ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԵԶԴԻՆԵՐԻ ԴԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՔՈՒՄ
Իրաքի հյուսիսում եզդիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությամբ հանդես է եկել ՙՍահմանադրական իրավունք միություն՚ կուսակցությունը: Հայտարարության մեջ ասված է, որ աշխարհի բոլոր առաջադեմ ուժերը, միջազգային կազմակերպությունները ու պետությունները պետք է դատապարտեն իսլամիստների կողմից եզդի ժողովրդի դեմ, ինչպես նաեւ Իրաքի քրիստոնյաների դեմ սանձազերծած ցեղասպանությունը:
Նույն կերպ ծայրահեղ իսլամիստները, քրիստոնյաների ցեղասպանություն էին իրականացնում Իրաքի հարեւան Սիրիայում, որի ամենացայտուն դրսեւորումներից էր հայերի դեմ գործողությունները Հալեպում եւ Քեսաբում: Նշվում է, որ ծայրահեղական իսլամիստական կազմակերպությունները, Թուրքիայի կողմից ստանում են ֆինանսական եւ ռազմատեխնիկական օգնություն, Թուրքիայի տարածքում ունեն ճամբարներ: Եվ հենց Թուրքիան է, որ իսլամիստ ահաբեկիչների ձեռքով փորձում է տապալել Սիրիայի կառավարությանը, ինչպես նաեւ հարվածներ հասցնել Մերձավոր Արեւելքի քրիստոնեական եւ հատկապես հայկական համայնքներին, եզդիներին, քրդերին: ՍԻՄ-ը հիշեցնում է, որ Սիրիայի կառավարության դեմ պայքարող իսլամիստ ծայրահեղականները ստանում էին նաեւ ԱՄՆ-ի եւ եվրոպական որոշ երկրների ռազմական, ֆինանսական եւ դիվանագիտական աջակցություն: ՙՊետք է հատուկ ընդգծել, որ հյուսիսային Իրաքում տեղի ունեցող եզդիների ցեղասպանությունը կատարվում է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի նախաշեմին, եւ Արեւմտյան Հայաստանի հարեւանությամբ գտնվող տարածքներում: Եթե իրեն քաղաքակիրթ համարող աշխարհը ժամանակին կանխեր կամ գոնե այժմ դատապարտեր Հայոց ցեղասպանությունը, ապա աշխարհը չէր կանգնի նորանոր ցեղասպանությունների կատարված փաստերի առջեւ՚,- ասված է հայտարարության մեջ: ՍԻՄ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ