ՄԻՆՉԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՆԴԱՄԱԿՑԵԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ
Արխիվ 12-16ՄԻՆՉԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՆԴԱՄԱԿՑԵԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ
Անցած երկու շաբաթներին դեռ երբ ընթերցողի հետ հանդիպման առիթներ չունեինք, աշխարհում տեղի ունեցան մի շարք կարեւորագույն զարգացումներ: Դրանց հիմական մասը ուղղակի կամ անուղղակի կերպով էական առնչություններ ունեին նաեւ Հայաստանի հետ:ԻՆՉՈՒ ԱԼԻԵՎԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՉԳՆԱՑ
Թվարկված զարգացումներից ամենակարեւորը, անշուշտ, Իլհամ Ալիեւի ջանքերով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած աննախադեպ, այսինքն` 1994թ. Բիշքեքյան զինադադարից հետո չտեսնված սրացումներն էին: Ներկայումս վիճակը մի փոքր կայունացել է, բայց միեւնույն է` դեռեւս հստակորեն տրված չէ այն հարցի պատասխանը, թե ինչու Ադրբեջանին պետք եղավ այդ աստիճան սրել սահմանային իրավիճակը, այն հասցնել գրեթե նախապատերազմյան մակարդակի ու հետո էլ գնալ հանդարտեցման: Չնայած առանձնապես մեծ երեւակայություն պետք չէ այս հարցերի պատասխանները գտնելու համար: Ասենք ավելին` այն, որ Ադրբեջանը գնալու էր սահմանային իրավիճակի սրացման ու որոշակի մակարդակի հասցնելուց հետո կանգ էր առնելու, դեռ ամիսներ առաջ քանիցս կանխատեսելու առիթներ ունեցել ենք: Ավելի կոնկրետ` կարող ենք հիշեցնել, որ նման ՙկանխատեսում՚-հորդորներով, այսինքն` ղարաբաղյան հակամարտության հետ կապված լարվածության մարգարեացումներով քանիցս հանդես եկան Հայաստանում եւ Ադրբեջանում ամերիկյան դեսպանները ու այդ երկրի այլ առանցքային ներկայացուցիչներ: Իմաստը, ավելի կոնկրետ` իմաստներն էլ կարելի է կռահել: Նախ Ուկրաինայի իրավիճակի թեժացման ֆոնին Վաշինգտոնի համար երկնային մանանայի ազդեցություն կարող էր ունենալ հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակի սրացումն ու այդ ուղղությամբ ռուսների ուշադրությունը Ուկրաինայից թեկուզեւ մասամբ շեղելը: Այսինքն` ինչքան թեժ լիներ իրավիճակն այստեղ, այնքան ռուսների համար ավելի վատ:
Ուեթե բանը հասներ ղարաբաղյան երկրորդ պատերազմին, դա հաստատ հնարավորություն կտար Վաշինգտոնին իրականացնել մեր ժամանակների թիվ մեկ երազանքը` ՌԴ-ին ներքաշել մեծ պատերազմի մեջ, ինչին, ի դեպ, կարծես թե նվիրված է ուկրաինական ողջ ողբերգությունը:
Բացի այդ, վերջին ամիսներին ԱՄՆ-ը նաեւ ակնհայտորեն փորձում է գերակտիվացնել հայ-թուրքական հաշտեցման, այսինքն` Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան առանցքի ստեղծման իր հին ծրագրերը, նույն կարգի գործընթացներ է սանձազերծված նաեւ մեր հարեւան Մերձավոր Արեւելքում, եւ այս հսկայածավալ տարածաշրջանը քաոսի վերածելու, պայթեցնելու եւ փլատակների վրա ամերիկյան աշխարհաքաղաքականություն կառուցելու հարցում, ղարաբաղյան հակամարտությունը բավականին հարմար կայծի դեր կարող էր կատարել:
Այլ բան, որ Ալիեւն այդպես էլ կարծես թե մինչեւ վերջ վստահ չեղավ, որ այդ փլատակների տակ չի ոչնչանա նաեւ իր նավթային սուլթանությունը: Արեւմուտքին մերժելը նրա համար դժվար էր, հաշվի առնելով, որ այնտեղ պահվող միլիարդներից, Յանուկովիչի օրինակով, Ալիեւը կարող է զրկվել հաշված րոպեների ընթացքում: Կզրկվեր նաեւ դեպի Թուրքիա գնացող էներգետիկ երակներից, եթե պատերազմը մի փոքր ձգձգվեր ու Ռուսաստանի համար վերածվեր երկրորդ ճակատ դառնալու վտանգի: Հաջողության միայն մեկ շանս կար. կայծակնային հարձակումը: Սակայն այն ձախողված դիվերսիոն փորձերը, որոնք Ադրբեջանն ունեցավ հայ-ադրբեջանական սահմանում, ցույց տվեցին, որ հաղթական կայծակնային պատերազմի շանսերը գրեթե զրոյական են: Ու թե դրանից հետո ինչի մասին խոսեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիեւը Սոչիում, դժվար չէ կռահել, հաշվի առնելով, որ այդ առանձնազրույցից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահը համաձայնեց նաեւ եռակողմ ձեւաչափով հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Բայց նկատենք, որ թեեւ այդ հանդիպումից հետո սահմանային լարվածությունը որոշակիորեն նվազել է, սակայն վերջին օրերին արեւմտյան առանցքային լրատվամիջոցները բառացիորեն անարգանքի սյունին են գամել Իլհամ Ալիեւին: Հիմնական մեղադրանքները դասական ոճում են, թե տեսեք` այս ինչ սուպեր բռնապետ է Ադրբեջանի ղեկավարը: Բայց հաշվի առնելով, որ Ալիեւի սուլթանական հակումները այդ նույն Արեւմուտքը առաջներում գերադասում էր չտեսել, դժվար չէ հասկանալ, որ ներկայիս այս գերուժգին քննադատությունն ընդամենը պատիժ կամ սպառնալիք է, թե ինչու նա հետ կանգնեց ռազմատենչությունից եւ կամ որ պետք է վերադառնալ այդ ուղուն: Չնայած նույն Ուկրաինայի ավերակները կարծես թե բավականին լավ հուշարար են դարձել Ալիեւի համար, թե ինչի կարող է հանգեցնել արեւմտյան հորդորներով պատերազմ խաղալը:
ԵՏՄ-ԻՆ ՀՀ-Ի ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾՎԱԾ ԵՆ
Միեւնույն ժամանակ, նույն Սոչիի հանդիպումը, ավելի ճիշտ` այդ հանդիպման Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան հատվածը ամենեւին էլ միայն Ղարաբաղին չէ, որ նվիրված էր եւ դրա ընթացքում քննարկվել ու լուծում է տրվել այս օրերին Հայաստանի համար կարեւորագույն եւս մեկ խնդրի` Եվրասիական միությանը մեր երկրի անդամակցության հարցին: Համենայնդեպս, այն փաստը, որ այդ հանդիպումից հաշված օրեր անց ՌԴ կառավարությունը հաստատեց Միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի նախագիծը, միանշանակ վկայում է, որ լուծումներն իրոք տրված են եւ, ըստ ամենայնի, առավելագույնը այս տարվա հոկտեմբերին մեր երկիրը կստորագրի անդամակցության պայմանագիրը: Բայց չբացառենք, որ դա կարող է տեղի ունենալ ավելի շուտ, հաշվի առնելով, որ արդեն օգոստոսի 26-ին Մինսկում են հավաքվելու Բելառուսի, Ռուսաստանի եւ Ղազախստանի նախագահները: Ճիշտ է, հիմնական թեման Ուկրաինան է, այսինքն` հանդիպում է լինելու այդ երկրի եւ Եվրոպայի ղեկավարության հետ: Բայց որոշ հանգամանքներ կարող են Ռուսաստանի համար ցանկալի դարձնել, որ այդ հանդիպմանը ներկայանա Եվրասիական միությանն ընդլայնված կազմով, ինչը եւ հավանական է դարձնում այդ հանդիպման նախօրեին Միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրումը, ինչի մասին, ի դեպ, ՀՀ նախագահը եւս ակնարկել էր:
ՙՓՈՍ ՓՈՐՈՂՆ ԻՆՔՆ Է ԸՆԿՆՈՒՄ ԱՅՆՏԵՂ՚
Իսկ թե մինսկյան հանդիպումը ինչ լուծումներ կտա ուկրաինական պատերազմին, այս օրերին կանխատեսումների պակաս չկա: Ընդ որում, մի շարք վերլուծաբաններ մատնանշում են, որ վերջին օրերին ԱՄՆ-ը սկսել է մի փոքր զիջել իր դիրքերը Ուկրաինայում, ինչը բացատրում են ՙփոս փորողն ինքն է ընկնում այնտեղ՚ սկզբունքով: Այսինքն` հարավկովկասյան եւ մերձավոր.արեւելյան ուղղություններում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել փորձող ԱՄՆ-ն այսօր ինքն է հայտնվել այդ նույն երկրորդ ճակատի փաստի առաջ: Խոսքը իրաքյան իրավիճակի շուրջ է, որի մեկ երրորդը, ինչպես հայտնի է, գտնվում է ահաբեկչական ՙԻսլամական պետություն՚ կառույցի տիրապետության տակ: Մի կառույցի, որին Ասադի դեմ կռվելու համար աճեցրեց հենց Վաշինգտոնը, այնուհետեւ ուղղորդեց դեպի Իրաք ու ակնհայտորեն վերահսկողությունից դուրս թողեց: Հենց այն պահին, երբ արագորեն ՙԻսլամական պետության՚ մեջ սկսեցին առանցքային դիրքեր ձեռք բերել Սադամ Հուսեյնի երբեմնի գեներալներն ու զինվորները, որոնք Իրաքի մի մասը գրավելուն պես չհապաղեցին բռնել ու սպանել Սադամին մահապատժի դատապարտած դատավորին` դրանով իսկ ընդգծելով, որ ամենեւին էլ մտադրված չեն տեղավորվել տարիներ շարունակ Իրաքում ԱՄՆ-ի կառուցած խաղի շրջանակներում: Իսկ այն փաստը, որ ՙԻսլամական պետության՚ գրոհայիններն այս օրերին բռնեցին ու ցուցադրական մահապատժի ենթարկեցին ամերիկյան լրագրողին, դա արդեն բաց մարտահրավեր էր Վաշինգտոնին, որից հրաժարվելու դեպքում ԱՄՆ-ն կարող է կորցնել իր միջազգային հեղինակության վերջին պաշարները: Թե դրանից հետո ԱՄՆ-ն ինչ չափով կխրվի արդեն երրորդ իրաքյան պատերազմի մեջ, ժամանակը ցույց կտա: Իսկ այս պահին պարզապես զավեշտի է նմանվում, որ նույն ՙԻսլամական պետության՚ ախորժակը մի փոքր զսպելու համար Վաշինգտոնը նույնիսկ ստիպված է տեղավորվել Ասադի եւ Իրանի հետ միասին բարիկադների նույն կողմում, թեեւ պաշտոնապես ամեն կերպ փորձում է հրաժարվել, որ թեկուզեւ ակամա սիրիական բանակի հետ համատեղ որոշակի ռազմական օպերացիաներ է իրականացնում:
Ահա այսպիսի տարօրինակ իրավիճակում է ԱՄՆ-ը հայտնվել Մերձավոր Արեւելքում, որից հետո պարզ է, որ ուկրաինական իրավիճակի հետագա սրացումներին արձագանքելու հնարավորությունները գնալով կորցնում է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

