ՎՐԱՍՏԱՆԸ՝ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՂԲԱՆՈՑ, և ՄԵՐ ԴԱՎԱԴԻՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Արխիվ 12-16ՎՐԱՍՏԱՆԸ՝ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՂԲԱՆՈՑ, և ՄԵՐ ԴԱՎԱԴԻՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ
ԾՐԱԳԻՐԸ
Օգոստոսի 19-ին Նախիջևանում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև ռազմական նոր կառույցի ստեղծելու գաղափարը: Քաղաքագետ Լևոն Շիրինյանը «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ այդ կառույցն ուղղված է Հայաստանի դեմ. «Վրաստանի վարչապետը եկել է Հայաստան, կմկմացնում է, որ ասում են գող, սիրտը՝դող: Հայաստանի հաշվին անընդհատ Թուրքիայի հետ լավանում են: Իրենց երկիրն էլ դարձրել են թուրքական աղբանոց: Վրաստանը միշտ էլ թաքնվել է Հայաստանի հետևում»:
Օգոստոսի 19-ի հանդիպումով Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան քաղաքագետի խոսքով վերահաստատում են 1921 թ-ի մարտի 16-ի պայմանագիրը, որի պատճառով մենք հայտնվել ենք այս վատ վիճակում:
Ռազմական նոր դաշինքը, ըստ Շիրինյանի, ուղղված է նաև Ռուսաստանի դեմ: Ախլաքալաքում գործող ռուսական ռազմաբազան վերագործարկելու են վրացիները՝ այն դարձնելով ռազմական ուսումնական կենտրոն: Այդ կառույցն առաջին հերթին ուղղված է լինելու ջավախահայության դեմ՝լռեցնելու համար:
Ռազմական նոր դաշինքի ստեղծումը ուղղված է նաև Գյումրու ռուսական ռազմաբազայի դեմ, հետևաբար նաև Ռուսաստանի դեմ: Լ. Շիրինյանը կարծում է՝ մեր հարևանները սարսափում են հայ-ռուսական համագործակցությունից Անդրկովկասում: «Եթե Հայաստանն ու Ռուսաստանը միջոցներ ձեռք չառնեն, ապա կհայտնվենք խորը շրջափակման մեջ»,- ասաց Շիրինյանը՝ հավելելով, որ Իրանը ևս պետք է մտահոգվի ռազմական այս նոր դաշինքի ստեղծումից:
Քաղաքագետը վստահեցնում է՝ հայկական բանակի հակահարվածները Ադրբեջանի դիվերսիոն գործողություններին ստիպեցին Վրաստանին, Ադրբեջանին, Թուրքիային, անգամ Ռուսաստանին հաշվի նստել Հայաստանի հետ: Պատահական չէ, որ Մեդվեդևը սեպտմեբերին պաշտոնական այց ժամանելու է Հայաստան:
Արտաքին քաղաքական խնդիրներին զուգահեռ՝ իշխանությունները պետք է մտածեն արտագաղթը, կոռուպցիան, սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու մասին, քանի որ «սոված ու անարդարություններ տեսնող մարդը չի կարող միշտ երկիր պահել»:
Սոնա Դավթյան

