Կիեւի Մայդանում երկիր քանդելու երկար ՙստաժիրովկա՚ անցած ակտիվիստ, ՙԵվրոպական ընտրություն՚ նախաձեռնության առանցքային դեմքերից մեկը`
Արխիվ 12-16
Կիեւի Մայդանում երկիր քանդելու երկար ՙստաժիրովկա՚ անցած ակտիվիստ, ՙԵվրոպական ընտրություն՚ նախաձեռնության առանցքային դեմքերից մեկը` ԳԱՅԱՆԵ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ, որ օգոստոսին աչքի ընկավ որպես դավաճանական ՙխաղաղության երթի՚ կազմակերպիչներից մեկը, զարմանալիորեն վերջերս ընկել է... շների թեմայի հետեւից: Ահավասիկ. ՙՆորմալ երկներում ու հատկապես մայրաքաղաքներում շներին ստերիլացնում են, որ չբազմանան ու ականջները դակում են, որ հսկեն: Մեր երկրում անխնա օգտագործում են` հանրային ցուցքերի պահերին դրոշակի կոթ են տալիս ու ուղարկում հուժկու երթերում շարքերի գլխաքանակը համալրելու, իսկ խախանդ ժամանակ ուղարկում են մարդկանց վրա հաչալու, լավ հաչացողներին էլ տեղավորում են Ազատություն ռադիոկայանում եւ այլազան լրատվամիջոցներում՚:
Մենք չգիտենք, թե անձնական կենսագրության որ մի դրվագում է սույն ակտիվիստուհին ոչ այնքան լավ հանգամանքներում առնչվել շների հետ (դա, թերեւս, Ռոբերտ Քոչարյանի հիշատակած ՙուրիշ մասնագետների՚ պարզելիքն է), բայց մեծ էր մեր զարմանքը, երբ տեսանք, որ նա ոչ ավել-ոչ պակաս շան կարգավիճակ շնորհեց իր երբեմնի կուռքին` ԼՏՊ-ին. ՙԽաղաղության երթը համակարգի դեմ հանդես եկող հաստիքով գործող երեւելիների, երկրորդ ԷՇալոնի չքմեղացած ֆունկցիոներների ու հատկապես նրանց դռներին ոսկոր կրծող ոհմակի առանձին անդամների բկին է կանգնել, չեն հանգստանում: Հատկապես ինձ կցված վայրահաչներն արդեն ստիպում են, որ գրեմ... քանի որ արդեն քանի տարի դրանք նույն ձեւակերպումն են մթնոլորտ նետում. ՙԼեւոն պապին ոնց ասի, էնպես էլ պիտի լինի՚, ու քանի որ իմ վրա հաչացողներից ոչ ոքի հետ անձնական խնդիրներ չեմ ունեցել, շատերին նույնիսկ չեմ ճանաչում, նշանակում է, որ իրենց գերագույն տիրոջ հրամանն են կատարում... այսքան մանր տեղում չէի պատկերացնի այդ մարդուն... ցավոք...՚: Բայց ամեն ինչ բարվոք չէ նաեւ խորհրդարանական ոչ իշխանական քառյակում: Այսպես, ԲՀԿ խմբակցության անդամ ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ երկնեց մի միտք, որը թերեւս Արիստոտելի եւ Պլատոնի նախանձը շարժի. ՙՔառյակի ծրագրերում ոչինչ չի փոխվել եւ չի բացառվում 4 առաջնորդների հանդիպումը մինչեւ հանրահավաքը... Քառյակն այդ ամենը կամփոփի սեպտեմբերի վերջին՚: Զարմանալով հանդերձ, չենք կարող հարգելի ոչ իշխանականներին հարց չհղել` հարգելի քաղգործիչներ, դուք ինքներդ չե±ք հոգնել ձեր իսկ փչացած ձայնապնակից: Ախր, ափսոս են ժողովրդի ականջները` ամիսներ շարունակ նույն, ոչ մի ռեալ հետեւանք չունեցող եւ երկրին ոչ մի օգուտ չբերող պարզունակ կարգախոսները լսելու: Մի±թե ձեր մեջ նորարարներ չկան: Թե կհանգեցնեք մի իրավիճակի, որ ժողովրդական խոսքը կվերափոխվի ու կհնչի նորովի` կարմիր քառյակը կաշին չի փոխում:
Մեզ հաճելիորեն զարմացրեց ՀՀԿ-ի երիտասարդական թեւի ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ` զինծառայող ունեցող ամեն մի տան լուսամուտից ՀՀ պետական դրոշը կախել, որպեսզի ամեն մի անցորդ տեսնի` այս տունը զինվոր է տվել: Անշուշտ, վատ չի լինի, կարելի է նախաձեռնությունը զարգացնել եւ կատարելագործել: Բայց, այնուամենայնիվ, նախաձեռնությունը մի զարմանալի հարցադրում օդում թողնում է` իսկ ինչպե±ս անել, որ հանրությունը կարողանա միանգամից տեսնել նաեւ այն տները, ուր զորակոչից ՙշուստրիաբար՚ խուսափածներ կան: Օրինակ, միգուցե երիտասարդները հանձն առնեն այդ տների լուսամուտներից, ասենք, փամփերսներ կախեն: Ինչեւէ, բոլոր դեպքերում լավ է, որ գնալով ընդարձակվում է այդ միտումը` ձեւեր գտնել առանձնացնելու, շեշտելու, հարգելու հայ զինվորին: Մի քանի օր առաջ շատ հաճելի էր, օրինակ, թիվ 71 երթուղայինում տեսնել վարորդի կողմից ամրացված ցուցանակը. ՙՀայ զինվորին սպասարկում եմ անվճար՚: Դե ինչ, ինչքան շատ լինեն պոզիտիվ լուրերը, այնքան լավ:
Ինչքան էլ զարմանալի լինի, բայց երբեմն պոզիտիվ բաներ մեզ մատուցում են եւ թշնամի ԱԴՐԲԵՋԱՆԻ որոշ գործիչներ: Դե, մազութային սուլթանատի բռնապետ Իլհամ Արձանիչի մասին չենք էլ խոսում` նա մեր հավերժական ուրախությունն է: Բայց, օրինակ, վերջերս մեզ զարմացրեց քաղաքագետ Մուսաբեկովը` հայտարարելով. ՙՀայերը Լեռնային Ղարաբաղի հարցին մոտենում են որպես հաղթող կողմ՚: Բնականաբար, նրա արձանագրածը փաստ է, որը մեզ համար ոչ մի նորություն չի պարունակում, բայց ինչ արձագանք դա կտա Ադրբեջանում: Հիմա ինչ, քաղաքագետի մոտ պահի տակ ուղեղի պայծառացում է եղել, թե նա խելքը թռցրել է ու այդ պատճառով է ճշմարտությունը ասել: Չէ որ, ինչպես ասում է ժողովուրդը, ճշմարտությունն իմանալու համար դիմիր կամ գժին, կամ ճժին:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

