ԻՆՉ ԵՆ ՄԵԶ ԽՈՍՏԱՆՈՒՄ ՌԴ-ԱՐԵՎՄՈՒՏՔ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ
Արխիվ 12-16ԻՆՉ ԵՆ ՄԵԶ ԽՈՍՏԱՆՈՒՄ ՌԴ-ԱՐԵՎՄՈՒՏՔ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ
Ինչպես հայտնի է, այս օրերին Ռուսաստանն ու արեւմտյան երկրները գրեթե հայտնվել են տնտեսական պատերազմի շեմին: Թե մինչեւ ինչ աստիճան կխորանա այդ գործընթացը, այսօր հազիվ թե որեւէ մեկը կարողանա կանխատեսել: Բայց փաստն այն է, որ արդեն այս վիճակով էլ այդ տնտեսական բախումները ոչ միայն իրենց բավականին լուրջ էֆեկտն ունեն, այլեւ էականորեն ազդում են նաեւ այն երկրների վրա, որոնք այդ նախապատերազմական իրավիճակի հետ ուղղակի առնչություններ չունեն:
ՕԳՈՒՏ ԵՎ ՎՆԱՍ
Այն, որ այդ գործոնն իր ազդեցությունն է ունենալու նաեւ Հայաստանի վրա, կասկածից դուրս է: Համենայնդեպս` կարելի է մատնանշել այդ մասին վկայող առնվազն երեք առանցքային պատճառ: Նախ` Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ առեւտրային գործընկերն է, եւ այդ բախումների արտացոլումը չի կարող մեր վրա եւս չզգացվել: Եվ անմիջապես էլ դրան գումարվում է երկրորդ պատճառը. Հայաստանը այսօր-վաղը կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, ասել է, թե ռուսական ուղղությամբ տնտեսական առնչություններն էլ ավելի կսերտանան եւ, հասկանալի է, դա միաժամանակ մեզ մոտ եւս կսրի ՌԴ-Արեւմուտք այս բախումների ազդեցությունը: Եվ, վերջապես, երրորդ առանցքային պատճառն է ՌԴ-ում հայաստանյան մեծ թվով աշխատավորների առկայությունն ու այնտեղից գրեթե մեր պետբյուջեին հավասարազոր տրանսֆերտների եւ այլ ներդրումային միջոցների ներհոսքը: Իսկ դա նշանակում է, որ այն ազդեցությունը, որն իր վրա կկրի Ռուսաստանն Արեւմուտքի հետ բախումների արդյունքում, իր որոշակի անդրադարձը կունենա նաեւ հայաստանյան ՙխոպանչիների՚, նրանց ուղարկած փողերի եւ հնարավոր ռուսական ներդրումների ծավալների վրա: Այս վերջին հանգամանքը, հասկանալի է, մեզ խոստանում է ՌԴ-Արեւմուտք բախումների բացասական հեռանկարներ: Ընդ որում, այդ գործոնն արդեն իսկ իր որոշակի ազդեցությունը սկսել է ունենալ, հաշվի առնելով, որ Ռուսաստանում, կապված առկա տնտեսական անորոշությունների հետ, մի շարք ոլորտներում եւ, մասնավորապես, շինարարությունում նկատվում է ներդրումային զգալի պասիվություն, ինչը, հասկանալի է, չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ նաեւ հայաստանյան ՙխոպանչիների՚ եկամուտների վրա:
ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԹԵՄԱՆ ՆՈՐԻՑ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
Բայց ահա այն բանից հետո, երբ Ռուսաստանը արգելեց պատժամիջոցներին մասնակցող երկրներից իր տարածք մի շարք ապրանքատեսակների, այդ թվում` գյուղմթերքների ներմուծման վրա, դա արդեն հայաստանյան արտադրության համար շանս է: Սակայն մի շարք հանգամանքներ աչքաթող չանենք:
Սկսենք այն հիշեցումից, որ Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ տնտեսական գործընկերն է, եւ այդ ուղղությամբ մեր առեւտրաշրջանառության մեջ որոշ հետաքրքիր նրբերանգներ կան: Այսպես. այս տարվա առաջին կիսամյակի կտրվածքով հայ-ռուսական ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 660 միլիոն դոլար, ինչը ընդամենը 100 միլիոնով է զիջոմ ողջ Եվրամիության հետ ունեցած առեւտրին եւ մոտենում է հայաստանյան մոտ 2,8 միլիարդ դոլարանոց արտաքին ապրանքաշրջանառության 1/4-ին: Դրա հետ մեկտեղ դեպի Ռուսաստան Հայաստանի արտահանումը կազմում է մոտ 134 միլիոն դոլար: Ճիշտ է, դա նկատելիորեն զիջում է դեպի ԵՄ իրականացվող մոտ 233 միլիոն դոլարանոց արտահանմանը, սակայն այստեղ է, որ մեկ էական հանգամանք կա: Այսպես` կիսամյակային կտրվածքով հայաստանյան արտահանման (տես` աղյուսակը) մոտ 27 տոկոսը հանքանյութերի եւ մոտ 21 տոկոսը` մետաղների եւ մետաղական արտադրանքի մասնաբաժինն է: Գումարային առումով դա մոտենում է մոտ 340-350 մլն դոլարի, եւ գաղտնիք չէ, որ հենց այս ապրանքատեսակներն են կազմում եվրոպական ուղղությամբ մեր արտահանման առյուծի բաժինը: Փոխարենը` հայաստանյան ընդհանուր արտահանման ավելի քան 1/4-ը սննդամթերքի եւ գյուղատնտեսական մթերքների մասնաբաժինն է, ինչն էլ հիմնականում գնում է դեպի ռուսական շուկա: Այսինքն` այս պահին Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել հենց այդ շուկաներում, ինչը կարող է բավականին հարմար առիթ դառնալ Հայաստանի համար` այդ ապրանքատեսակների ուղղությամբ արտահանումն ավելացնելու համար: Իհարկե` այստեղ պետք է բախվել բավականին մեծ մրցակցության, հաշվի առնելով, որ քիչ չեն այն երկրները (այդ թվում` Թուրքիան եւ Ադրբեջանը), որոնք նույնպես պատրաստ են օգտվել առիթից: Բայց Եվրասիական միությանը անդամակցելով` Հայաստանը կկարողանա ոչ մաքսային ռեժիմով ապրանքներն արտահանել Ռուսաստան, ինչը մրցակիցներին շրջանցելու բավականին լավ հնարավորություն է տալիս: Առավել եւս, որ դեպի Ռուսաստան հայկական մթերքների արտահանման ավելացման հնարավորությանն օպերատիվորեն արձագանքեց ՀՀ կառավարությունը, իսկ ՌԴ-ն արդեն իսկ պաշտոնապես նման առաջարկ է ներկայացրել Հայաստանին:
Այլ հարց, որ ի տարբերություն, ասենք, Ադրբեջանի, Ռուսաստանի հետ կապի հարցում Հայաստանն ունի տրանսպորտային խնդիր, ինչը մասամբ չեզոքացնում է մաքսային առավելությունը: Վերին Լարսի անցակետում երեկ տեղի ունեցած մեծ վթարն էլ գալիս է ապացուցելու, որ կապի այդ միակ ուղու հետ գլոբալ ծրագրեր կապելն այնքան էլ հուսալի գործ չէ: Թեեւ այս առնչությամբ հերթական անգամ հույսեր են ներշնչում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու երեկվա հայաստանյան այցը, որի ժամանակ, ըստ որոշ խոսակցությունների, քննարկվել է նաեւ աբխազական երկաթուղու խնդիրը: Ընդ որում, սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ մի կողմից Աբխազիայի իշխանական համակարգում տեղի են ունեցել բավականին հետաքրքիր փոփոխություններ, մյուս կողմից էլ նույն Ղարիբաշվիլին օրերս պաշտոնապես առաջարկեց աբխազների հետ հարաբերություններն սկսել բոլորովին նոր էջից:
Բայց այս պարագայում ամենամեծ հարցն այն է, թե հայկական գյուղատնտեսությունն ինչքանով է պատրաստ համապատասխան չափով ավելացնել իր գյուղարտադրանքը, հաշվի առնելով, որ ներքին պահանջարկն անգամ չի կարողանում բավարարել: Իսկ առանց արտադրության ծավալների ավելացման` կարտահանվի ոչ թե տեղական ավելցուկը, այլ ներքին շուկայում անհրաժեշտ ծավալները, ինչն արդեն խոստանում է անցանկալի գնաճ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

