, ասենք` ՀՀ-ում, իսկ հանցագործությունը կատարվի երրորդ երկրի սերվերային համակարգերի միջոցով: Այսինքն` տվյալ հանցագործությունների անդրսահմանային բնույթ կրելը համար առաջին դժվարությունն է: Երկրորդը` միջազգային համագործակցության արդյունքում բացահայտվող հանցագործություններ են: Այս առումով, իհարկե ունենք բացահայտման ցուցանիշների զգալի աճ, բայց դեռեւս չէի ասի, որ կարելի լավ գնահատել. այս պահի դրությամբ վիճակը կարելի է գնահատել միայն բավարար: Ընդ որում, հիմնական համագործակցությունը, որը արդյունք է բերում, դա ՌԴ-ի հետ տարվող աշխատանքներն են: Կա նաեւ եվրոպական երկրների հետ համագործակցությունը, որը հիմնականում կատարվում եվրոպական ՙԿիբեռհանցագործությունների մասին՚ կոնվենցիայի հիման վրա, որը նախատեսում է 24/7 շուրջօրյա ահազանգման մեխանիզմ` թեժ գծի միջոցով, որի կապուղիներով արձանագրում եւ արագ արձագանքում ենք քրեորեն պատժելի արարքները:
- Կարող եք նշել վերջին բացահայտված դեպքերից մի քանիսը:
- Այո, իհարկե: Կարող եմ նկարագրել բավականին հետաքրքիր դեպք, որը կապված է բնակարանային գողության հետ: Քաղաքացուց բնակարանային գողության ընթացքում հափշտակել էին նաեւ համակարգչային տեխնիկա: Ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ համակարգչի վրա ավտոմատ կերպով ակտիվանում է համակարգչի սեփականատիրոջ odnoklassniki.ru սոցցանցում գրանցված անհատական էջը: Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ համակարգիչը միացվել է գողությունից անմիջապես հետո եւ միացվել էլ մեկ այլ հեռախոսահամարից, ինչի արդյունքում ակտիվացել է նշված սոցցանցի էջը: Հանցագործությունը բացահայտվեց, հայտնաբերվեց եւ կատարող անձը, ինչպես նաեւ այն սարքը, որի միջոցով հասանելիություն էին ստացել ինտերնետ համացանցին:
Նկարագրեմ մեկ այլ դեպք` քաղաքացուց մեզ դեռեւս այն ժամանակ անհայտ եղանակով հափշտակվել էին odnoklassniki.ru սոցցանցի էջ: Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում այդ հանցագործությունը եւս բացահայտվեց է: Սակայն մանրամասներ հայտնել չեմ կարող, քանի որ նախաքննությունը դեռեւս չի ավարտվել: Այս հանցատեսակը մեզ հայտնի է բավականին վաղուց եւ բազմաթիվ կատարման եղանակներ նույնպես հայտնի են, սակայն յուրաքանչյուր նման հանցագործություն պահանջում է անհատական մոտեցում, քանի որ ամեն անգամ հանցագործները ավելի են կատարելագործում իրենց գիտելիքները, հետագայում այն ի չարս հասարակության օգտագործելու համար: Մեկ այլ դեպք եւս ներկայացնեմ: Խոսքը քաղաքացուն գրեթե ինքնասպանության հասցնելու դեպքի մասին է, ինչը կատարվել էր այն պատճառով, որ odnoklassniki.ru սոցցանցում էջ էին բացել այդ քաղաքացու տվյալներով, որտեղ տեղադրել էին պոռնոգրական լուսանկարներª մոնտաժված իր լուսանկարի հետ: Վերջինս չդիմանալով այդ խայտառակությանը` փորձել էր ինքնասպանություն գործել, սակայն հարազատներին հաջողվել էր նրան փրկել: Այս պահին հանցագործության բացահայտման առումով ձեռնարկվում են միջոցառումներ, եւ հույս ունենք, որ հանցագործությունը կբացահայտվի, քանի որ ունենք հստակ տվյալներ, մեզ հետաքրքրող ժամանակահատվածում ինտերնետ համացանցի հասանելիության վերաբերյալ: Սակայն դեռեւս կոնկրետ կատարող անձը չկա:
Վերջում պարոն Հարությունյանը հավելեց, որ վերջին շրջանում բավականին ակտիվացել են քարտային գողությունները.
- Անչափ շատացել են այն դեպքերը, երբ քաղաքացիների քարտերից հափշտակվում են գումարներ եւ դրանցով վճարումներ կատարվում: Կցանկանայի հորդորել քաղաքացիներին, որ իրենց կրեդիտային բանկային քարտերը երբեւիցե չփոխանցեն երկրորդ անձանց: Առավել եւս նրա հետեւում գրված CVC կոդը, քանի որ ունենալով քարտի վրա գրված տասնվեց նիշանոց թիվը եւ քարտի ետեւի մասում նշագրված CVC կոդը, հանցագործը այն կարող է օգտագործել ինտերնետում` ծառայությունների համար վճարելով, սոցցանցերում տարբեր տեսակի ok-ներ ձեռքբերելով, նաեւ ինտերնետային խանութներում առեւտուր կատարելու համար: Ներկայումս նախաքննություն է ընթանում 2 նմանատիպ գործերով, որոնցով բացահայտվել է արտերկրից հափշտակված քարտային հաշիվների միջոցով կատարված գործարքներ, որոնցից հետագայում ՀՀ-ում վճարումներ են կատարվել մի քանի սուպերմարկետներից, ձեռք է բերվել համակարգչային տեխնիկա, ինչպես նաեւ կենցաղային այլ իրեր: Երկու առանձին քրեական գործեր են, որոնցով կան որպես մեղադրյալ ներգրավված անձինք:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

