ՈՒՄ Է ՁԵՌՆՏՈՒ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Արխիվ 12-16

ՈՒՄ Է ՁԵՌՆՏՈՒ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սոչիում եւս մեկ անգամ համոզիչ ապացուցեց, որ հենց Ռուսաստանն է շահագրգռված Հարավային Կովկասում փխրուն զինադադարի  պահպանման մեջ: Հենց որ հայ-ադրբեջանական սահմաններում իրավիճակը սկսեց շիկանալ վտանգավոր ջերմաստիճանից բարձր, Վլադիմիր Պուտինն անմիջապես նախաձեռնեց եռակողմ բանակցություններ` լարվածության լիցքաթափման եւ ռազմական գործողությունների նոր օջախի ստեղծում թույլ չտալու համար, քանի որ նման ռազմական գործողությունների մեջ այս կամ այն չափով կներքաշվեր նաեւ Ռուսաստանը:
Ակնհայտ է, որ Ռուսաստանին, հատկապես հիմա Անդրկովկասում, նոր գլխացավանք պետք չէ, քանի որ միջազգային իրավիճակն առանց այդ էլ լավագույններից չէ` Ղրիմ,  Ուկրաինայի արեւելք, արեւմտյան պատժամիջոցներ, Սիրիա:
Պետք չէ պատերազմը նաեւ Հայաստանին: Թեեւ պատերազմի ընթացքում  հնարավոր կլինի ազատագրել Նախիջեւանը եւ բացել Երեւանի երկաթգծային հաղորդակցությունը երկրի հարավի, ինչպես նաեւ`  Իրանի հետ: Այդ պարագայում կբարելավվի նաեւ այդ ուղղություններով ավտոմոբիլային  հաղորդակցությունը, քանի որ ներկայիս լեռնային եւ ձմռանը ժամանակ առ ժամանակ փակվող ճանապարհի փոխարեն հնարավոր կլինի օգտագործել Արաքսի հովտով անցնող հարմարավետ ճանապարհը: Տնտեսական տեսանկյունից Նախիջեւանի ազատագրման շահավետությունը բազմապատիկ կլինի,  քանի որ պետք չի լինի կառուցել շատ թանկարժեք երկաթգիծ դեպի Իրան: Սակայն պետք է հասկանալ, որ Նախիջեւանի ազատագրումը հնարավոր է, եթե վերջինիս տարածքն օգտագործվի Արարատյան  դաշտավայրի մեր բնակավայրերի ու Երեւանի հարավային արվարձանների հրետակոծության համար: Սակայն դժվար թե ադրբեջանցիները գնան այդպիսի լայնածավալ պատերազմի, քանի որ հասկանում են, որ փլատակների մեջ կլինեն ոչ միայն սահմանին մոտ գտնվող Գանձակը եւ Մինգեչաուրը, այլեւ` Բաքուն: Պատահական չէ, որ մեր երկրի նախագահը հիշեցրեց մեր բալիստիկ հրթիռների մասին, որոնց գործողության շառավիղն ավելի քան 300 կմ է: Բացի այդ, ամբողջությամբ ոչնչացված կլինի Ադրբեջանի էներգակիրների արդյունաբերությունը եւ դրանց տեղափոխման ենթակառուցվածքը, որի մեջ, ի դեպ, ներդրված են  արեւմտյան շատ լուրջ ներդրումներ:
Իհարկե, Բաքուն հասկանում է, որ լայնածավալ պատերազմի դեպքում այնտեղ կներքաշվեն ե°ւ Թուրքիան` ՆԱՏՕ-ի հետ, ե°ւ Ռուսաստանը` ՀԱՊԿ-ի հետ, ե°ւ հնարավոր է` Իրանը: Հետեւաբար, ամենայն  հավանականությամբ, սահմանային բախումներից եւ անկայունություն ստեղծելուց այն կողմ Բաքուն չի  գնա: Թեեւ, ինչպես ցույց տվեցին վերջին եւ դրան նախորդող սահմանային սրացումները, դրանք նույնպես Բաքվին լուրջ դիվիդենտներ չեն բերում ո°չ բանակցային գործընթացում, ո°չ էլ ներքաղաքական խնդիրները լուծելիս: Իսկապես, Ալիեւի ինչի±ն են պետք իր զինվորների մի քանի տասնյակ դիակները եւ սեփական անկարողության ցուցադրումն այն դեպքում, երբ տարիներ շարունակ նա գլուխ էր գովում, թե իր ռազմական բյուջեն բազմակի գերազանցում է հայկականը: Այսինքն, խոշոր հաշվով, գոնե այս պահին Ադրբեջանին նույնպես ձեռնտու չէ պատերազմել:

ԻՆՉՊԵՍ ՀԱՍՏԱՏԵԼ ԳԼՈԲԱԼ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՁԻՆ ՎԵՐՑՐԱԾ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Հարց է ծագում. իսկ ում է պետք պատերազմը, ում է պետք անկայունացնել  տարածաշրջանային իրավիճակը` ներգրավելով այդ կաթսայի մեջ բազմաթիվ կողմերի: Եթե Ադրբեջանին, ինչպես նաեւ` Թուրքիային այսօր պետք չէ խրվել լայնամասշտաբ պատերազմների մեջ, սակայն, մյուս կողմից, հենց ազերիներն են նախաձեռնում  լարվածության աճ, հետեւաբար նրանք դա անում են ինչ-որ ճնշման ներքո: Հարց է ծագում` ո±ւմ ճնշման. ակնհայտորեն` ոչ Ռուսաստանի: Եվ պատահական չէ, որ իր մեղքի զգացումից ելնելով` Ալիեւը թռչկոտելով վազում էր աստիճաններով Պուտինի մոտ, որը նրան այնուհետեւ բացատրում էր, որ պետք է լինել համբերատար` Ղարաբաղի կոնֆլիկտը լուծելիս, եւ այդ լուծումը կարող է լինել միմիայն խաղաղ եւ ոչ այլ կերպ: Ավելին, Վլադիմիր Վլադիմիրովիչը հիշեցրեց, որ Ղարաբաղի կոնֆլիկտը մեզ ժառանգություն է հասել դեռ Սովետական Միությունից: Երբ այդ ճշմարտությունն ասվում է Ռուսաստանի նախագահի շուրթերով, բնական համեմատականներ են առաջ գալիս այդպիսի ՙժառանգական՚ այլ կոնֆլիտների առումով` Աբխազիա, Հարավային Օսեթիա, Ղրիմ: Մի խոսքով, Սոչիում Ալիեւին հասկացրին, որ ստատուս-քվոյի փոփոխության հարցում շտապել պետք չէ: Այսպիսով ստացվում է, որ միակ կողմը, որն անգամ պատերազմի գնով շահագրգռված է փոխել ստատուս-քվոն, դա ԱՄՆ է: Համենայնդեպս, հենց Հայաստանում նրանց դեսպանն էր, որ վերջերս հայտարարեց, թե ստատուս-քվոն Ղարաբաղի հարցում իր համար անընդունելի է եւ հայերին  սպառնաց` զիջումներին չհամաձայնելու դեպքում` ադրբեջանցիների կողմից սանձազերծված պատերազմով: Ջոն Հեֆֆերն ասում էր, որ ՙԿա երեք տարբերակ. բանակցային կարգավորում` փոխզիջման հիմքով, անընդունելի ստատուս-քվոյի պահպանում եւ պատերազմ՚: Իսկ Բաքվում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթաուն մանրամասնեց փոխզիջում ասածը. ՙԼեռնային Ղարաբաղին հարող յոթ շրջանների ազատագրումը անվերապահ պայման է՚: Նման հայտարարություններով է հանդես եկել նաեւ Մինսկի խմբի ԱՄՆ-ի կողմից համանախագահ Ջ. Ուորլիքը:
ՙՈւմ եւ ինչու է ձեռնտու պատերազմը Հարավային Կովկասում՚ հարցին պատասխանելիս` պետք է դուրս  գանք մեր տարածաշրջանի սահմաններից եւ դիմենք անդրօվկիանոսյան աղբյուրներին: Այսպես. 2004թ.  ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական գաղափարախոս Զբիգնեւ Բժեզինսկին հրատարակեց գիրք` ՙԸնտրություն. համաշխարհային տիրապետությո±ւն, թե գլոբալ առաջնորդություն՚ անվանումով, որից հետո ամերիկյան  քաղաքականությունն աշխարհում իրականացնում է համաշխարհային  անկարգության  կոնցեպցիան: Վերոհիշյալ գրքի մեջ համաշխարհային նոր կարգերը ներկայացվում են որպես համատարած անկարգություն, որը պետք է դառնա ժամանակակից աշխարհաքաղաքական իրավիճակի հիմնական գործոնը: Բժեզինսկու խոսքերով` ՙորպեսզի Ամերիկան տիրապետի համատարած անկարգությանը, նա կարիք ունի  ավելի նուրբ ռազմավարության, քան այն, ինչ անհրաժեշտ էր սառը պատերազմ վարելու համար: ԱՄՆ-ը կարիք ունի ավելի բազմակողմանի մոտեցման, քան սեպտեմբերի 11-ից հետո ծավալած  հակաահաբեկչական կամպանիան՚: Հեղինակը համաշխարհային տիրապետության տակ հասկանում է  ամերիկյան այնպիսի ռազմավարություն, որի դեպքում ԱՄՆ-ն ակտիվորեն օգտագործում է ռազմական  ուժը` աշխարհի տարբեր տարածաշրջաններում իր շահերն առաջ տանելու համար, ինչպես նաեւ` տարբեր  երկրներում  ռեժիմների փոփոխության, կոնֆլիկտների` իրեն անհրաժեշտ կերպով լուծումներ տալու եւ այլ  նպատակների համար: Իսկ գլոբալ առաջնորդության ռազմավարությունը շեշտադրումը դնում է այսպես  կոչված` փափուկ ուժի կիրառման վրա, ներգրավելով դաշնակիցներին եւ այլ ուժերի` ԱՄՆ-ի համար  անհրաժեշտ խնդիրների լուծման մեջ: Երկրորդ ռազմավարությունն ավելի կտնտեսի ԱՄՆ-ի բյուջեն եւ կխնայի ամերիկյան զինվորների կյանքերը: Հենց այդ պատճառով է, որ Բժեզինսկին առաջարկում է առաջին ռազմավարությունից անցնել երկրորդ տարբերակին:
2010թ. ԱՄՆ-ում ընդունվել է նոր ՙԱզգային անվտանգության ռազմավարությունը՚, որտեղ նվազել է զինված  ուժերի դերակատարումը: Դրա փոխարեն նախատեսվում է ավելի ակտիվ օգտագործել ոչ ռազմական  մեթոդները` նպատակներին հասնելու համար եւ մշակել նոր մոտեցումներ: Միաժամանակ նույն թվականին  ընդունվել է ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի կառուցման  ռազմավարական նոր կոնցեպցիա, որը կոչվում է  ՙԱկտիվ ներգրավվում. ժամանակակից պաշտպանություն՚: Այդ փաստաթղթում  ցուցում է տրվում`  ամերիկյան  զինված ուժերի փոխարեն ռազմական գործողություններին մասնակից դարձնել ՆԱՏՕ-ի այլ  անդամ պետությունների զինված ուժերին, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի մեջ չմտնող պետությունների զորամիավորումներին: Ընդ որում, հիմնական խնդիրներն են դառնում.
1) Հեռավոր բեմահարթակներում գործողությունների համար էքսպեդիցիոն զորամիավորումների  ավելացումը:
2) Էքսպեդիցիոն զորամիավորումների տեղակայման  տարածքներում  հետկոնֆլիկտային  ժամանակահատվածում խնդիրների լուծման համար հատուկ համակարգերի ստեղծումը:
Այս արմատական փոփոխությունների իմաստը հետեւյալն է` ամերիկյան քաղաքականությունը  դժվարություններ է ապրում`  հետագայում եւս պահպանել իրենց համար անհրաժեշտ համաշխարհային   կարգը: Միաժամանակ նրանք չեն ուզում հաշտվել աշխարհում համաշխարհային կարգի նոր բեւեռների  առաջացման հետ եւ ցանկանում են պահպանել իրենց առաջնորդությունը` օգտագործելով դրա համար  ավելի կատարելագործված գործիքներ: ԱՄՆ-ը ցանկանում է զերծ մնալ խոշորամասշտաբ բախումներին  իր ուղղակի մասնակցությունից, դրա հետ մեկտեղ` շարունակում են ՙպայթեցնել՚ տարբեր  կոնֆլիկտներ, ժամանակին վառոդ ավելացնել այդտեղ, աջակցել հակամարտող կողմերից մեկին կամ մի քանիսին, սակայն`  մնալ ստվերում: Այդ ամենի նպատակը աշխարհի առանցքային  տարածաշրջաններում լարվածության աճն է, որպեսզի այնուհետեւ անկայունություն առաջացնի  համաշխարհային քաղաքականության նոր բեւեռների` Ռուսաստանի ու Չինաստանի սահմանների  երկայնքով: Միաժամանակ ԱՄՆ-ը նպատակ ունի իր վերահսկողության տակ պահպանել բնական  պաշարներով հարուստ տարածաշրջանները եւ թույլ չտալ, որպեսզի իր վերահսկողությունից դուրս գա  Եվրամիությունը, որը հետզհետե վեր է ածվում տնտեսական հսկայի` կավե քաղաքական ոտքերի վրա:
ԱՄՆ-ի նոր քաղաքականության լույսի ներքո պետք է ընկալել նաեւ վերջին իրադարձությունները Մերձավոր  Արեւելքում, որտեղ համատարած անկարգության եւ երկրների ինքնիշխանության  կորստի գոտին  տարածվում է Թունիսից մինչեւ Իրանի սահմանները, ներառելով Լիբիան, Եգիպտոսը (թեեւ այստեղ իրավիճակը բարելավվելու հույսեր է ներշնչում), Իսրայելը, Պաղեստինը, Սիրիան, Իրաքը:

ԵԹԵ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ ՆԵՐՍԻՑ,
ՈՒՐԵՄՆ` ՊԵՏՔ Է ԴՐՍԻՑ


Համաշխարհային անկայունության եւ գլոբալ առաջնորդության կոնցեպցիայի (ըստ Բժեզինսկու) լույսի ներքո  իրավիճակն այլ տեսք ունի Հարավային Կովկասի տարածաշրջանում: Եթե Վրաստանի դիրքորոշումը, որը  թեեւ տարածքների կորուստներով, սակայն ակտիվորեն ասոցացվում է Եվրամիությանը, որեւէ անհանգստություն չի առաջացնում ամերիկյան ստրատեգների մոտ, իսկ Ադրբեջանը թեեւ փորձում է քիչ թե շատ ինքնուրույն քաղաքականություն վարել, սակայն ամբողջությամբ կողմնորոշված է դեպի ՆԱՏՕ-ական Թուրքիան եւ գտնվում է Արեւմուտքից մեծ տնտեսական կախվածության մեջ, ապա Հայաստանը, որ  Ռուսաստանի հետ մեկ ռազմական դաշինքի մեջ է եւ պատրաստվում է մտնել նաեւ վերջինիս հետ  տնտեսական միության մեջ, հանդիսանում է ամերիկյան գլոբալ առաջնորդության քաղաքականության Հարավային Կովկասում իրականացման համար մեծ վտանգ: Բոլոր փորձերը` ապակայունացնել իրավիճակը Հայաստանում ներսից, այսպես կոչված, քաղաքացիական հասարակության, իսկ իրականում գործակալական  ցանցի միջոցով, տապալվեցին: Այն հսկայական փողերը, որոնք Արեւմուտքը ուղղում էր  ուղեղների լվացման եւ իրեն անհրաժեշտ քաղաքական ռեժիմի ձեւավորման համար, Հայաստանում դեռեւս  չեն տվել սպասվող արդյունքները: Հետեւաբար, ամբողջ հույսը Հարավային Կովկասում կառավարվող քաոս ստեղծելու համար ամերիկացիները կարող են դնել ղարաբաղյան կոնֆլիկտի զարգացման եւ Ալիեւի ու իր հրոսակախմբի անչափ մեծ ախորժակի վրա: Կարելի է ասել, որ զուտ սահմանամերձ տարածքում ղարաբաղյան կոնֆլիկտի ծավալումը, այն լայնամասշտաբ պատերազմի վերածվել թույլ չտալու  դեպքում ԱՄՆ-ը կլուծի որոշակի խնդիրներ եւ կստանա հետեւյալ դիվիդենտները.
1) Տարածաշրջանում ակտիվ ներգործության հնարավորություն` ընդհուպ էքսպեդիցիոն ուժերի (խաղաղարարների կարգավիճակով) մտցնելու  եւ տարածաշրջանում հետկոնֆլիկտային համակարգերի  ձեւավորման հնարավորություն:
2) Ռուսաստանն ստիպված կլինի իր ռազմական, քաղաքական, դիվանագիտական, տնտեսական ուժերի մի մասը հատկացնել նոր պայթած կոնֆլիկտը մարելու համար, քանի որ այն գտնվում է Ռուսաստանի  կենսական շահերի գոտում: Ուժերի փոշիացումը հղի է ռուսական քաղաքականության կորուստներով` ուկրաինական եւ այլ ուղղությունների վրա:
3) ԱՄՆ-ն ստանում է ռազմավարական պլացդարմ` Իրանի հյուսիսային սահմանների մոտ:
4) ԱՄՆ-ն ստանում է Հայաստանի վրա ազդեցության նոր լծակներ` վերջինիս Եվրասիական միություն  անդամագրվելը խոչընդոտելու համար:
5) ԱՄՆ-ն ստանում է Ադրբեջանի վրա ազդեցության լրացուցիչ լծակներ` վերջինիս ամերիկյան  քաղաքականության մեջ ամբողջությամբ ներգրավելու նպատակով, ինչպես նաեւ ադրբեջանական եւ միջինասիական էներգապաշարները Արեւմուտք տեղափոխելու եւ Ռուսաստանը շրջանցելու համար:
6) ՆԱՏՕ-ի էքսպեդիցիոն ուժերը խաղաղարարների անվան տակ հնարավորություն կստանան իրենց վերահսկողության տակ վերցնել ադրբեջանական  եւ միջինասիական էներգակիրները Եվրոպա տեղափոխելու  ամբողջ ենթահամակարգը, դրանով իսկ նվազեցնել Եվրոպայի կախվածությունը Ռուսաստանից:
7) Այդ դեպքում սպասվում է Ռուսաստանի հարաբերությունների վատթարացումը Թուրքիայի հետ` վերջինիս  Արեւմուտքի համառուսական քաղաքականության մեջ ամբողջական ներգրավմամբ:Բնականաբար, այսպիսի խոշոր քաղաքական եւ տնտեսական շահ ստանալու համար ԱՄՆ-ը բոլոր  հնարավոր միջոցներով պետք է ճնշում գործադրի Ալիեւի վրա եւ ՙտաքացնի՚ նրա ամբիցիաները, որպեսզի սադրի վերջինիս ռազմական մեթոդով ստատուս-քվոյի փոփոխությանը: Մյուս կողմից Ալիեւին սթափեցնում  են ինչպես Մոսկվայի դիրքորոշումը` ոչ մի դեպքում թույլ չտալ անկայունության աճ տարածաշրջանում,  այնպես էլ տխուր հիշողությունները իր հոգեւոր գաղափարական եղբայր Սահակաշվիլու անփառունակ ճակատագրի վերաբերյալ, որին նույնպես 2008թ. սադրեցին ռազմական ճանապարհով հարավ-օսեթական  կոնֆլիկտը լուծելու առումով: Բոլոր դեպքերում Ալիեւը նախանձելի վիճակում չէ: Նա հայտնվել է Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ: Առաջինի կողմից ռազմական էսկալացիա ստեղծելու եւ երկրորդի կողմից կայունություն պահպանելու պահանջների միջեւ: Երկար բալանսավորել երկու կրակների միջեւ` նրան չի հաջողվի, քանի որ Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ հակամարտությունը կարծես ձգձգվելու է երկար տարիներ: Հետեւաբար ժամանակը գործում է Ալիեւի դեմ:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ստեղծված իրավիճակում մենք պետք է շարունակենք  ամրացնել  մեր բանակը, հզորացնել տնտեսությունը, համախմբել հասարակությունը, պահպանել եւ զարգացնել մեր  ժողովրդի քաղաքակրթական արժեքները, շարունակեց կառուցել ազգային ժողովրդավարական եւ իրավական  պետություն, ամրապնդել քաղաքական, տնտեսական եւ ռազմական կապերը մեր միակ ռազմավարական  դաշնակցի` Ռուսաստանի հետ, պետք է լինենք Եվրասիական ինտեգրացիայի ակտիվ մասնակից, անդամագրվելով  Մաքսային եւ Եվրասիական միությունների մեջ: Ինչպես վերջերս իր ելույթներից մեկում ասել է ՀՀ  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը. ՙԱկնհայտ է, որ տեսանելի հեռանկարում Հայաստանի շուրջ ձեւավորված ռազմաքաղաքական միջավայրն ավելի անվտանգ չի դառնա: Հետեւաբար, Հայաստանը շարունակելու է հետեւողականորեն բազմապատկել խաղաղություն պարտադրելու իր ներուժը՚:

ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ
ԱԺ պատգամավոր,
ՍԻՄ կուսակցության նախագահ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում