ԲԱՐԴԱԿՉՅԱՆՆ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ Է «ԲԱԺԱՆԻՐ, ՈՐ ՏԻՐԵՍ» ՍԿԶԲՈՒՆՔՈ՞Վ
Արխիվ 12-16ԲԱՐԴԱԿՉՅԱՆՆ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ Է «ԲԱԺԱՆԻՐ, ՈՐ ՏԻՐԵՍ» ՍԿԶԲՈՒՆՔՈ՞Վ
Երեկ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում քննվեց Երեւանի Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահ Լեւոն Բարդակչյանի հայցը` ընդդեմ «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի: Հայցի հիմքում ընկած է վիրավորանք եւ զպարտանք, որը իբրեւ հասցրել է թերթը այն հոդվածով, որտեղ հանդես է եկել ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգեւորական Հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանի` ասելով, որ Լ. Բարդակչյանը նողկալի հայտարարություն է արել: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Լեւոն Բարդակչյանը մի շարք մեղադրանքներ էր հնչեցրել Հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանի հասցեին, ինչն այսօր փորձում է հերքել: Թե որքանով է իրեն հոգեւոր գործիչ համարող Բարդակչյանին հարիր սուտ վկայություն տալը, թողնում ենք առանց մեկնաբանության, իսկ ամիսներ առաջ տեղի ունեցածի, ինչպես նաեւ Ավետարանական եկեղեցու գործունեության ուշագրավ դրվագների մասին «Իրավունքը» զրուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդյաց տների տնօրեն-տեսուչ ՀԱՅՐ ԿՈՄԻՏԱՍ վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆԻ հետ:
- Հայր Սուրբ, երեկ տեղի ունեցած Երեւանի Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահ Լեւոն Բարդակչյանի ընդդեմ «Իրավունք» թերթի դատական առաջին նիստից հետո, «Իրավունքի» հետ զրույցում Լ. Պարդագճյանը նշել է, թե ամիսներ առաջ Ձեր հասցեին որեւէ հայտարարություն չի արել:
- Ինչպե՞ս չի արել, երբ ինքը պաշտոնապես հայտարարել է, որ Հայր Կոմիտասի հեռուստաեթերից հետո ինչ-որ մի երիտասարդ դանակը ձեռքին մտել է իրենց գրասենյակ եւ հարցրել է` ո՞ւր է Բարդակչյանը, ես նրան պիտի սպանեմ: Եվ այդ տղային հազիվ են հանգստացրել, սուրճ են տվել, որ խմի: Սուրճից հետո հանգստացել, թողել ու գնացել է: Իսկ երկրորդ դեպքը այն է, որ երկու կամ երեք անծանոթ անձինք մեքենայով հարձակվել են իր քարտուղարուհու վրա ու նույն պատճառով: Բարդակչյանն ասել է, որ Հայր Կոմիտասի աղանդների դեմ խոսելու պատճառով մարդիկ գրգռված հարձակվում են իրենց վրա: Այս մասին պաշտոնապես կա գրված մամուլի բազմաթիվ հրապարակումներում:
- Այդ դեպքում ինչո՞ւ Լ. Բարդակչյանի հնչեցրած մեղադրանքների համար ժամանակին չդիմեցիք դատարան:
- Ես եթե այդպիսի հարցով զբաղվեմ, պետք է սկսեմ ամեն մեկին դատի տալ, ով «Ֆեյսբուքում» իմ հասցեին վատ բան է ասում: Ես պաշտոնապես պատասխանեցի ոչ թե իրեն, այլ գրությամբ եւ վերջացրեցի իմ խնդիրը, որովհետեւ կարիք չունեմ դատարկաբանությամբ ժամանակս վատնելու: Եթե այդպես լինի, առավոտից գիշեր պետք է սրան-նրան դատի տամ:
«ԱՄԵՆ ՀԱՐՑՈՒՄ ՄԵՆՔ ՏԵՍՆՈՒՄ ԵՆՔ ԻՐԵՆՑ ԶԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ»
- Ի դեպ, երեկ Լ. Բարդակչյանը ոգեւորված խոսում էր, թե ամենաազգօգուտ գործունեությունն իրենց կառույցն է կատարում…
- Նախ ես` անձնապես, հականե-հանվանե, Ավետարանական կամ Ավետարանչական եկեղեցու մասին երբեք չեմ խոսել, այլ խոսել եմ ընդհանուր աղանդների մասին, այսինքն` բոլոր այն կառույցները, որոնք հավաքականությունը բաժանում են, դրանք կործանում են ազգին: Ազգի պառակտումը ստացվում է «բաժանիր, որ տիրես» սկզբունքով: Եթե Ավետարանը նույն Աստվածաշունչն է, ինչո՞ւ մենք չփորձենք ինչ-որ տեղ լեզու գտնել կամ հասկանալ: Իսկ եթե նույնիսկ իրենք ուզում են էկումենիկ շարժմամբ առաջնորդվել թող ժողովրդին պարզապես քրիստոնեությունը սովորեցնեն եւ ոչ թե աղտոտ շինական ռիթմերով արարողություններ երգել սովորեցնեն կամ այսօր էլ անբարոյականություն սերմանեն, ինչպես արել է Ավետարանական եկեղեցին: Իրենց իսկ վերապատվելի Միքայելյանի հայտարարությամբ` իրենք տարել են ճամբար երեխաներին եւ սեռական կամ պոռնոգրաֆիկ ֆիլմեր են ցույց տվել 9-16 տարեկան երեխաներին: Նշեմ, որ սա իրենց իսկ հոգեւոր եղբոր հայտարարությունն է:
- Էլ չասենք, որ վերամկրտություն են իրականացնում…
- Նախ իրավունք չունեն: Համաձայն էկումենիկ շարժման, մի եկեղեցու կատարած մկրտությունը մյուս եկեղեցին պարտավոր է ընդունել: Իսկ իրենք բոլոր անդամներին վերամկրտում են` ասելով, թե եթե դուք մեզ մոտ չվերամկրտվեք, չեք կարող երկնքի արքայություն մտնել: Այնպես որ, ամեն հարցերում մենք տեսնում ենք իրենց զեղծարարությունը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

