«ԹՈՂ ՉԵՐԱԶԵՆ, ՈՐ ՀԱՅԵՐՆ ՈՒ ՎՐԱՑԻՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԲԱԽՎԵԼ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԿԱՄ ՈՒՐԻՇ ՀՈՂԻ ՎՐԱ»
Արխիվ 12-16«ԹՈՂ ՉԵՐԱԶԵՆ, ՈՐ ՀԱՅԵՐՆ ՈՒ ՎՐԱՑԻՆԵՐԸ
ԿԱՐՈՂ ԵՆ ԲԱԽՎԵԼ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԿԱՄ ՈՒՐԻՇ ՀՈՂԻ ՎՐԱ»
Վերջերս Երեւանում էր Վրաստանի խորհրդարանի մի քանի գումարման նախկին պատգամավոր, Վրաստանի նախագահի նախկին խորհրդական, հայազգի ՎԱՆ ԲԱՅԲՈՒՐԴԸ (ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆ), ում հետ «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու մի շարք հարցերի շուրջ, այդ թվում անդրադառնալով Վրաստանի ԵՄ անդամակցմանն ու ՀՀ-ի դեպի Եվրասիական տնտեսական միություն գնալուն, Վրաստանում հայապահպանության խնդիրներին, ինչպես նաեւ վիրահայ համայնքին ու Վրաստանում ՀՀ դեսպանատանը:
«ՀԱՎԱՏԱՑԵՔ ԻՆՁ` ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ
ԴՊՐՈՑՆԵՐԸ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ ՉԵՆ»
-Պարոն Բայբուրդյան, Ջավախքում մշտապես արծարծվել է հայապահպանության խնդիրը, այսօր ինչպիսի՞ն է իրավիճակը:
- Երբեք չի եղել նման խնդիր: Եթե ուզում եք երգեմ այն երգը, որոնք պահանջում են, որ երգեմ, ես կերգեմ, բայց երբեք Ջավախքում հայոց լեզվի եւ հայ գրականության դասավանդման խնդիր չի եղել: Եվ ով որ ձեզ ասում է, թե խնդիր կա, չհավատաք: Այդ տեղեկատվությունը այն մարդկանց համար է, ովքեր չգիտեն` ինչ է Վրաստանում գործող հայկական դպրոցները: Իրենք կարծում են, որ Վրաստանում հայկական դպրոցները նույնն են, ինչ-որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի, Թուրքիայի, այսպես կոչված, հայկական դպրոցներում, որտեղ մի առարկա են ընդամենը սովորում հայերեն, մնացածը անգլերեն է, թուրքերեն կամ ֆրանսերեն... Իսկ Վրաստանի հայկական դպրոցներում առաջին դասարանից մինչեւ 12-րդ դասարանը միայն ու միայն հայերեն են սովորում եւ դպրոց են բերում միայն մոր կաթի հետ միասին հայերեն իմացող երեխայի:
- Սակայն մեծ աղմուկ էր բարձրացել, որ Ջավախքում կրճատվել են հայոց լեզվի եւ հայ գրականության
դասավանդման ժամերը...
- Նորից վերականգնվել են այդ ժամերը, բայց հայոց լեզվի եւ գրականության դասավանդման մի ժամ կրճատելը, ես համարում եմ, որ պետք էր: Հայկական դպրոցի շրջանավարտը, ավարտելով դպրոցը, պետք է կարողանա այնպես իմանալ վրացերենը, որ եթե վրացական համալսարան չի ընդունվում, բայց սկսում է աշխատել որեւիցե մի հիմնարկում, որտեղ գործավարությունը պետական լեզվով է, չդժվարանա: Եվ այսօր բողոքել այդ մի ժամվա համար ու չնկատել, որ Վրաստանի հայկական դպրոցներում 12 տարի երեխան սովորում է հայոց լեզու եւ հայ գրականություն, սպեկուլյացիա է: Հավատացեք ինձ, Վրաստանում հայկական դպրոցները վտանգի տակ չեն: Եվ եթե որեւէ մեկն ասի, թե վտանգի տակ են, ես կասեմ, որ սուտ է: Սա անում են այն մարդիկ, որոնք ուզում են, որ մեր հայկական դպրոցի երեխաները ընդհանրապես չսովորեն վրացերեն ու չինտեգրվեն:
«ՑՈՒՅՑ ՏՎԵՔ ԻՆՁ ՄԻ ՋԱՎԱԽՔՑԻ, ՈՎ ԱԶԳԸ ՓՈԽԵԼ Է»
-Բայց ինտեգրմանը զուգահեռ գալիս է նաեւ ձուլման վտանգը:
- Ցույց տվեք ինձ մի ջավախքցի, ով ազգը փոխել է: Գիտեմ, որ ազգությունը փոխածներ էլ կան, բայց նաեւ գիտեմ, որ ազգությունը փոխածների 95 տոկոսի մայրերը վրացի են եղել եւ իրենք վերցրել են մոր ազգանունը: Հիմա դատապարտե՞նք մարդուն ու ասենք` ինչո՞ւ ես դու մորդ ազգանունը վերցրել: Դրա փոխարեն թող Հայաստանից էլ ասեն` տղերք, սովորե՛ք վրացերեն, մենք ուզում ենք, որ դուք միասին ուժեղ լինեք այդ երկրում, այլ կերպ մենք չենք հասնի մեծ բարձունքների: Բայց ես համոզված եմ, որ վիրահայերի այն հատվածի մեղքը չէ, որ իրենք առայժմ չեն տիրապետում վրացերենին: Ես երիտասարդ տարիներիս մոսկովյան թերթերից մեկում էի աշխատում ու եղել եմ Վրաստանում, Հայաստանում, եղել եմ Ադրբեջանի ամեն մի գյուղերում, որտեղ ապրում են լեզգիներ, հայեր, քրդեր, եզդիներ, թալիշներ եւ
այլն... Բայց Ադրեջանում չեմ տեսել մի ոչ ադրբեջանցի, որը ադրբեջաներեն չխոսեր: Բոլորը խոսում են, նույնը եւ Հայաստանում հույները, եզդիները, ասորիները, բոլորը խոսում են հայերեն: Հարց է ծագում` ինչո՞ւ այնտեղ, բայց Վրատանում` ոչ: Կրկնում եմ` ես ուզում եմ, որ հայը լինի ամեն տեղ լիարժեք քաղաքացի, այդ թվում եւ Վրաստանում:
«ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ
ԵՐԲԵՔ ՊԱՍԻՎ ՉԻ ԵՂԵԼ»
-Վրաստանում թեպետ հայերը մեծ թիվ են կազմում, սակայն կառավարական օղակներում այդքան էլ ընդգրկված չեն, ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված:
- Նրանք, ովքեր բողոքում են, իմ կարծիքով առաջին հերթին պետք է խոսեն ոչ թե բարձր պաշտոնների, այլ գործազուրկների աշխատանքի ապահովելու հարցով մտահոգվեն:
- Ի դեպ, Հայաստանում հաճախ քննադատվում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը, թե խիստ պասիվ է գործում: Համամի՞տ եք:
- Վրաստանում ՀՀ դեսպանատունը երբեք պասիվ չի եղել: Դուք նկատի ունեք պասիվությունը` համայնքի հետ աշխատելո՞ւ ուղղությամբ:
- Նաեւ այն, որ շատ հարցերում դեսպանատունը զերծ է մնում գնահատականներ ու հայտարարություններ հնչեցնելուց:
- Երբեք Վրաստանում ՀՀ դեսպանատունը չի եղել զերծ, եթե ինչ-որ հարց է ծագել, հիմնախնդիր է եղել կամ միջադեպ, շատ ակտիվ է եղել:
- Իսկ Սպորտի եւ երիտասարդության նախկին նախարար Յուրի Վարդանյանի` Վրաստանում ՀՀ դեսպան նշանակվելու վերաբերյալ ի՞նչ կասեք:
- Եթե ինչ-որ մեկը փնտրում է միայն վատը, թող փնտրի ու ասի, թե ինչ անբախտ ժողովուրդ ենք: Իսկ եթե ուզում են իրական պատկերն իմանալ, թող կարդան Յուրի Վարդանյանի կենսագրությունը: Նա գրեթե 10 տարի ապրել է ԱՄՆ-ում, գիտի արեւմտյան արժեքները, ինչպես նաեւ անձամբ գիտեմ, որ վրաց ծանրամարտիկների ու մարզիկների, որոնք Վրաստանում մեծ ազդեցություն ունեն, նրա լավ ընկերներն են ու իրեն շատ են սիրում: Յուրի Վարդանյանը Լոս Անջելեսում եղել է մի քանի հայկական կազմակերպությունների նախագահ: Իհարկե, դեսպանի համար առաջին հերթին Վրաստան-Հայաստան պետական հարաբերություններն են, բայց կարեւոր տեղ է գտնում այդ հարաբերությունների մեջ նաեւ հայ համայնքի հետ աշխատելը: Այս պարագայում, մարդը, որը աշխատել է ԱՄՆ-ում հայ համայնքի հետ, գիտի հայի հիմնախնդիրները, կարող է իր գործունեությունը լավագույն իրականացնել: Հատկապես կրկնում եմ` Յուրի Վարդանյանը գիտի արեւմտյան արժեքները, եւ գաղտնիք չէ, որ Վրաստանն էլ նայում է դեպի Արեւմուտք...
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՃԻՇՏ Է ՎԱՐՎՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՈՐ ՎԱՐՎՈՒՄ Է»
-Իսկ Հայաստանը նայում է ճիշտ հակառակ ուղղությամբ:
- Այդքան էլ այդպես չէ, Հայաստանը ճիշտ է վարվում, ինչպես որ վարվում է:
- Ձեր կարծիքով` Եվրամիությանն ու Եվրասիական միության հակադրությունը չի՞ խոչընդոտի հայ-վրացական եղբայրությանը:
- Իհարկե` ոչ: Համարենք, որ մի եղբայրը բիզնես ունի Նյու Յորքում, մյուսը` Մոսկվայում, դա մեր հարաբերություններին ինչպե՞ս կարող է խանգարել: Կարող եմ վստահ ասել, թող ոչ ոք, ովքեր ծրագրում է ինչ-որ սադրանքներ, չերազեն, որ հայերն ու վրացիները երբեւիցե կարող են բախվել կենցաղային կամ ուրիշ հողի վրա: Վատ ցանկացողները շատ են մեր շրջապատում, մենք չպետք է ջուր լցնենք թշնամու ջրաղացին:
- Սեպտեմբերի 1-ից արտասահմանյան բոլոր երկրների քաղաքացիների համար Վրաստանը սահմանելու է վիզային ռեժիմի նոր կարգ: Խոսակցություններ կային, որ Հայաստանի քաղաքացիներն էլ բացառություն չեն լինի Վրաստանի համար:
- Չհավատաք այն հայտարարություններին, թե Վրաստանում հարց է բարձրացված Հայաստանի քաղաքացիների վիզաների վերաբերյալ: Ո՞վ է ասում, ո՞վ է ուզում մեզ ճակատ-ճակատ իրար դեմ հանել: Չկա այդպիսի բան: Այնպես որ, թեպետ չի հռչակվում, բայց հայ-վրացական հարաբերություններն ունեն այնպիսի խորը արմատներ, որ ես հանգիստ եմ դրա համար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

